30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

«Բարձրագույն ուրախությունը բխում է զոհաբերությունից»

Արարիչ Աստված, սիրով արարելով մարդուն, նրա մեջ դրել է առաքինությունների գլուխը համարվող սերը, որ կյանքի է կոչվում միմյանց հանդեպ ուշադրությամբ, հարգանքով և հոգածությամբ: Մերձավորին սիրողն իր հնարավորության չափով զոհաբերում է իր հոգևոր ու նյութական կարողությունից և հարստանում առաքինազարդ լիարժեք կյանքով, որի պտուղը հավիտենական երանելի կյանքն է: Ս. Բարսեղ Մեծն ասել է, որ մերձավորին սիրողը փնտրում է ոչ թե իր, այլ մերձավորի օգուտը՝ ի շահ նրա հոգու և մարմնի: Պտղալից ու խոստումնալից կյանքի հիմքում զոհաբերվող սերն է, որի վառ օրինակը հանդիսացավ Քրիստոս, Ով հանուն մարդկության փրկության Իր կյանքը զոհաբերեց՝ պատգամելով. «Իմ պատվերն այս է, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի» (Հովհ. 15:12):

Ինչպես դարեր շարունակ, այնպես էլ այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, սոցիալական ծրագրերի շրջանակում, իր աշխարհասփյուռ թեմերով և համայնքներով կյանքի է կոչում Տիրոջ փրկաբեր պատգամը: Հոկտեմբերի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Արցախյան վերջին պատերազմի մասնակից Բախշյան Գրիշային (25 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Կանադահայոց թեմի Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հավատավոր անդամներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Գրիշան՝ որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել է Կարմիր շուկայում մղվող մարտերին և հոկտեմբերի 27-ին ոտքից ծանր վիրավորում ստացել: Վեց հոգուց բաղկացած Բախշյան ընտանիքը պատերազմից հետո Հադրութի շրջանի Հակակու գյուղից տեղահանվել է և այժմ վարձակալությամբ բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության 30/44 հասցեում: Բախշյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

Եկեղեցու հայրերից՝ Պաիսիոս Աթոսացին ասել է, որ բարձրագույն ուրախությունը բխում է զոհաբերությունից. «Միայն զոհաբերվելու ժամանակ է մարդը բարեկամանում Քրիստոսի հետ, որովհետև Քրիստոս զոհաբերություն է: Մարդ արդեն այստե՛ղ է ապրում դրախտը կամ դժոխքը: Ով բարիք է գործում, ուրախանում է, որովհետև աստվածային մխիթարությամբ է վարձատրվում: Ով չարիք է գործում, տանջվում է»:

 

Կարինե Սուգիկյան

01.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․