Այն մասին, թե որտեղ է երջանկությունը

Իմաստուն ծեր կատուն պառկել էր խոտերի վրա ու տաքանում էր արևի ջերմ շողերից: Կատվի մի փոքրիկ, ճարպիկ ձագ վազեց նրա կողքով: Թավագլոր անցավ, հետո կայտառորեն վեր ցատկեց ու սկսեց կրկին պտույտներ գործել:

- Ի՞նչ ես անում,- ծուլորեն հետաքրքրվեց կատուն:

- Փորձում եմ պոչս բռնել,- շնչակտուր պատասխանեց կատվի ձագը:

- Բայց ինչո՞ւ,- ծիծաղեց կատուն:

- Ինձ ասել են, որ պոչս իմ երջանկությունն է: Եթե բռնեմ այն, երջանկությունս էլ կգտնեմ: Ես էլ արդեն երեք օր է վազում եմ պոչիս հետևից: Բայց այն միշտ դուրս է պրծնում թաթերիցս:

Ծեր կատուն ժպտաց այնպես, ինչպես միայն ծեր կատուներն են կարողանում ժպտալ և ասաց.

- Երբ ես երիտասարդ էի, ինձ էլ ասացին, որ պոչիս մեջ է իմ երջանկությունը: Օրեր շարունակ վազեցի պոչիս հետևից՝ փորձելով բռնել այն: Ո՛չ ուտում էի, ո՛չ խմում, այլ միայն պոչիս հետևից էի վազում: Ուժասպառ ընկնում էի, վեր կենում և կրկին փորձում բռնել այն: Մի պահ եկավ, որ հուսահատվեցի և ուղղակի գնացի այնտեղ, ուր աչքս կկտրեր: Եվ գիտե՞ս, թե հանկարծ ինչ նկատեցի:

- Ի՞նչ,- զարմանքով հարցրեց կատվի ձագը:

- Նկատեցի, որ ուր էլ գնամ, պոչս միշտ ինձ հետ է: Երջանկության հետևից պետք չէ վազել: Պետք է քո ճանապարհն ընտրես և երջանկությունը քեզ հետ կգա:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

08.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․