Մի կույս ծերին ասաց. «Շաբաթվա վեց օրը պահեցողություն եմ անում և բերանացի սովորել եմ Հին և Նոր կտակարանները: Էլ ի՞նչ է մնում, որ անեմ»: Ծերը նրան ասաց. «Կարո՞ղ ես անարգանքն իբրև պատիվ ընդունել, զրկանքը` իբրև շահ, սիրել օտարին՝ ինչպես արյունակցիդ»: Ասաց. «Ո՛չ, հա՛յր»: Ծերն ասաց. «Դա է կատարելությունը. իսկ դու ո՛չ վեց օրն ես պահել, ո՛չ Գրքերն ես սովորել, այլ դու միայն ինքդ քեզ ես խաբում: Գնա՛ և տքնի՛ր, քանզի դու դեռ չես տքնել, որովհետև՝ ով իր անձը կամավոր վշտերի է ենթարկում, հավատում եմ, որ նա վկաների հետ է դասվում, և արյան փոխարեն Աստված նրա արտասուքներն է ընդունում, որ կամովին նախատինքների մեջ ընկնելով և արհամարհանքների արժանանալով` արտասվում է աստվածահաճո արտասուքներով, որոնք հեզ և հանդարտ սրտից են բխում: Ա՛յդ արա և կապրեցնես քո անձը»: Եվ երբ այդ լսեց կույսը` մեծապես շահեց և ուրախությամբ գնաց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016