23 Նոյեմբեր, Շբ
Որքան հին է մարդկությունը, այնքան հին է Աստուծո գոյության հայտնությունը նորա մեջ. մարդկության հետ աճել է և նորա գիտությունը, ըստ որում, և այդ գիտության առաջին զբաղմունքը նույնիսկ այդ հայտնությունն է եղել: Աստված է Աստված-ահա այն հայտնությունը, որ հնչում է մարդկության մեջ, և ամենայն կրոնում կա այդ ճշմարտության որևիցե հիմքը, որով մարդիկ կարող էին ընդունակ դառնալ Աստուծուն գտնելու: Այդ հայտնությունը ավանդվում էր որդվոց որդի, և ավանդվածն էլ ներքին հիմքերով ամրանում էր, մնում ու հարատևում յուր զարգացման մեջ: Հետևաբար թե՛ այդ հայտնության հառաջացրած հավատքը և թե՛ այդ հայտնության հետևանքների ուսումնասիրելու ձգտումները տալիս են մեզ Աստուծո գոյության ապացուցության արտաքին կողմը: Նախընթաց հիմնական բացատրությունից հետո հարկ է հառաջանում այս արտաքին կողմի վրա մի առանձին ուշադրություն դարձնել և այդ երկու կետերը ամփոփ ներկայացնել: Ըստ որում, թողնել հավատքն ու նորա բովանդակությունը միմիայն սրտի զգացողության, խորթ համարելով մարդու բանականությունից, այդ նշանակում է ընկնել այն միակողմանի ուղղության մեջ, որ հայտնի է խորհրդականություն (միստիկականություն) անունով: Ընդհակառակն, անուշադիր թողնել սրտի զգացողությունը և միմիայն բանականության, մտքի վերացական ու ձևական մտածողության նյութ դարձնել հավատքի էությունն ու հիմքերը, այդ էլ նշանակում է գլորվել մի այլ միակողմանիության մեջ, որ հայտնի է բանապաշտություն անունով: Մեկ միակողմանիությունը ընկղմում է մարդուն զգացմունքի, իսկ մյուսը` ձևական չոր ու ցամաք մտածողության աշխարհը: Ուստի մեր դավանաբանական ընթացքը, խույս տալով երկու միակողմանիությունիցն էլ, հարակցում է մարդու ներքին իմացությանց նաև արտաքինի ուսումնասիրությունը: «Եկեղեցւոյ Աստուծոյ գործ այն է, զարտաքինսն իրօք ճշմարտութեան (այսինքն` իրականի ուսումնասիրությամբ) առանց Գրոց յանդիմանել, եւ զկարծեալսն ներքինս եւ ոչ ճշմարտեալս` գրովք սրբովք յանդիմանել» (Եզնիկ, էջ 111):
Կրոնը ավելի հին է, քան թե մարդկային պատմությունը, այսինքն` մարդկության հայտնի չէ մի որևիցե անկրոն ժամանակ: Եղել են գիտնականներ, որոնք այժմյան ամենահետին ժողովուրդների կյանքն ևս ուսումնասիրել են և գտել են, որ դոքա ոչ միայն կրոնական հայացքներից զուրկ չեն, այլ մինչև անգամ դոցա նիստուկացն ու հոգևոր հարստությունք որոշ քաղաքակրթության մնացորդներն են անկման շրջանում: Բուն մտքով վայրենի ժողովուրդ չկա մեր աշխարհում: Անկյալ ժողովուրդներին այդպես անվանեցին անխելահաս ճանապարհորդները, որոնց տեղեկությունները մոլորեցրին նաև գիտնականներից ոմանց, կարծել տալով, որ իբր թե վայրենի ժողովուրդները կրոն չունին. սակայն այդ անստույգ հիմքերի վրա վաթսունական թվերին կառուցված անհաստատ եզրակացությունք ցնդվեցան նորանոր գիտնականների վերաստուգությամբ: Այժմ արդեն ճշտված է, որ այդպես վայրենի կոչված ժողովուրդների մեջ կան կրոնական ու բարոյական բարձր գաղափարներ: Աշխարհածովի կղզիներում ապրում են քաղաքակրթված ժողովուրդներ: Երկնավոր Աստուծո անունն իսկ հայտնի է Ափրիկեի բուն ժողովուրդներից շատերի մեջ: Եվ ինչպես որ Կիկերոն, Սենեկա և այլ հեթանոս փիլիսոփաները ասում էին, թե կրոնը միայն մարդուն տարբերում է անասունից, չկա մարդ առանց Աստուծո գաղափարի. պտտում ես աշխարհը` գտնում ես քաղաքներ առանց պարսպի, գիտնականներ առանց օրենքի, առանց հարստության ու դրամի, սակայն երբեք չես գտնիլ մի քաղաք առանց աստվածների, առանց բագնի, աղոթքի ու զոհի, առանց երդման ու բարվո ձգտման. այնպես էլ այժմ ընդհանրացած համոզմունք է, որ չկա ժողովուրդ առանց կրոնի: Ընկած ժողովրդի կրոնական կյանքը պտտում է նախապաշարմունքի, սնոտիապաշտության ու զանազան կախարդությանց մթնոլորտում, ոչ ոք ցայժմ չկարողացավ գտնել մի ժողովուրդ, որ կատարելապես զուրկ լինի նույնիսկ կրոնի այդ ստվերական կողմից: Կրոնի այդ ընդհանրությունը խոստովանում են հայտնի գիտնականք, ինչպես Գերլանդ, Յ. Գ. Մյուլլեր, Մաքս Մյուլլեր, Պեշել, Ա. դը Քատրֆաժ, Տայլոր և այլք: Մինչև անգամ Լուբոկը, 20 տարի առաջ զարգացած կրոն սպասելով վայրենի երկրներում, խոստովանում է, որ կախարդության հավատալը ընդհանուր է նոցա մեջ, որի և կրոն նկատելով` չի կարելի անկրոն ժողովուրդ գտնել:
Բայց դեռ բավական չէ համոզվել, որ աշխարհի բոլոր ազգերը կրոնական կյանք ունին, այս դեռևս ապացույց չէ Աստուծո գոյության, վասնզի պետք է նաև լուծել, թե արդյո՞ք մարդկության կրոնը մի որևիցե այլ պատճառից չէ հառաջացել: Եթե իսկապես մի այլ պատճառից և ոչ Աստուծո հայտնությունից լինի կրոնի հառաջացումը, մենք, անշուշտ, կգտնենք մի այդպիսի պատճառ և կհաստատենք այդ: Սակայն որտե՞ղ որոնենք այդ պատճառը. այսինքն` եթե կա մի այդպիսի պատճառ` կա՛մ արտաքին կլինի և կա՛մ ներքին:
Արդյոք որո՞նք կարող են լինել արտաքին պատճառ:
Ոմանք ասում են, թե պետությունն է կրոն հնարել` ժողովուրդ կառավարելու համար: Այդ չի կարող լինել, զի մենք գիտենք, որ ժողովրդոց մեջ միշտ կրոնը պետությունից բարձր է համարվել: Քահանաների հնարածը չէ, վասնզի քահանաները երևան են եկել հին կրոնի պատճառով: Կրոնը ընտանիքից էլ չէ ծագած, վասնզի անկրոն ընտանեկան կյանք չէ եղած, որ ընտանիքը կրոնի պատճառ եղած լինի: Այլև որևիցե բռնակալ չէր կարող կրոն ստեղծել յուր աշխարհակալության համար, զի բռնակալները կրոնի վրա են հենվել յուրյանց տիրապետության մեջ, ապա թե ոչ` ինչպե՞ս կարող էին նախապես կրոնը տարածել այն երկրներում, որտեղ դեռևս տեր ճանաչվելու պետք ունեին:
Ոմանք կրոնի պատճառ են համարում ոչ թե մարդուն ու մարդկային հաստատությունք, այլ` երկիրն ու նորա հանգամանքները: Բայց մենք գիտենք, որ ոչ թե կյանքի հանգամանքներն են կրոն հառաջ բերել, այլ կրոնն է ձևակերպվել յուրաքանչյուր ժողովրդի կյանքի հանգամանքների համեմատ: Վախն էլ պատճառ չէ, զի վախից մարդը կհիշեր Աստուծուն, եթե արդեն ճանաչում լիներ նորան, իսկ բնության արկածների մեջ նա միայն ապացույցներ է գտնում յուր ճանաչած Աստուծո գոյության: Մահվան վախից էլ չէ կրոնը, զի մարդ, ճանաչելով Աստուծուն, որոնում է նորա հովանին և այդ հայրական հովանու տակ սովորում է պատվել ու հարգել յուր մարմնավոր հայրերին ու նախնյաց: Առանց Աստուծո հայրության ոչ մի մարմնավոր հայր ու բարերար չի կարող երախտյաց հարգանքի արժանանալ: Եթե մարդը չճանաչեր Աստուծուն ու նորա գաղափարը չունենար, երբեք ո՛չ կարող էր նորա հովանին որոնել, ո՛չ նորան պաշտել ու ծառայել և ո՛չ էլ կյանքի անկյալ ու մոլար ընթացքի մեջ նորա պատվից բաժին հանել անցավոր բարձրադիր անձանց համար:
Բայց արդյո՞ք ներքին պատճառներ չեն կարող լինել Աստուծո գաղափարի ծագման: Ոմանք, հոգեբանորեն դատելով, զգացմունքն են առաջին պատճառ համարում, որ, իբր թե միանալով երևակայության ու պատկերացման հետ, յուր ծփանքներին գոհացում է տալիս զանազան խաբկանքներով: Սակայն մի՞թե կարելի է ընդունել խաբկանքի գոյությունը մի այդպիսի էական հարցում. մի՞թե կարելի է ենթադրել, որ մարդկությունը խաբվի, մարդ գոհ մնա խաբկանքով և ինքնահնար մտապատկերներով մի այդպիսի կենսական խնդրում: Խաբկանքից կհառաջանա կեղծ կրոն և ոչ իսկական կրոն: Երևակայության ծնունդը տեսնում ենք երեխայության ժամանակ, որոնք հետո թողնում ենք, մինչդեռ ամենալուսավորված ազգերը ամենից լավ հավատացողներն են:
Եվ իրա՜վ. մանկությունից մարդ ձգտում է իմանալ ամեն բանի ուստի՞ն, ո՞ւրը, ինչո՞ւն և ինչպե՞սը, ամենայն պատճառ չէ գտնում, որոնելով նա հասնում է այն բարձր էակին, որին ճանաչում է բոլոր երևույթների պատճառ: Երբեմն նա ընկնում է առասպելաբանության մեջ, որում իսկապես այդ պահանջը անորոշ է մնում, և այդ գաղտնիքը` չլուծված, զի ինչպե՞ս կարող է մարդ լուծել պատճառականության գաղտնիքը, եթե նորան հայտնված չլիներ Աստուծո գաղափարը: Կրոնական մտածողությունը ժողովրդական բնազանցություն է, որով ժողովուրդը ձգտում է տեսանելի աշխարհի և յուրյան հայտնի Աստուծուն մեջ գտած կամ հարցասիրած գաղտնիքը լուծել: Այդ ձգտումն է ներկայացնում առասպելաբանության մեջ: Այդ բնազանցության մեջ մարմիններն իսկ երևում են մարդուն ոգևորված, իսկ այդ այդպես չէր լինիլ, եթե մարդ ինքը հոգի չունենար և բացարձակ հոգու բացարձակ զորության մասին գաղափար ստացած չլիներ: Աշխարհը Աստուծո ստեղծածը չէր համարվիլ, եթե հոգևորը չճանաչվեր իբրև ամենաբարձրը:
Տեսնելով, որ այդ վերոհիշյալ պատճառը անկայուն է, ոմանք ուզում են միմիայն միտքը կրոնի պատճառ համարել: Եթե այդ այդպես է, պետք է միտքը կամ աշխարհի վրա ձեռք բերած հայեցողությամբ և կամ առասպելաբանությամբ կրոն ծնած լինի. մինչդեռ աշխարհայեցողությունը պատճառ չէ կրոնի, վասնզի կրոնը ոչ բնության աստվածացումով և ոչ էլ տիեզերքի վրա դատելով է հառաջ եկել. առասպելաբանությունն էլ պատճառ չէ, զի առասպելաբանությունը կրոնի մոլորումն է, որով մարդ փորձել է Աստուծո կյանքը մարդու նմանությամբ ներկայացնել` նորա գաղտնիքը լուծելու համար: Մարդ որքան էլ հետազոտեց, յուր հարցասիրության գոհացումը կամ պատասխանը հավատքի մեջ գտավ, որ ամենահինն է և ամենավերջինը. առասպելաբանությունը կորավ, իսկ կրոնը մնաց նույնիսկ ամենալուսավորված ազգաց մեջ:
Ուրեմն կրոնը լոկ մտքից չէ. բարոյականությունը մեծ դեր է խաղում նորա մեջ. բարոյական ու կրոնական անկումը եղել է նույնիսկ ամենագիտուն համարված ժամանակներում: Եթե լոկ միտքը լիներ մարդուն կրոնի ենթարկած, այն ժամանակ երբ ժողովուրդը փոխում էր յուր աշխարհայեցողությունը, պետք է ընկներ և նորա կրոնը, որ երբեք եղած չէ: Հավատքը լոկ մտքից չէ ծագում. չէ՞ որ «զյիմարս աշխարհիս ընտրեաց Աստուած, զի յամօթ արասցէ զիմաստունս» (Ա Կորնթ., Ա 27):
Կրոնը կապված է մարդու ամբողջ հոգու և ոչ թե նորա մի կարողության հետ, և եթե կամենանք մի որևիցե սոսկական պատճառ գտնել կրոնի ծագման, կսխալվինք, վասնզի բոլոր կրոնների էությունն է այն ձգտումը, որով աշխատում են ի վերուստ հայտնված և յուրաքանչյուրի հոգու մեջ վարսված անհասանելի գաղափարն իմանալ: Այդ ձգտումն է, որ ընդհանրապես կոչվում է սեր դեպի Աստված:
Կրոնի ծնողը Աստուծո հայտնությունն է, իսկ նորա հիմքը Աստուծուց կախյալ ու ստեղծված լինելու զգացմունքն է և աստվածային օգնության կարոտությունը. «Ծաներուք, զի նա է Տէր Աստուած մեր: Նա արար զմեզ եւ ոչ մեք էաք, մեք ժողովուրդք եւ խաշն արօտի նորա» (Սաղմ., ՂԹ 3. Ես., ԽԳ 1): Բնության մեջ գիտակցում ենք մեր թուլության, դիմում ենք դեպի Աստված և կամենում ենք հավատալ նորան, որ ամեն ինչ հնազանդեցնում է մեզ: Մարդու հաղթանակը բնության վրա` նորա բարոյական հնազանդությունն է Աստուծո առաջ: Այս զգացմունքը` գիտակցությունն ու կամեցողությունը, զորանում է չարիքի ծանրանալուց և մեր մեղաց դառնությունից: Այդ ամենի գիտակցությունը ծագում է մարդու խղճմտանքից, ներքին և արտաքին մարդու կռվից: Խղճմտանքը վճռահատում է այդ կռիվը, ձայն տալով, որ պետք է դիմենք դեպի բացարձակ ճշմարտությունը մեզ հայտնող Աստվածը, որի տվածը, ըստ ամենայնի, մեզ համար երաշխավորված է:
Ամեն մի ժողովուրդ, ստացած լինելով Աստուծո գոյության ու բարյաց հայտնությունը, կարող է հետադիմել յուր հասկացողությամբ, ընկնել կենսական հանգամանքների փորձության մեջ, յուր չփորձած մոլար ճանապարհներում որոնել ինքյան հայտնի ճշմարտությունները, սակայն վերստին այդ փորձությանց գիտակցության գալ, որ միմիայն Աստվածն է Աստվածը, և ամենայն ճշմարտություն ու բարիք միմիայն նորանից է: Այս մի օրենք է ոչ միայն կրոնում, այլև` պատմական կյանքում. միշտ նախ հանճարն է լինում, որ զարկ է տալիս ազգի հառաջադիմության, և ոչ թե հառաջադիմությունն է հանճար հառաջացնում. բարձրից ընկնելով է հառաջ գալիս ցածրը: Այսպես և քրիստոնեությունը բարձրությամբ գրավեց ազգերին: Բայց և այնպես` որքան էլ մի ժողովուրդ ընկնում է յուր բարձրությունից, յուր քաղաքակրթությունից, նա երբեք չէ հասնում կենդանական վիճակին, նա միշտ որոշում է ինքյան յուր շրջապատող կենդանիներից: Նա միշտ ունի խիղճ, կարեկցություն, աղոթք, մեռելի համար` հոգս, հանդերձյալ կյանքի զգացողություն, մեղքի ճանաչողություն և այլն որևիցե կերպով և աստիճանով, որոնցից կատարելապես զուրկ է կենդանին: Կենդանյաց ընկերական ձգտումն էլ սեռական պահանջի և ինքնապահպանության մեջ է սահմանափակված, որոնց վերանալովը վերանում է և այդ ձգտումը. այդ արդեն կրոնական չէ և ոչ մի նմանություն չունի մարդու ընկերական ձգտման հետ:
Արդ` կրոնը պատմական զարգացմամբ չէ ծագած, կենսական պահանջներից և աշխարհային պատճառներից չէ հառաջ եկած, այլ աստվածային տուրք է, որ անբաժան է մարդու էությունից: Կրոնի մեջ կա թե՛ ներքին տրամադրություն և թե՛ աստվածային ներգործություն, սակայն երկուսն էլ Աստուծուցն է: Բնական կոչված կրոնը նորաբողբոջ կրոն չէ, այլ բարձրից ընկած կրոն է, կրոնի բացասությունն է և մոլորությունն է: Մարդու միտքը երբեմն մոլորվում է` չդիմանալով կյանքի փորձանքներին. նա սկսում է յուր ուժով ձգտել վերստին դեպի բարձրություն, զգում է յուր տկարությունը և վերստին նվիրվում է Աստուծո. հավատքը մտքի պսակն է:
Կրոնը ոչ լոկ բարձր ճշմարտություններ է տալիս, ոչ լոկ բարոյականություն, ոչ լոկ ճանաչողություն և ոչ լոկ կախման զգացողություն, այլ նա պարփակում է յուր մեջ մարդու ներքին աշխարհի այն բոլոր հարստությունք, որոնք բախտավորեցնում են նորան և տանում դեպի աստվածային բարյաց վայելումը: Ուստիև կրոնը անբաժան է մարդուց. մարդու բանականության արտահայտությունը լեզուն է, էության հիմքը` աստվածաճանաչությունը. լեզուն և աստվածաճանաչությունը մարդկության սկիզբն են և նորա հետ հին: Մարդու հոգևոր, բանական կյանքի սկիզբը Աստուծո գոյության գիտակցությունն է:
Բոլոր կրոնների մեջ հիմնական գաղափարները միևնույն են և միևնույն են եղել ամենայն ժամանակ: Բոլոր կրոնների մեջ հառաջ են գալիս միևնույն հիմնական հարցերը, որոնց լուծման համար մարդիկ աշխատել են օգնություն գտնել հավատքից: Աստուծո հայտնությունը ամեն տեղ լույս է սփռել, սակայն ժողովրդոց մոլոր ճանաչողությունն ու մոլորված կամքը խեղաթյուրել է այդ լույսի շողերը: Բայց որքան էլ լույսի շողերը խեղաթյուրվել են, այնով հանդերձ լուսավոր ճշմարտությանց հետքերը աննկատելի չեն մնացել ամենքի մեջ: Բարվո և լավագույնի զգացողությունն ու կամեցողությունը, աստվածային նախախնամության զգացումը, Աստուծո գոյության ուշադրությունը, մանավանդ Աստուծո հաղորդակցության ջերմ փափագը նկատելի է ամեն տեղ, ամեն կրոնի և ամեն ժողովրդի մեջ պարզ կամ բարդ, որոշ կամ աղոտ մտապատկերներով ու հասկացողությամբ: Դիմելով պատմության օգնության կամ թե աշխարհի ներկա կյանքի ուսումնասիրության` միշտ կնկատենք, որ ազգերի կրոնական վիճակը, էապես համապատասխանելով կրոնի գաղափարին, միմիայն արտաքուստ կամ յուր կերպով ու կերպավորությամբ է զարգացել յուր ժողովրդի հոգևոր հառաջադիմության համեմատ: Ընդհանուր պատմական օրենք է, որ յուրաքանչյուր ազգի հառաջադիմության արդյունքները բեղմնավորվում են` միմիայն նորա հոգևոր զարգացման հետևելով: Եվ կրոնն էլ, ճշմարիտ հաղորդակցություն լինելով մարդու և Աստուծո մեջ, այնքան զարգանում է և համապատասխանում յուր գաղափարին, որքան մարդու ներքին և արտաքին կյանքը բարեկարգվում է և ներդաշնակության մեջ մտնում կրոնի ճշմարիտ բովանդակության հետ: Հետևաբար կրոնը իբրև հաղորդակցություն Աստուծո հետ էապես նույն է սկզբից մինչև այժմ, մինչդեռ յուր իրականացումը ստանում է` զարգանալով ու ծավալվելով մարդու և նորա կյանքի մեջ պատմականապես: Որքան ընդարձակ է մարդու ներքին աշխարհը, այնքան ծավալվում, ճառագայթվում է և կրոնը, ըստ որում, և որքան ընդարձակվում է մարդու կյանքը, այնքան բազմապատիկ կերպով է գտնում յուր կենդանացումը նորա ներքին աշխարհի և ապա կրոնի լուսաղբյուրի մեջ:
Այստեղից պարզ հետևում է, որ կրոնը պատմականապես ունի յուր զարգացումը, հառաջադիմությունը և իրականացումը: Այդ զարգացումը ունի յուր դրական ու բացասական ընթացքը: Դրական ընթացքը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ Աստուծո և մարդու միջի հաղորդակցությունը իբրև մի ամուր առանցք մի որոշ ազգի կյանքի էությունն է կազմել և այդ ազգին դարձրել Աստուծո ընտրյալը: Այդ եղել է հրեից մեջ, որոնք գտնվել են Աստուծո հատուկ հայտնության զբաղմունքի և անձնվիրության շրջանում, ուստիև մեղաց գիտակցության մի օրինական հառաջադիմությամբ դեպի կատարելություն դիմել: Մինչդեռ Աստուծո ճշմարիտ հաղորդակցությունից շեղվող և աստվածային հատուկ հայտնությունից խուսափած մարդկությունը մտել է բացասական ընթացքի մեջ և միմիայն յուր ներքին և արտաքին կյանքով զբաղվել ինքնահուսությամբ: Սոքա ձգտել են լոկ աշխարհային երջանկություն վայելել սեփական վստահությամբ և յուրյանց ներքին, հոգևոր կյանքի պահանջներին գոհացումը այնտեղ որոնել ու գտած լինել կարծել, որտեղ լինել չի կարող, քանի որ այնտեղ չէ Աստուծո ճշմարիտ հաղորդակցությունն ու հաղորդակցության ճանապարհը: Նոցա ճանապարհը բացասական ճանապարհ է, որով ընթացող զարգացումն ու հառաջադիմությունն այնքան պետք է շարունակվի, ըստ յուրաքանչյուր ազգի պատմական զարգացման, մինչև որ հասնի բացասականի կատարելագործության: Իսկ այդ բացասական կատարելագործության հետևանքն է փորձածից և ակնկալածից հուսահատություն, ճգնաժամ և ուրեմն դարձ դեպի Աստված հակադիր դրական ճանապարհով: Ըստ որում, հեթանոս աշխարհը, յուր բացասական կրոնով աշխարհի և Աստուծո գաղափարի մեջ ծփալով, բարվո և չարի հակադրությամբ տարուբերվելով և մեղաց անգիտակցության և օրենքի ծանրության տակ տքնելով, առավել և առավել երկպառակվում է, երկվության մեջ տատանվելով, և վերջ ի վերջո պետք է առ Քրիստոս դիմե խաղաղություն ձեռք բերելու համար (համեմատել Բ Կորնթ., Ե 15, 19), զի միմիայն Աստուծով կարող կլինին աշխարհի տերը դառնալ:
Հին հեթանոս աշխարհի մի մասը, հասնելով յուր բացասական ճանապարհի ծայրին, ստացել է յուր կատարումը քրիստոնեության մեջ. իսկ այժմյան հեթանոս աշխարհն էլ, ընթանալով յուր բացասական ճանապարհը, մաս առ մաս, ըստ յուր մասերի` պատմական զարգացման, մոտենում է յուր ճանապարհի վախճանին: Դոցանից նոքա են ավելի մոտիկ յուրյանց ընթացքի լուծման, որոնք քաղաքակրթության բարձր միջոցների գործադրության են հասել, ինչպես է գրական օրենքը: Բացասական կրոնի այդ բարձրության հասել են յոթը կրոններ. - բրահմանականք ու բուդդայականք (հնդիկք), կոնգձեականք ու լավոձեականք (չիները), այժմյան հրեայք, ղուրանականք ու զրադաշտականք: Եվ եթե հիշենք, որ հին հույներն ու հռովմայեցիք, բարձր քաղաքակրթության հասնելով, նախքան յուրյանց բացասական կրոնի գրական կանոնականության մեջ վերածելը լքվելով, մտան ճշմարիտ Աստուծո հաղորդակցության կամ քրիստոնեության մեջ, և համեմատենք այժմյան բացասական բարձրության մոտեցած կրոնների հետ, հայտնապես կտեսնենք, որ մի ազգի ճշմարիտ աստվածապաշտ դառնալուն համար անհրաժեշտ է ճշմարիտ լուսավորության ու քաղաքակրթության ընդունակություն: Իսկ եթե քաղաքակրթության մեջ հզորապես թևակոխող ժոովուրդներ են լինում, որոնք դեռ հարատևում են յուրյանց կրոնի բացասական ընթացքի վրա, այդոր ևս նպաստում են բացառիկ ու ժամանակավոր հանգամանքներ. ինչպես են, զորօրինակ, քրիստոնյա աշխարհում բացասական ճանապարհի արդյունքները թովմայաբար անձամբ փորձող գիտնականաց ուղղությունն ու քարոզությունը: Սակայն ընդհանրապես դարձյալ անուրանալի է, որ քաղաքակրթության ու լուսավորության ընդունակների վրա է իջնում քրիստոնեության լույսը: Այդ երևում է նույնիսկ երկրագնդի բնակչաց վիճակագրությունից, ըստ որում` 1440 միլիոն ժողովրդից հազիվ 440 միլիոնն է քրիստոնեական լույսով վայելում քաղաքակրթության բարգավաճումը, մինչդեռ 1000 միլիոնը դեռևս շարունակում է տքնել ու խարխափել խավարի ճանկերի ու ճիրանների մեջ:
Արշակ Տեր-Միքելյան
«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից