Այսօրվա գերծանրաբեռնված ժամանակաշրջանը բազմաթիվ ճանապարհներ է առաջարկում մարդուն, որոնք շատ հաճախ խճճում են նրան՝ ինքնաճանաչողության մեջ խոչընդոտ հանդիսանալով: Դարեր ի վեր սրբակենցաղ անձանց վարքը փաստում է, որ ինքնաճանաչողության ուղին սկիզբ է առնում դեպի Աստված տանող ուղուց: Այդ ուղին օգնում է մարդուն բացահայտելու և առատացնելու այն շնորհներն ու կարողությունները, որ պարգևել է իրեն Աստված: Եվ գործածել պարգևածը, ըստ կարողության, ժամանակի և ուժի ներածին չափով, ոչ միայն կենդանացնում և զվարթացնում է մարդու հոգին, այլ դառնում է Արարչին ուղղված երախտիքի և փառաբանության մեծագույն արտահայտություն: Եկեղեցական համայնքներից ներս գործող սոցիալական ծրագրերն Աստծո պարգևածը գործածելու, գնահատելու և Արարչին փառաբանելու ամենավառ արտահայտությունն են:
Սեպտեմբերի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դրամական օգնություն (50 000 դրամ) հանձնեց Բաբայան Արևիկին (22 տ.), որ տրամադրել էր համայնքի անդամ Անի Բաղդասարյանը: Երիտասարդ կարիքավոր ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Արտաշատ քաղաքում: «Մեկ ամիս է, ինչ ամուսինս մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Մինչ այդ ամուսինս աշխատանք ուներ և կարողանում էինք հոգալ մեր կարիքները, բայց իրեն աշխատանքից հեռացրեցին այն պատճառով, որ առողջական խնդիր ուներ և երկու ամիս ի վիճակի չէր եղել աշխատելու»,- ասաց Արևիկը:
Ընտանիքի մայրը նշեց, որ այժմ ճարահատյալ իր երեք զավակների հետ միասին բնակվում է մայրիկի տանը՝ Արտաշատի տարածաշրջանի Այգեզարդ գյուղի Շիրվանզադե փ. 20 հասցեում, քանի որ միայն ընտանեկան նպաստով չի կարող տան ու կոմունալ վարձերը վճարել և մյուս կարիքները հոգալ: Արևիկն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին՝ ուշադրության և հոգածության համար:
«Քանզի Աստված Իր շնորհը հայտնեց, որպեսզի բոլոր մարդիկ փրկվեն: Այդ շնորհը մղում է մեզ, որ հեռանանք անհավատ կենցաղից և աշխարհիկ ցանկություններից, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, արդարությամբ ու բարեպաշտությամբ և հույսով սպասենք այն երջանիկ օրվան, երբ մեր Աստվածն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, կհայտնվի Իր փառքով, որովհետև Քրիստոսն Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ ազատի մեր բոլոր անօրենություններից և մաքրելով մեզ դարձնի իր սեփական ժողովուրդը՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտոս 2:11-15):
Կարինե Սուգիկյան