25 Նոյեմբեր, Բշ
Հարցրեց հայր Պիմենը հայր Հովսեփին և ասաց. «Եթե չար խորհուրդ այցելի ինձ, ի՞նչ անեմ. ընդդիմանա՞մ` նախքան ներս մտնելը, թե՞ թույլ տամ ներս մտնի»: Ասաց ծերը նրան. «Թո՛ւյլ տուր նախ ներս մտնի, հետո պայքարի՛ր դրա դեմ»: Եվ երբ վերադարձավ Սկիտե և նստեց իր խցում, եկավ ոմն ծեր թեբայեցի և ասաց եղբայրներին. «Հարցրի հայր Հովսեփին և ասացի` եթե աղտեղի խորհուրդ այցելի ինձ, թողնե՞մ ներս մտնի: Եվ նա ասաց. «Բնավ թույլ չտաս մերձենա քեզ և չթողնես ներս մտնի, այլ իսկույն հեռացրու քեզնից»: Եվ երբ լսեց հայր Պիմենը, թե այսպես ասաց Հովսեփը այն թեբայեցուն, իսկույն վեր կացավ և գնաց Պանեփուտ` հայր Հովսեփի մոտ, և ասաց նրան. «Հա՛յր, ես քեզ պատմեցի իմ խորհուրդները, և դու ինձ ուրիշ պատասխան տվեցիր, իսկ թեբայեցի եղբորը` ուրիշ»: Ասաց նրան ծերը. «Դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»: Եվ նա ասաց. «Այո, այդպես է»: Եվ ծերն ասաց. «Դու ինքդ ասացիր` ինչպես քո անձին կասեիր` այդպես և ինձ ասա»: Պատասխանեց հայր Պիմենը և ասաց. «Արդարև այդպես է»: Ասաց ծերը. «Արդ, ես քեզ ասացի` ինչպես իմ անձին. եթե թողնես ներս մտնի այդ խորհուրդը և պատերազմես նրա դեմ, առավել զորավոր և հաղթող կլինես: Սա կատարյալների և փորձվածներին ուղին է: Իսկ անփորձներն ու տկարները բնավ չպետք է թույլ տան, որ աղտեղի խորհուրդները մոտ գան, այլ պետք է իսկույն փախուստ տան դրանցից և հեռու վանեն իրենցից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016