«Բարի խոսքը չար մարդուն էլ է բարին դարձնում»

Աստված ասաց՝ թող լույս լինի, և լույս եղավ: Խոսքը մեծ ուժ ունի աշխարհում: «Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և Իր բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները» (Սաղմ. 32:6): Խոսքը դատարկ հնչյուն չէ, այն Աստծու պարգևն է, որով օժտված է մարդը և որով նա տարբերվում է մյուս արարածներից: Խոսքի միջոցով ծածուկը դառնում է բացահայտ: Խոսքը մարդու զգացումների, մտքերի, ցանկությունների, ուրախությունների և տխրությունների, այսինքն՝ մարդու հոգեվիճակի արտահայտիչն է, և արտաբերված խոսքի միջոցով մարդ կարող է տեսնել իր սեփական պատկերը: Կյանքը կանգ կառներ առանց խոսքի: Երբ Աստված ցանկացավ կանգնեցնել այն մարդկանց, որոնք փառասիրությունից դրդված ցանկանում էին մինչև երկինք հասնող աշտարակ կառուցել, ապա խառնեց նրանց լեզուն, ինչի հետևանքով նրանց սնափառ փորձն անհաջողության մատնվեց:  

Գոյություն ունեն բուժիչ և ավերիչ խոսքեր. ինչպես չար խոսքերն են քաոս ստեղծում, այնպես էլ բարի խոսքերն են ընդունակ արարելու, հրաշագործելու: Այդ պատճառով կարևոր է ընտրողաբար օգտվել բառապաշարից և մաքրել այն անցանկալի բառերից ու արտահայտություններից: Ինչ որ մարդ ունի այսօր, իր խոսքերի արդյունքն է: Խոսքերը յուրօրինակ աղյուսներ են, որոնցով մարդ կառուցում է իր կյանքը: Եվ աղյուսների ընտրությունից է կախված, թե ինչպիսի որակ կունենա իր կյանքը: Ոչ ոք չի կարող կառավարել մարդու միտքը և հեռու պահել նրան վատ մտքերից և խոսքերից, եթե ոչ ինքը՝ մարդը: Դժբախտաբար, մարդ, չկարողանալով զսպել իր լեզուն, հաճախակի է մեղանչում մերձավորի և Աստծու դեմ: Այդ պատճառով չափազանց զգուշավորությունն ու չափավորությունը խոսքի մեջ ոչ միայն քրիստոնեական առաքինություն է, այլ լավագույն միջոցը խաղաղ և երջանիկ կյանքի: Անզուսպ անձը բարկացած ժամանակ կշտամբում է և անտեղի վիրավորում մերձավորին, ամենքի և ամեն ինչի վերաբերյալ անվերջ տրտնջում: Խոսքով հնարավոր է սպանել մարդուն և մեծ չարիք ու աղետ պատճառել հասարակությանը, և հակառակը՝ խոսքով հնարավոր է կյանք պարգևել մարդուն և նպաստել հասարակության զարգացմանն ու զորացմանը:

Ս. Հակոբոս առաքյալն ասել է. «Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը» (Հակոբ. 3:2): «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել: Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ» (Հակոբ. 3:5; 8-10): Առաքյալն ասում է՝ թե ինչպես կարող է մի աղբյուրից քաղցր և դառը ջուր բխել, այդպես էլ ինչպես կարող է մարդու բերանից օրհնություն և անեծք դուրս գալ: 

«Պահապա՛ն դիր, Տե՛ր, իմ բերանին և ամուր դուռ՝ իմ շրթներին, որ սիրտս չհակվի չարության խոսքին» (Սաղմ. 140:3),- ասում է սաղմոսերգուն: Շատախոսությունն ու դատարկախոսությունն անհետևանք չեն թողնում հոգին, դատարկախոսությունից հետո հոգին դատարկվում է, և մարդ ի վիճակի չի լինում որևէ կարևոր և օգտակար գործի: Ինչպես մոլախոտերն են խանգարում բերրի հողում հացահատիկի աճին, այնպես էլ շատախոսությունն է խանգարում բարի մտքերի և խոսքերի աճին: Հին ժամանակներում իմաստունները չէին ընդունում որևէ աշակերտի՝ նախապես չփորձելով նրանց շարունակական լռության մեջ:  

Բարի խոսքի ուժի մասին է պատմում Ս. Մակար Մեծի կյանքի հետևյալ դրվագը: Մի օր նա Նիտրիա լեռը բարձրացավ իր աշակերտի հետ, որին ասաց, որպեսզի իր առջևից գնա: Աշակերտը ճանապարհին հանդիպեց մի քրմի, որ ինչ-որ տեղ էր շտապում՝ կուռքի պատկերը ձեռքին: Աշակերտը բացականչեց՝ այդ ո՞ւր ես շտապում, դև՛: Քուրմը, բարկանալով, դաժանորեն ծեծեց նրան և կիսամեռ վիճակում թողնելով՝ շտապեց շարունակել իր ուղին: Մի փոքր առաջ գնալով՝ քուրմը տեսավ Ս. Մակարին, որ հեռվից նրան ողջունելով՝ ասաց. «Ողջո՜ւյն, աշխատասե՛ր, ողջույն»: Քուրմը զարմացավ և հարցրեց՝ ի՞նչ բարի բան գտար իմ մեջ, որ ողջունեցիր: Սուրբը պատասխանեց. «Ես քեզ ողջունեցի այն պատճառով, որ տեսա քեզ աշխատելիս և ինչ-որ տեղ շտապելիս»: Քուրմը պատասխանեց. «Քո ողջույնն ինձ ոգևորեց և հասկացա, որ դու Աստծու մեծագույն սպասավորն ես, հակառակ նրա, ով քիչ առաջ հանդիպեց ինձ և վիրավորեց, ինչի պատճառով ծեծեցի նրան: Բարի խոսքդ ջերմացրեց սառած սիրտս: Այժմ ես քեզանից հեռու չեմ գնա, մինչև ինձ քրիստոնյա չդարձնես»: Այս խոսքերն ասելուց հետո նա ընկավ Ս. Մակարի առաջ, գրկեց նրա ոտքերը և բացականչեց՝ բաց չեմ թողնի քեզ, մինչև ինձ վանական չդարձնես: Նրանք երկուսով գնացին և հասան այն տեղը, որտեղ ընկած էր ծեծված աշակերտը: Նրան բարձրացրին և գրկած տարան եկեղեցի, քանի որ ի վիճակի չէր քայլելու: Լեռան վրա գտնվող եղբայրները, երբ տեսան քրմին երանելի Մակարի հետ, շատ զարմացան: Քուրմն ընդունեց քրիստոնեությունը, ապա՝ վանականությունը: Նրա օրինակին հետևելով՝ հեթանոսներից շատերը քրիստոնեություն ընդունեցին: Այս դեպքի վերաբերյալ Ս. Մակարն ասել է. «Հպարտ և չար խոսքը բարի մարդկանց էլ է չարացնում, իսկ խոնարհ և բարի խոսքը չար մարդկանց էլ է բարին դարձնում»:

«Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսքը, որ շինիչ է և օգտակար, որպեսզի շնորհով լցվի նա, ով այն լսում է» (Եփես. 4:29),- ասել է Պողոս առաքյալը:  Օրինակ՝ մեծ ուժ պարունակող «ներիր» բառը մարդիկ դժվարանում են միմյանց ասել հպարտության պատճառով, ինչի հետևանքով փլուզվում է ընկերությունն ու բարի փոխհարաբերությունները: «Շնորհակալ եմ»-ը ևս դրական կերպով է ազդում մարդկային փոխհարաբերությունների վրա:

Չարին հակված աշխարհում ամեն մարդ ցանկանում է և կարիք ունի բարի խոսք լսելու,  բայց որքան հաճախ է մարդն ինքը բարի խոսքեր հնչեցնում: Խոսքը, որ բարին է պարունակում, լուսավորում է մարդու կյանքը, քանի որ միավորված է լույսի աղբյուրին: Խոսքը երբեք չի կորչում զուր ու անհետ, այն չի վերադառնում, այլ գնում է դեպի հավիտենություն: Ուստի, հարկավոր է այնպես գործածել այն, որպեսզի դրա համար պատասխան չտանք դատաստանի օրը, քանի որ ասված է. «…ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12:36-38): Այսպիսով, բարին խոսելը առաքելություն է, որ պարգևել է Աստված յուրաքանչյուրին: Բարի խոսքը սերմ է, որ ընկնելով բերրի հողը՝ պտուղ է տալու մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր, այսինքն՝ բարիք և ուրախություն է պարգևելու թե՛ այս և թե՛ հավիտենական կյանքում: 

 

Կարինե Սուգիկյան

 

29.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․