12 Հոկտեմբեր, Շբ
Սբ. Զատկի տոնին նվիրված բազում ժողովրդական սովորություններ կան:
Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում էին շաբաթ և ավարտվում երկուշաբթի օրերին: Շաբաթ երեկոյան՝ ճրագալույցին, եկեղեցում կատարվում էր Պատարագ՝ նվիրված Քրիստոսի Հարությանը, որով վերջ էր դրվում յոթ շաբաթ տևած Մեծ պասի շրջանին: Յուրաքանչյուրը մոմ էր վառում և ճաշակում իր հետ վերցրած ձուն, դրանով իսկ, հրաժեշտ տալով պահքին: Պասը լուծելու արարողությունը կոչվում էր «թաթախում», իսկ ժամանակը՝ «թաթախման գիշեր»:
Շաբաթ մայրամուտին երդիկից իջեցնում էին Մեծ պասի յոթ շաբաթները խորհրդանշող և պասը չպահողներին «պատժող» Ակլատիզը՝ վերջին փետուրով:
Կիրակի առավոտյան Պատարագ էր մատուցվում, որի ընթացքում հավատացյալները Սուրբ Հաղորդություն էին ստանում: Այդ ժամանակ էլ կատարվում էր զատկական մատաղի հանդիսությունը, որը հիմնականում հայտնի էր «ախառ» անունով: Մատաղացուն սովորաբար եզ էր, արջառ կամ երինջ, որոնք գնվում էին գյուղի կամ քաղաքի համայնքի կողմից կամավոր հիմունքներով հավաքված դրամական միջոցներով: Այն մորթում էին եկեղեցու գավթում, ուր Պատարագից հետո յուրաքանչյուրը ստանում էր իր բաժինը, որը կամ տեղում էին ճաշակում, կամ՝ տներում: Երբեմն մատաղը հում վիճակում բաժանում էին համայնքի ծխերին՝ մինչ Պատարագի արարողությունը:
Զատկական տոնի գլխավոր մասն էին կազմում նաև զանգվածային կամ ընտանեկան ուխտագնացությունները: Ուխտի էին գնում զանազան ուխտատեղիներ, հատկապես գյուղից դուրս գտնվող մոտակա սրբավայրեր: Ուխտավորներն իրենց հետ տանում էին մատաղացու գառ, գինի, անհամար ձվեր, բաղարջ հաց և կաթնեղեն:
Զնաբերդցիներն այդ օրը («Զադիգ»-ին) ուխտի էին գնում իրենց գլխավոր սրբավայրերը՝ Սբ. Հովհաննես և Սբ. Հակոբ մատուռներն ու Սբ. Թովմաս առաքյալի վանքը: Երեխաներն ու պատանիները գրեթե ամբողջ օրն անց էին կացնում ձվախաղերով:
Ձուն և դրանից պատրաստված կերակուրները կենտրոնական տեղ էին զբաղեցնում զատկական սեղանի: Տարածված էին նաև այնպիսի կերակրատեսակներ, ինչպիսիք էին. ածիկը, ջլբուրը, եղինջապուրը, թանապուրը, չորաթանը, տապակած բանջարը, նվիկը, չամչով փլավը, ինչպես նաև՝ փոլածով, ձկով և զիրայով պատրաստված փլավները, որոնք հատկապես շատ սիրված էին հին երևանցիների կողմից:
Զատկի տոնին կատարում էին շնորհավորական փոխայցելություններ և նվիրատվություններ: Այդ արարողությունները սկսվում էին ժամերգության ավարտից, մատաղի հանդիսությունից կամ քահանայի կողմից ծխերն օրհնելուց հետո: Քահանան տներն օրհնում էր՝ խոնչա-մատուցարանի վրա դնելով թթխմոր, աղ, ջուր, խունկ, հացահատիկ և հատկապես ձու:
Առավոտյան գնում էին նախ՝ տանուտերին ու քահանային շնորհավորելու, ապա՝ բարեկամներին. այդ առիթով հիմնականում օղի էին վերցնում:
Սյունիքում այդ երիտասարդների ընտանիքներից մի գառ (վզից մի քանի կարմիր ձվեր կապած) մրգերով և օղիով ուղարկում էին հարսնացուի տները: Փեսացուի ազգականների կողմից հարսնացուին նվերներ տալու սովորույթը հայտնի էր «փայ» անունով: Զատկին սանահերը գնում էր քավորի տուն՝ նրա տոնը շորհավորելու: Բասենում, հենց եկեղեցում էլ կատարվում էր նվիրատվական ծեսը: Այստեղ մոմ էր մատուցում քավորկինը՝ սանամորը, սկեսուրը՝ հարսնացուին: Հին Ջուղայում Զատկի առավոտյան, երբ եկեղեցում սկսվում էր «Փառք ի բարձունս» արարողությունը, սանամայրը կնքահորը նվիրում էր 20-30 կարմիր ներկած ձու, մի խաչաձև մոմ՝ կոթն ամրացված ձվի վրա ու խաչի թևերը վառած:
Ձուն ամենակարևոր տեղն էր գրավում զատկական տոնում: Զատկական ժողովրդական սովորություններից է ձու ներկելը: Ձուն մեծամասամբ ներկում էին Ավագ Շաբաթ օրը կամ կիրակի վաղ առավոտյան: Հիմնականում ներկում էին կարմիր, ինչպես նաև դեղին, կանաչ, կապույտ և այլ գույներով: Ձուն հաճախ եփում էին պղնձե ամանի մեջ, նախօրոք դրա մեջ դնելով սոխի կլեպներ: Հում ձուն նախշում էին մեղրամոմով, զանազան կանաչեղենի տերևներով կամ թելերով և այդպես եփում: Եփվելու ընթացքում, նախշված տեղերը մնում էին սպիտակ, իսկ ձվի մյուս մասը համապատասխան գույնն էր ստանում:
Նշանված երիտասարդները այսպիսի նախշած ձու էին նվիրում հարսնացուներին: Ձվի պտղաբերման, նոր կյանքի խորհրդանիշ լինելը ցայտուն դրսևորվել են հայոց հարսանյաց ծեսում և առօրյա սովորություններում: Այսպես, հարսանյաց ծեսի բոլոր հին գրառումները վկայում են, որ խնամիների կողմից տոների առթիվ նոր նշանված աղջիկներին ուղարկվող կապոցներում անպայման ձվեր են դրվել: Իր հերթին նորահարսը փնջած ձու է ուղարկել փեսացուի տուն:
Զատկական ձվերը սովորաբար մեծ քանակությամբ էին եփում՝ տոնին հաջորդող օրերին դարձյալ հյուրասիրելու, նվիրելու և ձվախաղեր կազմակերպելու նպատակով: Պատահական չէր ժողովրդի մեջ տարածված այն կարծիքը, թե՝ «զատկական ձուն երկար է դիմանում»:
Մեծ տարծում ունեին զատկական ձվախաղերը: Զատկին ձու էին կռվեցնում գրեթե բոլորը, սակայն նրա ամենաակտիվ մասնակիցները երեխաներն էին: Ձուն կռվեցնում էին երկու կողմերով: Նախքան կռվեցնելը, ձվերը ատամներին թեթևակի խփելով, ստուգում էին դրանց ամրությունը: Հաղթող էր համարվում նա, ում ձուն ջարդում էր հակառակորդինը:
Կային ձվախաղերի տասնյակ ձևեր: Այդ խաղերից ամենատարածվածը ձուկոտրոցին էր, բայց պահպանվել էին նաև՝ ձուգլդորիկը, ձվարշավը, ձուպտտոցին և ձուսեղմոցին:
Լոռի-Գուգարքում այդ ձվախաղերը կոչվում էին «կրկտանուկի» (կամ՝ «ձվի կրկտի») և «թոլանուկի» (կամ՝ թոլանկի):
Ջավախքում, միմյանց Զատիկը շնորհավորելուց հետո, երեխաներն ու երիտասարդները հավաքվում էին տանիքների վրա և ձու կռվեցնում:
Ձվախաղերը և ձվի հետ կապված սովորույթներն այնքան շատ էին տարածված ու սիրված, որ շատ հաճախ Զատիկը կենցաղում ընկալվում էր որպես ձու ներկելու կամ ձու խաղալու տոն:
Տարածված խաղերից էր նաև գոտի լախտին:
Վաղարշապատի գյուղերում, Զատկի կիրակի օրը, տղաների խմբերը զատկական երգերի (ավետիսների) ուղեկցությամբ տնետուն այցելելով, ձվեր էին հավաքում:
Զանգեզուրում, երբ քահանան «այսօր յարեաւ ի մեռելոց» շարականն էր երգում, երեխաները ճռռան էին խաղում: Մեծ ու փոքր, տղամարդ և կին զուռնա-դհոլի ուղեկցությամբ երգում էին, պարում, երիտասարդները կոխ էին բռնում: Լոռիում ամեն թաղ իր համար փահլևան էր ընտրում, որոնք նաև կոխի մրցույթներ էին կազմակերպում: Յուրաքանչյուրը, սովորաբար, խաղում էր իր հասակակցի հետ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը