Բարու և չարի խորհուրդը

- Չարիքը խնդիր է, որը մեր կրոնը հրաշալի է բացատրում, և դրանից լավ բացատրություն գոյություն չունի,- պարզաբանում էր մեր ծերը։- Այն հետևյալն է․ չարիքը գոյություն ունի և ծագում է սատանայից։ Մեր մեջ կա և՛ չար ոգի, և՛ բարի, որոնք պայքարում են միմյանց դեմ։ Կա՛մ մեկին կատես, իսկ մյուսին կսիրես, և կա՛մ մեկի հանդեպ ջերմեռանդ կլինես, իսկ մյուսի՝ անփույթ․․․

«Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մտթ․ 6։24)։ Այսինքն՝ մեր մեջ բարու և չարի պայքար է մղվում։ Սակայն այդ պայքարում մարդ ազատ է իր ընտրության մեջ։ Նշանակում է՝ ոչ թե Աստված է նախասահմանում և որոշում, այլ մարդու ազատ կամքը։

Աստված Իր ամենատեսությամբ ճշգրտորեն գիտի ոչ միայն նախապես, այլև անգամ աշխարհի արարումից էլ առաջ, որ այսինչն, օրինակ, սպանություն կգործի երեսուներեք տարեկանում։ Սակայն մարդ իր ազատ կամքով (Աստծու շնորհը, որը մարդ խեղաթյուրեց) գործում է ինքնակամորեն։ Աստված չէ պատճառը, և Նա չի կանխորոշում մեզ այդ նպատակի համար։ Նրա ամենատեսությունը չի պարտավորեցնում մեզ։ Նա հարգում է մեր ազատությունը և չի վերացնում այն։ Նա սիրում է մեզ, չի ստրկացնում, այլ գնահատում է։ Աստված չի խառնվում մեր ազատությանը, հարգում է այն, ազատություն է տալիս մեզ։ Նշանակում է՝ մենք ենք պատասխանատու, քանի որ անում ենք այն, ինչ ինքներս ենք ուզում։ Աստված չի հարկադրում մեզ։ Նրան կանխավ հայտնի է, որ դու սպանելու ես այդ մարդուն, սակայն Նա չի կանխորոշել, որ այդպես վարվես։

Մի՞թե հնարավոր է, որ Աստված, Ով մեզ Իր անսահման սիրուց արարեց, Ով Ինքն է կատարյալ սեր և միայն սեր է կամենում, ցանկանար մեզ չարի ու սպանության տանել։ Նա քեզ ազատություն է շնորհում, որ հետո խլի՞ այն։ Դու գործում ես ազատորեն, դու որոշում ես այն, ինչ Աստված գիտեր նախապես՝ չպարտադրելով քեզ, ուստի և պատասխանատուն դու ես։

Սրանք շատ նուրբ թեմաներ են, որոնք խորապես ընկալելու համար Աստվածային լույս է անհրաժեշտ։ Դրանք խորհուրդներ են։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

26.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․