Բնության մեջ սփռված բարիքը խորհուրդ է

- Խորհուրդն ի՞նչ է,- հարցրեց ծերը։- Բնության մեջ սփռված բարիքը խորհուրդ է։ Մի՞թե հիասքանչ չէ երփներանգ ծաղիկը, որը գրավում է քեզ ու մղում՝ սիրելու իրեն։ Մոտենում ես նրան, իսկ նա այնպիսի նուրբ ու ընտիր բույր ունի, որ ավելի է տրամադրում իրեն սիրելու։ Դա էլ հենց բարիքն է։ Եվ մի՞թե խորհուրդ չէ։ Որտեղի՞ց այդ գույները, որտեղի՞ց այդ բույրը։ Նույնը կարելի է ասել նաև թռչունների, կենդանիների, ջրում բնակվողների մասին։ Ամեն բան արտահայտում է Աստծու բարեգթությունը․․․

Ոմանք ասում են․ «Աստված ինչո՞ւ է այնպես անում, որ ես ցավ ապրեմ, հեշտությամբ մեղք գործեմ, ինչո՞ւ է նման բնավորություն տվել ինձ» և այլն։ Ես նորից ասում եմ ձեզ՝ Աստված մեզ բարի է արարել։ Աստված մարդուն տվել է ամենաբարին ու սքանչելին։ Աստված մարդուն նախասահմանել է կատարյալ լինելու համար։ Սակայն նաև ազատություն է շնորհել և այժմ միայն մարդուց է կախված՝ հետևել չարին կամ բարուն։

Մի կողմից Աստծու սերն է, մյուս կողմից՝ մարդու ազատությունը։ Սերն ու ազատությունը միահյուսվում են։ Հոգին միավորվում է Հոգուն։ Ահա թե որտեղ է խորհրդավոր կյանքը։ Երբ մեր հոգին միավորվում է Աստծու Հոգուն, այդժամ բարիք ենք գործում, դառնում ենք բարի։

Մեր կրքերում մեղավոր է մեր կամքը։ Աստված չի կամենում սահմանափակել մեր կյանքը, չի ցանկանում ճնշել մեզ, չի ուզում բռնություն կիրառել։ Մեզանից է կախված, թե ինչ կանենք և ինչպես կապրենք։ Կա՛մ կապրենք Քրիստոսի հետ և կյանքում կունենանք աստվածային փորձառությունն ու երջանկությունը, կա՛մ կապրենք թախիծի ու տրտմության մեջ։ Միջին վիճակ չի լինում։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Բնությունը չի ընդունում միջին վիճակը, հեռու է վանում դատարկությունը․․․ Մեջտեղ չկա՝ կա՛մ այսպես, կա՛մ հակառակը։

Համբույրն, օրինակ, կարող է լինել սուրբ, բայց կարող է նաև լինել նենգ։ Արժեքավորն այն է, որ մարդ ազատորեն գործի։

Եթե Նա մեզ արարեր կամազուրկ, և մենք անեինք միայն այն, ինչ կամենում է Աստված, ապա ազատություն չէր լինի։ Աստված ստեղծել է մարդուն, որպեսզի նա ինքը ձգտի բարի դառնալ, որպեսզի ինքը ցանկանա դա, և որպեսզի դա դառնա նրա սեփական նվաճումը։ Թեև իրականում դա տեղի է ունենում Աստծու ողորմությամբ։ Նախ մարդ սկսում է ցանկանալ դա, սիրել, փափագել, ապա գալիս է աստվածային շնորհն ու հասնում ես փափագածիդ։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

04.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․