13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ աստվածավախ հավատացյալներ,
Փա՜ռք Բարեխնամ Տիրոջը, որ Իր կենդանի ներկայությամբ զորացրեց և գոտեպնդեց մեզ Մեծ Պահքի ողջ շրջանում և Իր հոգածու Աջի ներքո կրկին անգամ հասցրեց մինչև Ավագ շաբաթ, երբ հաշված օրեր են մնում մինչև յուրաքանչյուր քրիստոնյայի համար այնքան բաղձալի Սուրբ Հարության հրաշափառ տոնը: Այսօր Ավագ հինգշաբթին է, և այն ևս տոն է մեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, և ինչպիսի՜ տոն: Այսօրվա տոնի խորհրդի մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ մոտ երկու հազար տարի առաջ այս օրը Մարդացյալ Աստված մեզ տվեց այն անմահական կերակուրը, որը ոչ միայն սպեղանի է, հակաթույն, կենարար բալասան ու մխիթարություն, այլև հենց ինքը կյանքն է: «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած»,- ասում է Տերը,- «…թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի. և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ. 6:51, 52): Այո, սիրելինե՛ր, մոտ երկու հազար տարի առաջ ողջ տիեզերքի Արարիչը, Իր անհնազանդ զավակին փրկելու համար, թողեց երկնքի անհունները, խոնարհվեց աներևակայելի հեզությամբ և ամփոփվեց Իր արարածի փոքրիկ մարմնում, որպեսզի Իր աստվածային էությամբ սրբի այն մեղքից և ապրեցնի՝ սեփական մարմնով ու արյամբ կերակրելով: Հազարամյակներ առաջ սիոնյան Վերնատան համեստ պատերի մեջ Մարդացյալ Աստծո կողմից հաստատվեց խորհուրդների Խորհուրդը, որ ժամանակի ու տարածության միջով անցնելով, այսօր աշխարհի բոլոր ծայրերում, հազարավոր եկեղեցիներում յուրաքանչյուր կիրակի կատարվում է ի հիշատակություն Տեր Հիսուս Քրիստոսի և ի փրկություն Նրան հավատացողների: Աստծո Միածին Որդու անարյուն զոհը, որ մատուցվում է երկրագնդի տարբեր անկյուններում գտնվող Սուրբ Սեղանների վրա, անտեսանելի թելերով անցնում է դարերի ոլորաններով և կապվում Վերնատան սեղանին: Եվ յուրաքանչյուր կիրակի պատարագիչ քահանայի ձեռքով Տերն Ինքն է կերակրում Իր հավատարիմ ժողովրդին՝ յուրաքանչյուրին անմիջական մասնակիցը դարձնելով Վերնատանը կատարված աստվածային խորհրդին: Մարդկային տկար մտքի համար աներևակայելի այս իրողությունը Իր արարածի նկատմամբ Աստծո անհատնում սիրո լիարժեք բացահայտումն է, և անկեղծ երախտագիտություն ու մեծ երկյուղածություն է ակնկալվում մեզնից Տիրոջ Անգին Պարգևին մոտենալիս:
Ինչպես արդեն ասացի այսօր Ավագ Հինգշաբթին է, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, և այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է մի կարգ, որի հիմնադիրը ևս մեր Տերն է: Խոսքս ոտնլվայի արարողության մասին է, որն առաջին անգամ կատարվեց կրկին Վերնատան մեջ՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումից անմիջապես առաջ: Աշակերտներն իրենց Վարդապետի հետ հավաքվել էին հրեական Պասեքը նշելու և հանկարծ Հիսուս Քրիստոս անում է մի բան, որն ուղղակի ապշեցնում և տարակուսանքի է մատնում է Իր աշակերտներին: Ամենակարող Աստված, մարդկության Արարիչն ու Փրկիչը բոլորի համար անսպասելիորեն ծնկի է իջնում Իր աշակերտների առջև և լվանում նրանց ոտքերը անցած ճանապարհի փոշուց ու կեղտից: Նրանց պատած շփոթությունն ու ամոթի զգացումը ստիպում են Պետրոս առաքյալին, իրեն հատուկ անմիջականությամբ, ընդդիմանալ և առարկել իր սիրելի Վարդապետին, ասելով. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»: …«Իմ ոտքերը հավիտյան չես լվանա» (Հովհ. 13:6, 8): Քանի որ մարդկային պատկերացումներով անընդունելի ու անկարելի էր, որ դիրքով ցածր մեկը նման ծառայություն ընդուներ իրենից ավելի բարձր եղողից: Եվ նման դեպքեր վստահաբար նախկինում չէին պատահել առաքյալներին, և հատկապես ոտքերը լվանալու արարողություն, երբ լվացող մարդը պիտի տեսներ և իր ձեռքով լվանար այն բոլոր աղտոտությունները, որոնց միջով այդ ոտքերն անցել էին ճանապարհին, ուստի միանգամայն հասկանալի էր աշակերտների շփոթմունքն ու ամոթն իրենց Ուսուցչի առջև: Սակայն Հիսուսի կտրուկ պատասխանը միանգամից վերջ է դնում ըմբոստանալու նրանց բոլոր փորձերին: «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես» (Հովհ. 13:8),- ասում է Տերը Պետրոսին: Եվ եթե հիշենք այն անհրաժեշտ նախապատրաստությունը, որ անում ենք Սուրբ Հաղորդությանը մոտենալուց առաջ, ապա կհասկանանք, թե քրիստոնեական խոնարհության և եղբայրասիրության օրինակը տալուց բացի, որ կարևոր խորհուրդն է խորհրդանշում ավետարանում նկարագրված ոտնլվայի արարողությունը: Այո, սիրելինե՛ր, խոսքն իհարկե մեղքերի խոստովանության ու թողության մասին է, որը կարևոր նախապայման է տերունական սուրբ մարմնին և արյանը մոտենալու համար: Ինչպես հրեական Զատկի երեկոյան Աստված լվաց ու մաքրեց Իր առաքյալների կեղտոտ ոտքերը, նախքան նրանք կճաշակեին փրկության կերակուրը, այնպես էլ այսօր, Ողորմած Աստված ամեն անգամ լվանում է մեր հոգու աղտեղությունները հանդիսացող մեղքերը, որ խոստովանում ենք Նրա առջև: Եվ որքան էլ անհարմար զգանք մեզ, ամաչենք մեր գործած մեղքերից, անկեղծ զղջմամբ արված խոստովանությունը և ստացած թողությունը միակ պայմանն է Աստծո սուրբ զոհին մոտենալու, Նրա հետ միավորվելու՝ ճաշակելով Սրբության Սրբոցը, և Նրանով փրկության հույսն ունենալու: Այս մասին Հայրերի վարքերում կարդում ենք. «Զղջումով՝ առանց խոստովանության, մեղքերի թողության չեն հասնի: Եվ սա է ցուցանում այս օրինակը: Մի կին, իր մեղքերը խոստովանելիս, մեկը թաքցնում է. խիստ մեծ ամոթից չի համարձակվում հայտնի դարձնել: Որի համար էլ խղճից մտովի հույժ չարչարվելով՝ եկեղեցի է գնում և ընկնելով Սբ. Սեղանի առաջ՝ ողջ մարմինը արտասուքով ողողելով և մեծ պաղատանքով աղաչում էր Աստծուն, որպեսզի այն մեղքը, որ չէր համարձակվում որևէ մեկին հայտնել, առանց խոստովանության թողնվի իրեն: Երբ երկար ժամանակ այսպես աղոթում էր, այն քահանան, որ այդ ժամանակ եկեղեցում էր, տեսնում է սատանային, որ այս կնոջ վրայով այս ու այն կողմ է թռչում և խնդագին ծիծաղում, ծափ էր տալիս և վաշ-վաշ անում: Դրա համար էլ քահանան երդվեցնում է սատանային մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ ասելով. «Ով՛ պիղծ, ինչո՞ւ ես այդքան ուրախ: Ասա՛ ինձ պատճառը, ի՞նչ պատահեց քեզ»: Սատանան պատասխանում է. «Ինչպե՞ս չծիծաղեմ տեսնելով այս կնոջը, որ կոծալով ու ողբալով դժոխք է շտապում: Անմիտը կարծում է, թե լալով ու արտասվելով իր չխոստովանած մեղքը կարող է ջնջել. անկարելիին է ձգտում: Ծաղրի և ոչ թե թողության է արժանի»: Այս լսելով քահանան գնում է կնոջ մոտ և ինչ որ տեսնել ու լսել էր ասում է նրան, և երկչոտին ինչպես կարող էր հորդորում է խոստովանելու: Իսկ կինը, մի կողմ թողնելով իր ամոթը, այն մեղքը, որ այդքան ժամանակ թաքցրել էր, մեծ խոնարհությամբ ու արտասուքներով խոստովանում է: Այս տեսնելով՝ սատանան մեծ աղաղակով ու գարշահոտությամբ լցնելով եկեղեցին անհայտացավ և այլևս չերևաց»:
Սա շատ կարևոր և ուսուցանող օրինակ է բոլոր քրիստոնյաների համար, որ մեր Եկեղեցու իմաստուն հայրերը՝ Սուրբ Հոգու շնորհներով լուսավորված, տվել են հավատացյալներին, քանի որ մարդկության մշտարթուն թշնամին օգտագործում է յուրաքանչյուր առիթ՝ մեզ փրկության ճանապարհից հեռացնելու համար: Ուստի պետք է զգոն լինենլ, սիրելինե՛ր, և հնարավորինս պատշաճորեն պատրաստվել սրբությանը հաղորդակցվելու, քանի որ իրապես պիտի դողանք աստվածային մարմնին մոտենալիս: «Երբ սուրբ Սկիհին ես մոտենում, այնպես մոտեցիր, ասես հենց Քրիստոսի կողից ես խմում»,- զգուշացնում է սուրբ Հովհան Ոսկեբերանը: Սա նշանակում է, որ հպարտությամբ ու կեղծիքով, թշնամությամբ ու մաղձով լեցուն և ընդհանրապես՝ անպատրաստ սիրտն իր համար հավիտենական դատապարտություն է ընտրում, երբ առանց մաքրվելու մոտենում է աստվածային սոսկալի խորհրդին: Սակայն այս գիտակցումն էլ չպետք է ծածկվի ծուլության մեղքով, երբ մեր կրքերի ու տկարությությունների դեմ պայքարելու և դրանք մեր սրտերից արմատախիլ անելու փոխարեն, հրաժարվենք մեզ համար արված Աստծո անգին Զոհից՝ ասելով. «Ես արժանի չեմ հաղորդվելու», և շարունակենք անհոգաբար քայքայվել մեր հոգիները խոցոտած մեղքի գարշահոտ պալարներից: Քանզի այս մեղավոր աշխարհում չկա մեկը, որն արժանի է Կենաց Հացին, և միայն մարդասեր Աստծո անհատնում ողորմածությունն է, որ տալիս է մեզ այդ Պարգևը: Եվ հենց այդ գիտակցումը, որ մենք արժանի չենք, բայց մեզ սիրող Հայրը արժանացնում է մեզ կյանք պարգևող Հացին, պիտի մղի սրտի մեծ երախտագիտությամբ և ոգևորությամբ պատրաստվելու ու ճաշակելու այն: Եվ Տիրոջ տասնմեկ հավատարիմ առաքյաները, որ ճաշակեցին այն ի փրկություն իրենց հոգիների, թող այսօր բարեխոս լինեն յուրաքանչյուրիս համար, որպեսզի մենք էլ անկեղծ հավատով, սրտի երկյուղով և անսահման երախտագիտության զգացումով մոտենանք Տիրոջ անարատ Մարմնին ու Արյանը՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար: Արդ, աղաչենք գթած Հորն՝ ասելով. «Ո՜վ Տեր, Հայր բարերար, այս հաղորդությունը մասը դարձրու աշակերտների երեկոյան ճաշակմանը՝ վերացնելով մեր մեղքերի խավարը: Մի՛ նայիր իմ անարժանությանը և մի՛ արգելիր Սուրբ Հոգուդ շնորհները: Այլ անհուն մարդասիրությանդ համաձայն՝ սա պարգևիր մեղքերի քավության և հանցանքների թողության համար, ինչպես որ խոստացավ և ասաց մեր Տեր Հիսուս Քրիստոսը, թե՝ «Ամեն ոք, ով ճաշակում է Իմ Մարմինը և ըմպում Իմ Արյունը, հավիտյան պիտի ապրի»: Արդ, արա սա մեր քավության համար, որպեսզի ովքեր ուտում և ըմպում են սրանից, օրհնություն և փառք մատուցեն Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան