Չիրականացած ցանկություն

Ավանակը լաց ու կոծ է գցում մի փակ դարպասի առջև: Նույնիսկ ամպերի վրա նստած հրեշտակն է լսում, իջնում և հարցնում.

- Ինչո՞ւ ես հուսահատ աղաղակում:

Ավանակը պատասխանում է.

- Ինձ այլևս ներս չեն թողնում, քանի որ իմ տերերն ինձ դուրս հանեցին ու դարպասն ամուր փակեցին: Ինչո՞ւ Աստված նաև չի օգնում, որ այդ դարպասը բացվի:

Հրեշտակն ասում է.

- Հուսահատությունդ իրականության անտեղյակության արդյունքն է: Տան բակում յուրահատուկ, գեղեցիկ ծաղիկներ են տնկում և ցանկապատում: Երբ ավարտեն, դարպասը կբացեն և քեզ ներս կթողնեն: Եթե հիմա մուտք գործես, դեռ չցանկապատած այդ պարտեզին վնաս կհասցնես: Եվ այդ ամենից զայրացած տան տերերը քեզ կբռնեն, կկապեն, ու մի լավ կքոթակեն, ու այս անգամ շատ ավելի մեծ աղմուկ-աղաղակ կբարձրացնես: Այնպես որ, ուրա´խ եղիր, որ միայն դարպասն են քո առջև փակել, որ ծաղիկներին չվնասես և քեզ էլ փորձանքի մեջ չգցես:

 

Հովհաննես Մանուկյան

11.12.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․