21 Դեկտեմբեր, Շբ
Նոյեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և «Անանուն թմրամոլներ» խմբի երկու մասնակիցներ հանդիպում ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի հինգերորդ լսարանի գործնական աստվածաբանության հոսքի ուսանողների հետ: Հովվական սոցիալական ծառայության առարկայի շրջանակներում՝ ճեմարանականները ծանոթացան Տեր Գրիգորի հովվական սոցիալական ծառայության ուղուն և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործող երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբում իրականացվող «12 քայլ» ծրագրին:
Տեր Գրիգորը ճեմարանի ուսանողներին նախ պատմեց, թե ինչպես է ծանոթացել «12 քայլ» ծրագրին, ինչպիսի հետաքրքիր ընթացք են ունեցել ծրագրի վերապատրաստման դասընթացները, որոնց նա մասնակցել է Մոսկվայում և Նորվեգիայում: Ներկայացրեց նաև իր հովվական սոցիալական ծառայության փորձը, որ տարիներ շարունակ իրականացրել է ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ում, որի նպատակն է եղել նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը:
Այնուհետև երևանյան «Անանուն թմրամոլներ» խմբի մասնակիցները ճեմարանի ուսանողներին ներկայացրեցին «12 քայլ» ծրագրի ստեղծման պատմությունը և ծրագրի տասներկու քայլերը: Կախվածություն ունեցողը քայլ առ քայլ ընդունում է, որ ինքն ի զորու չէ հաղթահարել ալկոհոլի կամ թմրադեղի նկատմամբ իր կախվածությունը, որ միայն Ամենակալը կարող է իրեն օգնել, սկսում է կյանքը գնահատել բարոյական տեսակետից, Աստծո, մարդկանց և իր առջև ինքնաքննությամբ ընդունում է իր թերությունները՝ ապավինելով Աստծո օգնությանը: Աղոթքի միջոցով նա ձգտում է հոգևոր զարթոնք և ուրախություն ապրել՝ ձգտելով այդ ուրախությանը մասնակից դարձնել նաև նրանց, որ դեռևս գտնվում են կախվածության ճիրաններում: Այսինքն՝ «12 քայլ» ծրագիրը նպատակաուղղված է անձի ֆիզիկական, հոգևոր և բարոյական առողջության ձևավորմանը:
Ճեմարականները տեղեկացան, որ աշխարհի հարյուր երեսունյոթ երկրներում մեծ արդյունավետությամբ է գործում «12 քայլ» ծրագիրը, որ իրականացվում է «Անանուն թմրամոլներ» և «Անանուն ալկոհոլամոլներ» բաց և փակ խմբերում:
«Տպավորությունները ոգևորիչ էին ու քաջալերող, քանի որ յուրաքանչյուր այսպիսի հնարավորություն առիթ է ընձեռում մեզ վերաիմաստավորելու մեր ծառայությունը Հայ եկեղեցու անդաստանից ներս: Յուրաքանչյուր հոգևորական եկեղեցուց ներս իրականացվող ծառայությունների հանդեպ ունի իր անձնական մոտեցումը, այս ոլորտում հաջողած հոգևորականների կարծիքները լսելը և հետագայում համադրելը, իդեալական պետք է լինի նոր կազմավորվող սերնդի համար: Շատ շնորհակալ ենք մեզ ընձեռված այս հնարավորության համար»,- ասաց Ռոբերտ ուրարակիր Ոսկանյանը:
Կարինե Սուգիկյան