Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Բուն բարեկենդանը նշեց փետրվարի 19-ին: Հայ ազգի կողմից սիրված և սպասված այս տոնը Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայի առաջին օղակն է: Տոնի խորհրդին հայ քրիստոնյան հաղորդ է դառնում նախ մասնակից լինելով Սուրբ և Անմահ Պատարագին:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը, որ քարոզին, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար ասաց. «Այսօր հիշատակում ենք մարդու դրախտային կյանքը Արարիչ Աստծու հետ: Այսօր ուրախանում ենք, որովհետև գիտենք, որ ճիշտ է, թեպետ կորցրել ենք դրախտը, բայց Աստծու Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի մարդացմանը, խաչելությանը և հարությանը հավատալով ու ապրելով հավատքի կյանքով, դրախտային կյանքին վերադառնալու հնարավորությունն ունենք: Մենք հավիտյան չէ, որ զրկված ենք Աստծու ներկայությունից, ուստի սիրենք միմյանց, քանի որ սիրո և ներման, անձնազոհության և հոգատարության ճանապարհը դեպի երկինք են տանում մարդուն: Որքան էլ յուրայիններն ու մեզ շրջապատող մարդիկ չհասկանան մեզ, նույնիսկ դատեն և փորձեն «խելք սովորեցնել մեզ՝ կյանքը ճիշտ, այսինքն՝ իրենց պես ապրելու համար», միևնույնն է, սիրենք մարդկանց: Թող այս Մեծ պահքը առիթ դառնա բոլորիս համար՝ էլ ավելի առաքինություններ ձեռք բերելու և մեր հոգու հավատը բորբոքելու համար»:
Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում համայնքը մասնակից եղավ բարեկենդանյան տոնախմբությանը: Միջոցառման մասնակիցները՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները և Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի աշակերտները, հանդես եկան տոնին հատուկ դիմակներով: Երեխաները մանրամասնորեն ներկայացրին տոնի հոգևոր և ազգային խորհուրդները, կատարեցին «Գացեք, տեսեք»-ը ազգային երգը, տղաները զուռնայի երաժշտության ներքո կոխ բռնեցին՝ մեծ ոգևրություն պատճառելով ներկաներին: Կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանը, ով միջոցառման կազմակերպիչն էր, ասաց, որ հերթական ազգային-եկեղեցական տոնը մի գեղեցիկ առիթ է երեխաներին մոտեցնելու եկեղեցուն, իսկ եկեղեցու միջոցով՝ Աստծուն:
Ուրախ տոնախմբության մեջ առանձնանում էին նաև տոնական սեղանները, որ տիկնանց միության անդամների կողմից զարդարվել էին տոնական և ավանդական ուտեստներով: Այնուհետև ազգային երաժշտությունը ազգային պարերի շուրջ համախմբեց ներկաներին՝ բարեկենդանյան ուրախ տրամադրությամբ համակելով բոլորին: Տոնախմբության ավարտին ներկաները շնորհավորում էին միմյանց ասելով՝ շնորհավոր բարեկենդան և ի պատասխան լսում էին՝ բարով հասնենք Սուրբ Հարության:
Կարինե Սուգիկյան