25 Նոյեմբեր, Բշ
Կար-չկար մի թագավոր: Բարի թագավոր, ով շատ էր սիրում իր հպատակներին և շատ էր ցանկանում, որպեսզի նրանց կյանքն ավելի լավը դառնա: Նա հաճախ մտածում էր այն մասին, թե ինչ լավություն անի իր հպատակներին: Սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում մի այնպիսի բան մտածել, որը միանգամից կերջանկացնի բոլորին: Այդ պատճառով էլ ոչ մի բարություն չէր անում, վախենում էր, որ ինչ-որ մեկին կերջանկացնի, իսկ մյուսները կվիրավորվեն իրենից ու չար կանվանեն: Այդպես էլ թագավորը մահացավ՝ առանց բոլորին երջանկացնելու միջոցը գտնելու: Նրան համարյա չէին հիշում մահվանից հետո: Այո, ինչ-որ ժամանակ նման արքա ապրել էր, սակայն ոչ ոքի չէր երջանկացրել իր կյանքում…
Եվ այդ նույն թագավորությունում մի գյուղացի էր ապրում՝ ոչ աղքատ, ոչ հարուստ, ոչ չար, ոչ էլ հրեշտակային բնավորությամբ: Սակայն միշտ իր հարևաններին օգնում էր ուժերի ներածին չափով: Օգնում էր ինչով կարող էր: Այդ գյուղացին թագավորի հետ նույն օրը մահացավ: Հարևանները նրան մինչ օրս էլ բարի խոսքով են հիշում: Պարզվում է, որ նա շատերին է օգնել իր կյանքում: Չի երջանկացրել, բայց օգնել է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի