23 Նոյեմբեր, Շբ
Եկան մի քանիսը հայր Աղաթոնի մոտ` լսած լինելով նրա մասին, թե մեծ դատողություն ունի, և կամեցան փորձել նրան և տեսնել, թե կբարկանա՞: Ասացին նրան. «Աղաթո՛ն, լսել ենք քո մասին, թե պոռնիկ ես և ամբարտավան»: Եվ նա ասաց. «Այո՛, այդպես եմ որ կամ»: Դարձյալ ասացին նրան. «Դու, Աղաթո՛ն շատախոս ես ու բանսարկու»: Եվ նա ասաց` այո՛: Դարձյալ ասացին նրան. «Դու, Աղաթո՛ն, հերձվածող ես», իսկ նա ասաց. «Ո՛չ, հերձվածող չեմ»: Եվ աղաչեցին նրան ու ասացին. «Այդքան բան ասացինք քեզ և նախատեցինք, իսկ դու համաձայնեցիր, այդ մի բանին ինչո՞ւ չհամբերեցիր»: Ասաց նրանց հայր Աղաթոնը. «Առաջինները, որ ասացիք, նայելով ու քննելով ինքս ինձ` օգուտ քաղեցի, իսկ հերձվածողը բաժանումն է Աստծուց, իսկ ես չեմ կամենում բաժանվել Աստծուց»: Եվ նրանք զարմացան նրա դատողության վրա և հեռացան խնդությամբ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016