25 Նոյեմբեր, Բշ
Մի բանիմաց, կրոնագետ իշխան, որ մարդկանց մեջ մեծ համբավ ուներ, երբ մահանում է, իր կրոնական գիտելիքների շնորհիվ հանդերձյալ աշխարհում արագորեն գտնում է դրախտ տանող արահետը և հայտնվում փակ դարպասների առջև: Թակում է, որպեսզի բացվեն, բայց ապարդյուն...Դարպասներից այն կողմ, հիասքանչ պարտեզում, տեսնում է իր ծառային, որն իր տանը հավաքարար էր աշխատել և զարմացած ասում.
-Մի՞թե Աստծո համար իմ ծառայի աննշան գործն ավելի արժեքավոր էր, քան իմ բոլոր կատարած մեծամեծ գործերն ու բարեգործությունները, որ իմ առջև չեն բացվում դրախտի դարպասները:
Աստծո հրեշտակն այդտեղով անցնելիս լսում է և պատասխանում.
-Այդ մարդն ամեն օր հոգատարությամբ սրբում և մաքրում էր քո տունը և նույն հոգատարությամբ էլ իր հոգին ու սիրտն էր սրբում ու մաքրում, որտեղ էլ գտավ դրախտի բանալին ու հեշտությամբ ներս մտավ: Սակայն քեզ, որ տրված էր ավելին, այդպես էլ չկամեցար մաքրել, նորոգել քո հոգու ու սրտի տունը, ուր մի անկյունում ընկած էր փոշու մեջ ծածկված դրախտի դարպասների բանալին:
Հովհաննես Մանուկյան