«Չամաչենք խոստովանել մեր մեղքերը, քանի որ մեծ է խոստովանության ուժը»

Ինչո՞ւ է մարդկային կյանքը բարդացել, խճճվել ու դարձել անմաքուր: Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ, թաքցնելով իրենց մեղքերը, խճճվել են դրանց մեջ և ազատվելու որևէ փորձ չկատարելով՝ ընթանում են մահաբեր ուղով: Մեղքը մարդուն հեռացնում է Աստծուց՝ Կյանքի Աղբյուրից, խաթարում է մարդկային փոխհարաբերությունները և ենթարկում հոգևոր մահվան: Որքան մարդն ուշացնում է զղջումն ու ապաշխարությունը, այնքան ավելի է խճճվում մեղքի կապանքների մեջ, ինչպես թռչունը՝ ցանցի: Սուրբ Գրքում կարդում ենք, որ մեղքի վարձը մահն է (Հռոմ. 6:23) և այն էլ հավիտենական մահը, որից ազատվելու լավագույն ու հեշտ ուղին ցույց է տալիս Տեր, և դա զղջման ուղին է:

Զուր են շատերը դեպի Աստված տանող այս ուղին ծանր բեռ համարում, իսկ ոմանք ընդհանրապես խուսափում են այնտեղ մուտք գործելուց: «Եթե ասենք՝ «Մեղք չունենք», ինքներս մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, վստա՛հ եղեք, թե Աստված, որ արդար է, կների մեր մեղքերը և մեզ կսրբի մեր բոլոր անիրավություններից» (Ա Հովհ. 1:8-10): Հոգևոր կյանքն անհնար է առանց ապաշխարության, իսկ առանց ապաշխարության անհնար է փրկությունը: Նոր կյանքով ապրելու համար անհրաժեշտ է թողնել նախկին մեղսալից կյանքը: Հնարավոր չէ միաժամանակ սիրել և՛ բարին, և՛ չարը: Աշխարհի Փրկիչը՝ Քրիստոս, մարդկությանն ուղղված իր կոչն սկսեց ապաշխարությունից՝ ապաշխարեք, որովհետև մոտ է Երկնքի Արքայությունը (Մատթ. 3:2):  

Նա, ով ընտրել է զղջման ուղին, կարևոր է, որ տեսնի Երկնավոր Հոր անսահման սերն ու ողորմածությունը, ինչի շնորհիվ կարող է ազատագրվել մեղքերի կապանքներից: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակների ենք հանդիպում, երբ մեղավորը խորն ապաշխարությամբ ներման ու ողորմության է արժանացել Աստծու կողմից: Զղջմամբ՝ Տիրոջ կողմից արդարացվեց մաքսավորը և ո՛չ փարիսեցին (Ղուկ. 18:9-14), Տիրոջ ողորմությանն արժանացավ մեղավոր կինը, որ իր արտասուքներով լվաց Տիրոջ ոտքերը (Ղուկ. 7:36-50), զղջմամբ՝ Քրիստոսի աջ կողմում խաչված ավազակի առջև բացվեցին դրախտի դռները (Ղուկ. 23:40-43), զղջալով և դառնորեն լաց լինելով՝ Քրիստոսին երեք անգամ ուրացած Պետրոս առաքյալը կրկին առաքելական կոչմանն արժանացավ (Ղուկ. 22:61-62): Զղջմամբ՝ մեծագույն մեղքի մեջ ընկածները, առաքինության ուղին ընտրելով, հավիտենական երանության արժանացան: Օրինակ՝ Սուրբ Մարիամ Եգիպտացին տասնյոթ տարի մեղսալից և անառակ կյանք վարելուց հետո զղջմամբ այնպիսի օրհնության ու ողորմության արժանացավ, որ Հորդանան գետի վրայով անցնում էր ինչպես ցամաքի վրայով:

Ս. Հովհան Ոսկեբերանը հորդորում է չխուսափել զղջումից և չամաչել մեղքերը խոստովանելուց. «Ինչո՞ւ ես ամաչում ու կարմրում մեղքերդ խոստովանելիս: Մի՞թե դու ինչ-որ մեկիս ես ասում մեղքերդ, որ կսկսի քեզ հանդիմանել դրա համար, մարդասեր Աստծո՛ւն ես խոստովանում մեղքերդ, Բժշկի՛ն ես ցույց տալիս վերքդ: Մի՞թե Նա, Ով գիտի մեր գործերը, մինչ դրանք գործելը, չի իմանա մեղքերդ, եթե չասես: Մի՞թե մեղքը խոստովանելը կծանրացնի վիճակդ, հակառակը՝ կթեթևանաս: Աստված պահանջում է, որ խոստովանես մեղքերդ ոչ այն պատճառով, որ պատժի, այլ որպեսզի ների, ոչ այն պատճառով, որ իմանա մեղքերդ, քանի որ առանց այն էլ գիտի, այլ այն պատճառով, որ իմանաս, թե ինչ պարտք է Նա քեզ շնորհում: Նա ցույց է տալիս քեզ Իր բարերարությունը, որպեսզի փառաբանես Նրան և ավելի նախանձախնդիր լինես առաքինության մեջ: Տերը չի ստիպում, որ քեզ շրջապատես բազմաթիվ վկաներով, այլ առանձնացած խոստովանես  մեղքերդ Իրեն, որպեսզի Նա բուժի և ազատի քեզ հիվանդությունից: Եթե աշխարհիկ դատարաններից մեկը ձերբակալված ավազակներից կամ գողերից մեկին առաջարկեր հայտնել իր հանցանքը և այդկերպ ազատվել պատժից, ապա հանցագործն, արհամարհելով ամոթը, մեծ հաճույքով, հանուն փրկության, կընդուներ այդ առաջարկը: Իսկ այստեղ նման բան չի լինում. Աստված արձակում է մեղքերդ և չի ստիպում խոստովանել դրանք ուրիշների ներկայությամբ, այլ պահանջում է միայն, որ մեղքերից արձակում ստացածն ընդունի մեծագույն պարգևը: Տերը, մեր տկար բնությունը հաշվի առնելով, ցանկանում է, որ սայթաքելուց և մեղանչելուց հետո չհուսահատվենք, այլ շտապենք խոստովանության: Իր կամքին հետևողին Նա շուտափույթ ներում է խոստանում. «Նա, որ գլորվում է, մի՞թե չի ելնում, կամ նա, որ շեղվում է, հետ չի՞ դառնում» (Երեմ. 8:4): Եթե Իր աջ կողմում խաչված ավազակին Իր բարեհաճությանն արժանացրեց, ապա առավել ևս մեզ կարժանացնի Իր մարդասիրությանը, եթե զղջանք ու խոստովանենք մեր մեղքերը: Այսպիսով, որպեսզի մենք էլ օգտվենք Իր մարդասիրությունից, չամաչենք խոստովանել մեր մեղքերը, քանի որ մեծ է խոստովանության ուժը»:

Եթե անկեղծ է զղջումը և մեղսալից կյանքը փոխելու որոշումը՝ հաստատուն, ապա ոչինչ չի կարող խոչընդոտել աստվածային ողորմածությանը՝ զղջացողին ներում շնորհելու: Ս. Իսահակ Ասորին հետևյալ համեմատությունն է անցկացրել. «Ինչպես մեծ ծովը նետված մի բուռ ավազը, այնպես էլ որևէ մեղք աստվածային նախախնամության և ողորմության համեմատ»: Եկեղեցու հայրերը մեղքի մեջ ընկածին հորդորում են վեր կենալ, քանի որ փրկվելու համար անհրաժեշտ է սովորել վեր կանգնել: Մի եղբայր Հայր Սիսոյին հարցրեց՝ Հայր, ի՞նչ անեմ, ընկել եմ: Ծերը պատասխանեց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր»: Եղբայրն ասաց. «Ես վեր կացա, բայց նորից ընկա»: Ծերը պատասխանեց. «Նորից վեր կաց»: Եղբայրը հարցրեց. «Մինչև ե՞րբ վեր կենամ ու ընկնեմ»: Պատասխանեց նրան ծերը. «Մինչև կյանքիդ վերջը»:  

Նա, ով իրապես զղջում է, չի կարող չգիտակցել իր մեղքերի ծանրությունը և դրանց կործանարար հետևանքները, չի կարող չընդունել իր մեղավորությունն ու անարժանությունն Աստծու առաջ, չի կարող ցավ չապրել և չտրտմել: Եկեղեցու հայրերն ու ուսուցիչները նշում են, որ այնտեղ, որտեղ չկա մեղքերի համար տրտմություն, այնտեղ և չկա իրական ապաշխարություն: Ճշմարիտ ապաշխարությունն, ըստ նրանց, կայանում է նրանում, որ հրաժարվենք մեր գործած մեղքերից, հեռու մնանք դրանցից՝ ինչպես հեռու կմնայինք գարշելի մի իրից, ցավ ապրենք գործած մեղքերի համար և հոգևորականի մոտ խոստովանելով՝ Աստծու ողորմածությունը հայցենք: «Երբ մեղանչես,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը,- մի հառաչիր նրա համար, որ քեզ կպատժեն, այլ տրտմիր, որ վիրավորեցիր քո Արարչին, որ սիրում է քեզ, որ հանուն քո փրկության Իր Որդուն մահվան մատնեց»:

«Անձրևն ու ցողը շնորհվում են որպես պարգև, բայց այն չի կարող պատճառ հանդիսանալ, որ հողագործը քնով տարվի և դադարեցնի հողի մշակումն ու ցանելը: Տիրոջ կողմից պատրաստ է մեղավորի համար բժշկությունը, բայց այն չի կարող պատճառ հանդիսանալ, որ նա դադարեցնի մեղքերի թողության համար իր աղոթքները: Եթե հողագործը չցանի, չի օգնի անձրևը, եթե մեղավորը չաղոթի ու չապաշխարի, չի բուժի նրան վերին օգնությունը: Ինչպես բժիշկը, այնպես էլ Աստված ասում է՝ ցույց տուր Ինձ քո վերքը և Ես կբուժեմ այն»,- ասել է Ս. Եփրեմ Ասորին:

Որքան հաճելի և ուրախալի է, երբ մարդը գտնում է իր կորցրած շատ անհրաժեշտ և թանկ իրը: Պատկերացնենք, թե որքան մեծ ուրախություն է ապրում Երկնավոր Հայրը, երբ գտնում է մեղքի մեջ կորած Իր զավակին: «Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն պիտի լինի մեկ ապաշխարող մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության պետք չունեն» (Ղուկ. 15:7): Այդ պատճառով Երկնավոր Հայրն իր զավակներին հորդորում է վերադառնալ դեպի Իրեն և հրաժարվել մեղսալից ու մահաբեր ուղուց: Գուցե մեծ ջանք՝ արյունը թափելու չափ դիմադրություն (Եբր. 12:4)  է անհրաժեշտ սիրտը մեղքերից մաքրելու համար, բայց և անսահման են պարգևներն այդ ջանքերի դիմաց. «Երանի նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8):

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

03.09.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․