Բարի կամքի շուրջը համախմբված հայրենանվեր ընտանիքները

Տիրոջ կամքի շուրջը համախմբված անձինք ջանում են աստվածահաճո կյանքով ապրել՝ հետևելով Տիրոջն ու Նրա սուրբ պատվիրաններին: Իսկ ի՞նչ է կամենում Տերը: Այս հարցին Միքիա մարգարեն պատասխանում է և ասում՝ իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծո հետևից գնալու (Միքիա 6:8): Գթասիրտ, համբերատար և ողորմաշատ Տերը (Սաղմ. 144:8) ցանկանում է, որ Իր զավակները ողորմած և խաղաղարար լինեն՝ միմյանց հանդեպ հանդուրժող և ներող, սիրեն ողորմածությունը և ողորմեն հոժար սրտով և ոչ հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև «Աստված սիրում է զվարթառատ տուրքը» (Բ Կորնթ. 9:7): Այս է Քրիստոսին հավատացողի ուղին՝ նմանվել Նրան. «Ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն Ինքը ապրեց» (Ա Հովհ. 2:6):

Շուրջ վեց տարի է, որ Ավստրիայի Ֆորարլբերգի մարզում բնակվող մի խումբ հայ ընտանիքներ, համախմբվելով Տիրոջ կամքի շուրջը, հիմնեցին “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը, որ նպատակաուղղված է աջակցելու հայրենիքում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին: Հայրենիքից հեռու ապրող այս հայ ընտանիքներին միավորել է սերն առ Աստված և առ մերձավորը: Համավարակի այս օրերին հիմնադրամն իր աջակցությունն ուղղեց հայրենիքում ապրող արև երեխաների ընտանիքներին: Մայիսի 10-ին բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրած հերթական աջակցությունը (100 եվրո) Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը փոխանցեց արև Լևոնի (6 տ.) ընտանիքին: Լևոնն իր ծնողների, քրոջ և տատիկի հետ բնակվում է Քուչակի թաղ. 14 շ. 14 բն. հասցեում: Պետրոսյան ընտանիքի փոքրիկը սիրում է նկարել, պարել և լեգոյով խաղալ: Նա սովորում է Երևանի թիվ 104 հիմնական դպրոցում: Լևոնի հայրը՝ Պետրոսյան Արտակը, իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

10.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․