Մի աղջիկ քահանային խնդրեց գնալ և աղոթել իր անկողնային հիվանդ հոր առողջության համար: Սենյակ մտնելով, քահանան մահճակալի մոտ դրված աթոռ նկատեց ու կարծեց, որ պատրաստվել են իր գալուն: «Սպասո՞ւմ էիք ինձ»,- հարցրեց քահանան: «Ոչ, իսկ Դուք ո՞վ եք»,- հարցրեց հիվանդը: «Ես քահանա եմ: Ձեր դուստրն է հրավիրել ինձ՝ ձեր առողջության համար աղոթելու: Երբ ձեր մահճակալի կողքի աթոռը տեսա, ենթադրեցի, որ գիտեիք իմ այցելության մասին»: «Ախ, աթո՜ռը…- ասաց հիվանդը, և ձայնը ցածրացնելով, շարունակեց,- ես ոչ ոքի չեմ պատմել այդ մասին… Ողջ գիտակցական կյանքս եկեղեցի եմ գնացել և շարունակ լսել եմ այնտեղ, որ միշտ պետք է աղոթել, որ աղոթքը շատ բան է տալիս մարդուն, ջերմացնում է նրա սիրտը: Սակայն, բոլոր աղոթքները մի ականջովս մտնում էին, մյուսով՝ դուրս գալիս: Չէի կարողանում դրանք հիշել, որովհետև, երևի, ինձ չէին հուզում: Իսկ հետո դադարեցի աղոթել: Եվ միայն մի քանի տարի առաջ մի լավ ծանոթ ասաց ինձ, որ աղոթքն Աստծո հետ զրույց է: Նա ինձ խորհուրդ տվեց նստել մի աթոռին, իսկ մյուսի վրա նստած պատկերացնել Հիսուս Քրիստոսին: Չէ՞ որ Նա ասաց. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»: «Իսկ հետո պատմիր Նրան քեզ հուզող ամեն ինչի մասին, և ուշադիր լսիր, ինչպես ինձ ես այժմ լսում»,- ասաց նա: Փորձեցի և ինձ այնպես դուր եկավ, որ ամեն օր երկու ժամ այդպես էի անում: Միայն թե այնպես, որ դուստրս չտեսնի ու կարծի, թե խելքս թռցրել եմ»: Քահանան ուրախացավ հիվանդի համար և խորհուրդ տվեց չդադարել իր զրույցներն Աստծո հետ, այնուհետև աղոթեց նրա համար, օրհնեց ու հեռացավ: Մի քանի օր անց այդ մարդու դուստրը կրկին եկավ և ասաց, որ հայրը մահացել է: Քահանան հարցրեց, թե ինչպես դա պատահեց: «Ցերեկվա ժամը երկուսն էր, երբ հայրս կանչեց ինձ իր անկողնու մոտ: Ասաց, որ շատ է ինձ սիրում ու համբուրեց: Ես խանութ գնացի, իսկ երբ վերադարձա, նա այլևս ողջ չէր: Սակայն, ինչ-որ բան ինձ տարօրինակ թվաց նրա մահվան մեջ: Երևում է վերջին րոպեներին նա հավաքել էր ողջ ուժերը, կտրվել բարձից ու գլուխը դրել իր մահճակալի կողքին դրված դատարկ աթոռին: Ես նրան հենց այդպես գտա: Ինչ եք կարծում, դա ի՞նչ կարող է նշանակել»: «Աստված տա յուրաքանչյուրն այդպես հեռանա,- պատասխանեց քահանան՝ արցունքները սրբելով:- Աթոռը դատարկ չէր»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի