25 Նոյեմբեր, Բշ
«Ճաշոց» գիրքը Հին և Նոր Կտակարանների ժողովածու է, դասավորված ամեն օրվա կարգով, որ կարդացվում է եկեղեցու աստվածպաշտության ժամանակ: Գրքում ընդգրկված են սուրբ հայրերի հեղինակած հոգեբուխ աղոթքներ (Եղիշե՝ աղոթք «Այլակերպության», Ներսես Շնորհալի՝ աղոթք «Խաղողօրհնեքի», Ներսես Լամբրոնացի՝ աղոթք կամ ճառ «Հոգեգալուստի»), քարոզներ, ներբողներ (Զաքարիա Ա Ձագեցի՝ ներբող խաչի «Խաչվերաց»), տաղեր ու գանձեր (Ջրօրհնեքի կարգում), որոնք ընթերցվում են որոշ նշանավոր տոների ժամանակ: Հին և Նոր Կտակարանների ընթերցումը, այսինքն՝ «Ճաշոց» գրքի գործածությունը, սկսվել է առաջին դարում՝ դեռևս առաքելական շրջանից:
«Ճաշոց» է կոչվում այն պատճառով, որովհետև հիմնականում կարդացվում է ճաշու ժամերգության ընթացքում: Այն գործածվում է նաև Սբ. Պատարագի, Սբ. Զատկի տոնին հաջորդող 6 օրերի, ճրագալույցների, Ավագ հինգշաբթի և այլ օրերի ժամանակ:
Հայ եկեղեցում օգտագործվող «Ճաշոց» գրքի առաջին հեղինակը համարվում է Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայրը: Հետագայում այն լրացվել է Սբ. Կյուրեղ Երուսաղեմացու և նրա աշակերտ Կիրակոս վարդապետի կողմից: «Ճաշոց»-ը հայերեն է թարգմանվել և կարգավորվել 5-րդ դարում: Հետագայում եկեղեցու այլ հայրապետների կողմից այն լրացվել ու ենթարկվել է փոփոխությունների: «Ճաշոց»-ի կարգավորման և պահպանման գործում մեծ ավանդ ունեն Սբ. Հովհան Օձնեցի (8-րդ դար) և Գրիգոր Վկայասեր (11-րդ դար) կաթողիկոսները: Գրիգոր Վկայասեր կաթողիկոսից սկսած՝ «Ճաշոց»-ը վերաձևվել է ըստ տոների օրացուցային կարգի և լրացվել եկեղեցու տոներով: Նույն շրջանում Տերունի տոների կողքին «Ճաշոց»-ում իրենց ընթերցվածներով սահմանվել են տոներ, նվիրված Սբ. Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Թարգմանչաց, Վարդանանց, Ղևոնդյանց, Վահան Գողթնեցուն և Հայ եկեղեցու մյուս հայրերին, վկաներին և պատմական իրադարձություններին, ինչի շնորհիվ ծիսամատյանի դիմագիծն առավել ազգայնացել է:
Հայոց «Ճաշոց»-ի վերջին կանոնակարգողը Սբ. Ներսես Շնորհալի հայրապետն է: Նա «Ճաշոց»-ում կարգավորեց Հոգեգալստյան և Վերափոխման տոները:
«Ճաշոց»-ը կիրառվում է հետևյալ պարագաներում.
«Ճաշոց» չի ընթերցվում միայն Առաջավորաց պահքի առաջին 4 օրերին, իսկ 5-րդ օրն ընթերցվում է Սբ. Հովնան մարգարեի գիրքը, քանի որ այդ օրը նվիրված է նրա հիշատակին:
«Ճաշոց»-ն ունի տոնացուցային կառուցվածք. սկսվում է հունվարի 6-ով, ավարտվում՝ հունվարի 5-ով: «Ճաշոց»-ում չկան Դատավորներ, Հռութի, Ա և Բ Մնացորդաց, Եզրասի, Նեեմիի, Տոբիթի, Գ Մակաբայեցիներ գրքերը Հին Կտակարանից, իսկ Նոր Կտակարանից՝ Պողոս առաքյալի թուղթը Փիլիմոնին և Սբ. Հովհաննես առաքյալի Հայտնությունը, որովհետև առաջինն ունի անձնական բովանդակություն, իսկ երկրորդը՝ ուշ է մտել կանոնի մեջ (Ներսես Լամբրոնացու (1153-1198) միջոցով) և պարունակում է խորհրդաբանություններ:
«Ճաշոց» գրքում կան նաև գրվածքներ ինչպես Հայ եկեղեցու հայրերի (Եղիշե, Զաքարիա Ա Ձագեցի, Սբ. Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Հովհաննես Երզնկացի Պլուզ), այնպես էլ հույն և ասորի հայրերի (Սբ. Բարսեղ Կեսարացի, Սբ. Հովհան Ոսկեբերան, Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի, Սբ. Եփրեմ Ասորի) մատենագրական ժառանգություններից:
«Ճաշոց» գիրքը կոչվում է նաև «Տոնամակ», «Տոնանամակ»: Առաջին անգամ այս գիրքը տպագրվել է 1686թ. Վենետիկում՝ երևանցի Թադեոս դպիր Համազասպյանի ջանքերով, իսկ Էջմիածնում՝ 1872թ-ին: Ճաշոցները նաև պատկերազարդվել են: Մատենադարանում պահվող Ճաշոցներից առանձնանում է «Հեթում Բ թագավորի Ճաշոցը» (1286, ձեռ. № 979):