«Բոլորդ էլ Աստծո որդիներ եղաք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին: Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որով Աստծուն կոչում ենք «Աբբա», այսինքն՝ «Հայր»: Ուստի դուք այլևս ծառա չեք, այլ որդի, և քանի որ որդի եք, ապա ժառանգելու եք Աստծու խոստումը» (Գաղատացիներ 3:26, 4:6-7): Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ մեծ պատիվ է Աստծո որդի լինելը, Նրան Հայր անվանելը՝ անվերջ վայելելով Նրա անսպառ օրհնությունն ու ողորմությունը: Ինչպես երեխան է նմանվում իր ծնողներին և նրանցից օրինակ վերցնում, այդպես էլ Աստծո որդիներն են փորձում նմանվել իրենց Երկնային Հորը: Աստվածնմանությամբ ապրել՝ նշանակում է ապրել սիրո մեջ, շտապել հետևելու Հիսուս Քրիստոսին, անցնելու համար այն սիրո արահետով, որ դեպի Սիրո Թագավորություն է տանում: Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ քրիստոնյայի համար անհամեմատելի մի առավելություն է աստվածնմանությունը:
Աստվածնմանության ճանապարհին աստվածային մեծ ընտանիքի անդամներից՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակները, աշխարհի, որ ծայրում էլ լինեն, մեկը մյուսի հետ շաղկապվում են սիրո այն ամուր կապով, որ ստացել են մկրտությամբ և դրոշմի կնիքով: Ս. Ծննդյան տոնին ընդառաջ Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի և Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի անդամների սիրո համագործակցությունը ուրախություն պարգևեց մի քանի սոցիալապես անապահով ընտանիքների: Այդ ընտանիքներից մեկն էր Թագվորյան ընտանիքը: Դեկտեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Թագվորյան Կարինեին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին «Բարի սամարացիներ» խմբի անդամները: Կարինեն և իր 18-ամյա դուստրը բնակվում են վարձակալությամբ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան փողոցի 3/40 հասցեում: 13 տարի է, ինչ ամուսնու մահից հետո Կարինեն միայնակ է խնամում իր դստերը: Սոցիալապես անապահով ընտանիքի մայրը չի աշխատում, նա 3-րդ խմբի հաշմանդամ է: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց Կարինեի համար: Ընտանիքի մայրն իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձերին:
Կարինե Սուգիկյան