Բարին արարելով՝ մարդ նմանվում է Իր Արարչին

Աստված մարդուն կյանք է պարգևել, որպեսզի դեռևս երկրի վրա հոգևոր ուրախություն ապրելով՝ հաղորդակից դառնա աստվածային փառքին և աստվածահաճո կյանք ապրելով՝ հավիտենական կյանքին արժանանա: Սակայն հավիտենության համար արարված մարդը, շատ հաճախ հոգ չտանելով իր փրկության մասին, ջանում է ձեռք բերել հնարավոր բոլոր գանձերը, բացի հավիտենական գանձերից: Չգնահատելով իր անմահ հոգին՝ նա ձգտում է այն ամենին, ինչը հավիտենության մեջ ոչ մի արժեք չունի: Մարդը մշտապես գտնվում է չարի և բարու սահմանագծին: Չարը ցանկանում է իշխել մարդուն և երջանկության անվան տակ մատուցում է մեղքը՝ դրա ճիրանը գցելով նրան: Մեղքի խավարը մարդուն խճճելով՝ խախտում է նրա բարձրագույն արժեքները և մշուշապատում ճշմարիտը:

Ուստի դեպի Աստված ընթացողի համար կյանքի հիմնական խնդիրը դառնում է մեղքի խավարից ազատագրումը, ինչի վերաբերյալ Ս. Պողոս առաքյալը հորդորել է. «Հեռանանք խավարի գործերից և մեզ վրա վերցնենք լույսի զենքերը՝ ապրելու համար այնպես, ինչպես վայել է լույսի մեջ քայլողներին» (Հռոմ. 13:12): Մարդու բուն էությունը մեղքը և չարիքը չէ, քանի որ մարդն արարված է Աստծու պատկերով և նմանությամբ: Անդրադառնալով մեր նախածնողների անկման պատմությանը՝ հիշենք, որ օձի կերպարանք ստացած չարը Եվային նախ ասաց. «Ինչո՞ւ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել»: Եվան պատասխանեց. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: Սակայն դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և չմոտենաք, որպեսզի չմեռնեք» (Ծննդ. 3:1-3)»: Եվային թվաց, թե չարի և բարու գիտության ծառի պտուղներն առանձնահատուկ գեղեցիկ են, համեղ և իմաստություն են խոստանում՝ չարի խոստման համաձայն. «Երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման՝ կիմանաք բարին ու չարը» (Ծննդ. 3:5): Նրա գլխում միտք ծագեց, որը թափանցեց նրա սիրտը, այնուհետև մեղանչելու ցանկություն և վճռականություն առաջ եկավ: Եվ մարդը խախտեց աստվածային պատվիրանը, ցանկացավ հեռանալ Աստծուց և ինքը աստված դառնալ: Մեղքի պատճառով խախտվեց մարդ-Աստված ներդաշնակ հարաբերությունը: Ինչպես Եվային թվաց, թե արգելված պտուղը կարող է իրեն երջանկացնել, այնպես էլ այժմ, երբ մարդը տրվում է որևէ կրքի, կարծում է, թե այն կերջանակացնի իրեն: Այնինչ մեղանչելով՝ հնարավոր չէ երջանկանալ:

Մեղքը մարդուն զրկելով կյանքի ուրախությունից՝ նրան հեռացնում է Աստծուց, ինքն իրենից թաքցնում և խանգարում տեսնել Աստծու կողմից արարված աշխարհի գեղեցկությունը:  Մեղքի ճիրանում մարդ դիմացինի մեջ միայն չարն է տեսնում, այն էլ՝ ծով չարիք: Այնինչ, ըստ հայրաբանության, ծով չարիքի դիմաց բարին օվկիանոս է: Ի տարբերություն չարիքի՝ բարին թաքնված է, եթե չարը հանդուգն է, ապա բարին՝ խոնարհ: Չարիքը խավարն է, մեղքը, պառակտումը, իսկ բարին լույս է, միություն, ուժ, ուրախություն և կյանք: Բարին հավիտենական է և բխում է Աստծուց: Ձեռք բերելով բարին՝ մարդ թույլ է տալիս, որ Աստված բնակվի իր սրտում: Բարին արարելով՝ մարդ նմանվում է Իր Արարչին: Բարին սկիզբ է առնում բարի մտքից, որ լուսավորում և ներդաշնակում է մարդու կյանքը: Մարդը կարող է իր գորշ կյանքը փոխել, եթե ուշադրությունը կենտրոնացնի բարի մտքերի վրա, որոնք, որպես կյանքի ազդակ, կօգնեն հաղթահարել չարիքը՝  նոր ու լուսավոր ուղի պարգևելով:

Հաճախ մարդիկ չարը բարի են անվանում, իսկ բարին՝ չար: Ուստի եկեղեցու հայրերը հորդորում են Սուրբ Գրքի միջոցով տարբերակել իրական բարին: Մի աշակերտ իր ուսուցչին հարցնում է, թե ինչ բարիք գործի: Նա պատասխանում է. «Մի՞թե բոլոր գործերը հավասար են: Սուրբ Գիրքն ասում է՝ Աբրահամը հյուրասեր էր, և Աստված նրա հետ էր, Եղիան լռություն էր սիրում, և Աստված նրա հետ էր, Դավիթը խոնարհ էր, և Աստված նրա հետ էր: Այսպիսով, նայիր, թե ինչ է ցանկանում հոգիդ Աստծով և այն էլ արա»:   

Մարդ աղոթում է Տիրոջը և ասում՝ թող Քո Արքայությունը գա, իսկ երբ հաղթահարում է մեղքը, թույլ է տալիս, որ Արքայությունն իր սրտում բնակվի, իսկ Աստծու Արքայությունը, ըստ Պողոս առաքյալի, ուտելիք կամ ընպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Սուրբ Հոգուց տրված (Հռոմ. 14:17): Իհարկե, Երկնքի Արքայությունը հեշտ չի տրվում, «այն ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթ. 11:12): Երկնքի Արքայությունը ձեռք բերելու ջանքն ու եռանդը չպետք է շփոթեցնի ու վախեցնի քրիստոնյային: Ս. Պողոս առաքյալն իր նամակներից մեկում գրել է. «Մարզիկներն իրենք իրենց խիստ կանոնների են ենթարկում, որպեսզի վաղանցուկ մի դափնեպսակ ստանան, իսկ մենք նույնն ենք անում հավերժական դափնեպսակի համար» (Ա Կորնթ. 9:25): Արքայությունը ձեռք բերելու ջանքի ու եռանդի մասին Ս. Եփրեմ Ասորին ասել է, որ ինչպես նորածինն ընդմիշտ նորածին չի մնում, այլ ամեն օր, բնական օրենքի համաձայն, հասակ է առնում մինչև չափահասություն, այդպես էլ քրիստոնյան՝ ի վերուստ ծնված ջրով և Հոգով, չպետք է մնա հոգևոր մանկության մեջ, այլ ջանքերի և համբերության մեջ հարատևելով՝ լիարժեք հոգևոր աճ ունենա «մինչև հասնի հավատի ամբողջական միությանն ու Աստծու Որդու ճանաչմանը, այսինքն՝ մինչև որ հասնի հավատի չափահասությանը, Քրիստոսի կատարյալ նմանությանը» (Եփես. 4:13): Սուրբը նաև հորդորում է. «Եթե ցանկանում ես ժառանգել Երկնային Արքայությունը, ապա դեռ այստեղ փնտրիր Արքայի բարեհաճությունը. «Եվ ինչ չափով, որ կպատվես Նրան, նույն չափով էլ Նա քեզ կբարձրացնի, ինչ չափով որ կծառայես Նրան այստեղ, այդ չափով էլ Նա կպատվի քեզ՝ գրվածի համաձայն. «Ես փառավորելու եմ Ինձ փառավորողներին, իսկ ովքեր Ինձ արհամարհում են, անարգելու եմ» (Ա Թագ. 2:30): Պատվիր Նրան ողջ հոգով, որպեսզի Նա քեզ արժանացնի սրբերի պատվին»:

Այսպիսով, եթե մարդ իր ներքին պատուհանը մաքրի, պայքարի, ջանք թափի ու փնտրի, ապա, Աստծու խոսքի համաձայն, թե՝ փնտրեցեք և կգտնեք (Մատթ. 7:7), կգտնի աստվածային լույսը, որը կյանք է և այլևս իրեն չի դատապարտի այն գորշ ու տաղտուկ կյանքին, ինչից տառապում էր՝ մեղքի խավարի մեջ գտնվելով: Մարդը միայն աստվածային լույսի ներքո կարող է հաղթահարել կյանքի խառնաշփոթը և ձգտել դեպի բարին ու հավիտենությունը՝ Աստծու պարգևած յուրաքանչյուր օրը հարստացնելով բարությամբ, լույսով, ջերմությամբ և ուրախությամբ: Հաղթահարելով մեղքը՝ մարդ ազատություն է ձեռք բերում, քանի որ «ով մեղք է գործում, ծառա է մեղքին» (Հովհ. 8:34): Վերջ ի վերջո, մեղքի հաղթահարումը մարդուն շնորհում է ուրախություն, աստվածճանաչողություն, ազատություն և միաժամանակ իր հետ բերում է նոր կյանք, ինչին, ըստ էության, կոչված է մարդը:   

 

Կարինե Սուգիկյան

 

26.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․