Քննադատություն բառը, ըստ Մալխասեանցի Հայերեն բացատրական բառարանի, նշանակում է՝ 1. գրական կամ արվեստի գործը քննելն ու դատելը, դրան գնահատելը, 2. պարսավ հարձակում որևէ անձի կամ նրա գործունեության վրա, 3. գրվածք, որի մեջ քննադատված է այս կամ այն առարկան:
Այսօր աշխարհում քննադատության տարածումը՝ ընդարձակ կամ սահմանափակ, քանակը՝ հաճախակի կամ սակավ, որակը՝ հիմնավորված կամ անհիմն, զորությունը՝ ուժգին կամ մեղմ, նպատակը՝ սխալների սրբագործում կամ խառնաշփոթության տարածում, տարբերվում են երկրների, ազգերի, ցեղերի և նույնիսկ ընտանիքների միջև:
Ներկայումս յուրաքանչյուր գրավոր տարբերակով հրատարակված քննադատական տողը կամ բանավոր ձևով արտասանված քննադատական ճառը չի արտացոլում քննադատության արվեստը, որովհետև բազմաթիվ են կարդացված կամ լսված քննադատական խոսքերը, որոնք ձախողվում են ճշմարտության լսարանում, չեն անցնում բամբասանքի օղակի շրջանակից դուրս: Մեծ իմաստային տարբերություն կա քննադատության և բամբասանքի միջև: Իմաստուն անձը կքննադատի և չի բամբասի, մինչ ոչ իմաստունը միայն կբամբասի: Իմաստուն խոսքն ասում է. «ժամանակը քննադատներից ամենապերճախոսն է, այն տապալում է կեղծիքը և բարձրացնում ճշմարտությունը» (Թագոր):
Այս հոդվածի նպատակն է քննարկել քննադատության թեման զանազան մոտեցումներով՝ քննադատության հարաբերությունը ճշգրտության, նպատակի, լուծման, պատրաստակամության, իշխանության, ժամանակի, ոճի և ներման հետ, որպեսզի իմանանք քիչ և ճիշտ քննադատել, և ոչ շատ ու սխալ:
Քննադատությունն ու ճշգրտությունը: Նախքան քննադատող անձը որևէ քննադատություն կատարի, պետք է այն անցկացնի չեզոք և արդար քննությունով: Փաստերով ապացուցի իր քննադատության ճշգրտությունը, ճշմարտությունը, արդարացիությունը, որպեսզի իր արարքը չհամարվի անիմաստ, անզոր, անհիմն, որ փուլ է գալիս ճշմարտության դեմ առաջին իսկ բանավեճից: Կարելի է ասել հաստատորեն, որ պատմության ընթացքում կատարված բոլոր քննադատությունները ճշմարիտ չէին: Ինչքա՛ն մարդիկ զոհ դարձան անարդար քննադատության՝ չարախոս լեզուներից ծնված զզվելի և գարշելի բամբասանքներին:
Մեծ է այն մարդկանց թիվը, որոնք անճշտորեն քննադատում են բոլորին՝ մտերիմներին և անծանոթներին, որովհետև պարզապես սիրում են քննադատել: Նրանց համար խնդիր չէ, որ իրենց քննադատության ցանցի մեջ գտնվող անձերը կլինեն տղամարդիկ կամ կանայք, կղերական կամ աշխարհական, ղեկավար կամ պարզ քաղաքացի:
Քննադատությունն ու նպատակը: Քննադատությունը պետք է ունենա հստակ նպատակ, այլապես այն թերի է, ամբողջական չէ: Քննադատության նպատակները պետք է լինեն, օրինակ՝ 1. ապացուցել մեր շուրջը հնչված սխալ ուսուցումներն ու դրանց ժխտական հետևանքները մեր վրա, 2. ակնարկել շրջապատում ոչ իրավացի գաղափարի տարածումը, 3. փաստել ոչ գործունյա ծրագրերի անարդյունավետությունը, 4. մատնանշել որոշ օրենքների վերատեսության անհրաժեշտությունը և այլն: Ինչպե՞ս լռել և չքննադատել՝ 1. Եհովայի վկաների մարդակործան և ազգակործան ուսուցումները Հայաստանում և հայ ազգի կյանքում, 2. Սփյուռքի վերահաստատման ու վերազորացման ոչ գործունյա ծրագրերը, 3. միասեռական ամուսնության անտրամաբանական օրինականացումը, 4. համայն մարդկանց չիպավորման նախագիծը, 5. համալսարանական որոշ մասնագիտությունների գծով դիմողների նվազումը և այլն:
Քննադատությունն ու լուծումը: Քննադատող անձի քննադատությունը պետք է ընդգրկի նաև ընտիր և գործնական լուծումներ, որպեսզի դրանց շնորհիվ սրբագրվեն նեղ և լայն շրջանակներում գտնվող սխալները: Քննադատելը՝ առանց լուծումներ ներկայացնելու, նմանվում է մարմնի մաշկի վրա գտնվող վերքի մասին խոսելուն՝ առանց դրա բժշկելու գործընթացի ուղղությամբ քայլ անելու: Որքա՛ն վայելուչ կլինի, երբ քննադատողը յուրաքանչյուր խնդրի կողքին առաջարկի նվազագույնը լուծման մեկ առաջարկ:
Քննադատությունն ու պատրաստակամությունը: Քննադատող անձը պետք է պատրաստակամ լինի, գիտակցի, որ իր գաղափարներն ու արարքները կարող են մի օր քննադատվել որևէ մեկի կամ խմբի կողմից: Զարմանալի ու հետաքրքիր է, որ պատմության ընթացքում գոյություն են ունեցել և ունեն այնպիսի մարդիկ, որոնք բուռն քննադատում են մարդկանց, բայց միաժամանակ վճռակամորեն մերժում են լսել իրենց հասցեին ուղղված որևէ քննադատություն, նույնիսկ եթե դա ճիշտ է և մեղմ ոճով է ներկայացված: Ո՛վ մարդ, եթե պատրաստ ես քննադատել մարդկանց, ապա պատրաստ պետք է լինես քննադատվելու մարդկանցից, հիշի՛ր, որ Հիսուս Քրիստոս, որ ոչ մի սխալ չգործեց իր երկրավոր կյանքում, անարդարորեն քննադատվեց հրեաների կողմից:
Քննադատությունն ու ժամանակը: Որևէ մարդ չի կարող ասել, թե ինքը իրավասություն ունի քննադատություն կատարելու ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Կան քննադատություններ, որոնք պետք է կատարվեն հատուկ վայրերում և ժամանակներում, և ոչ ամենուրեք ու ամեն ժամանակ, օրինակ՝ դատավորը հանցագործին դատում է դատարանում, նախօրոք որոշված օրը ու ժամին, այլ ոչ հանրային վայրում, ծնողները տանը պետք է դատեն իրենց փոքր զավակի՝ շուկայում կատարած սխալ արաքը, և ոչ այդ պահին, գործատերը իր գրասենյակում պետք է դատի իր գործավորի հարատև ուշացումը, և ոչ բոլոր աշխատակիցների ներկայությամբ և այլն: Գրված է Ժողովող գրքում. «Ամեն բանի ժամանակ կա, և երկնքի ներքո ամեն գործ ունի իր ժամանակը» (Ժող 3:1):
Քննադատությունն ու ոճը: Ինչպես որ յուրաքանչյուր քննադատություն ունի իր ժամանակը, նույնպես յուրաքանչյուր քննադատություն ունի իր ոճը: Ճիշտ չի լինի, որ քննադատության ոճը լինի միատեսակ՝ նմանվի ուժգին տեղատարափ անձրևի, որ բարիքից ավելի չարիք է գործում, տեղահան է անում ցանված սերմը, մինչ դեռ մեղմ քննադատությունը նմանվում է թեթև անձրևի, որ կամաց-կամաց ներծծվում է հողի մեջ, շփվում է դրա տակ գտնվող սերմի հետ, և պատճառ է հանդիսանում, որ վերջինս ծլի և լույս աշխարհ գա: Քանի որ քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը. «Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում» (Առակ. 15:1), ապա մեղմ քննադատությունը կարող է սրբագրել որոշ մարդկանց սխալ գաղափարներն ու ընթացքը:
Քննադատությունն ու ներումը: Քննադատությանը պետք է ընկերակցի ներումը: Սիրել ճշմարտությունը, չհարդուրժել սխալը չի նշանակում օրը 24 ժամ պատրաստ լինել քննադատելու մեզ շրջապատող բոլոր մարդկանց անխտիր, թեկուզ իրենց կատարած ամենափոքր սխալի համար: Կան սխալներ, որոնք ոչ թե քննադատության կարիք ունեն, այլ՝ ներողամտության: Երբեմն սխալը ներումով է սրբագրվում, քան քննադատությամբ: Մեր Տերը, Աստվածը և Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, խոսեց ներման մասին՝ ասելով. «Ներե՛ք, և ներում պիտի գտնեք» (Ղուկ. 6:37):
Քննադատությունն ու լռությունը: Գրված է Ժողովող գրքում, որ ոչ միայն խոսելը ունի իր ժամանակը, այլ նաև լռելը. «Ամեն բանի ժամանակ կա, և երկնքի ներքո ամեն գործ ունի իր ժամանակը ..․. լռելու ժամանակը և խոսելու ժամանակը» (Ժող. 3:1, 7): Կան սխալներ, որոնց դիմաց լռության առաքինությունը պետք է ցուցաբերել և ոչ քննադատություն:
Քննադատությունն ու իշխանությունը: Խոսքի ազատություն ունենալ չի նշանակում տրամաբանական և արդար մոտեցումով ձեռք բերել քննադատություն կատարելու բացարձակ իշխանություն: Գիտակից անձը գիտի, որ իրեն վայելուչ չէ քննադատել աշխարհի բոլոր մարդկանց սխալ արարքները:
Սիրելի ընթերցող, եթե գտնվում ես մեծ և լուրջ խնդրի առջև, որ արժանի է քննադատության, և դու ուզում ես քննադատել այդ խնդիրը, նախ ընտրիր քննադատելու ճիշտ ժամանակը, թող քննադատությունդ շաղախված լինի ճշմարտությանը, թող քննադատությունդ ունենա հստակ նպատակ, թող քննադատությունդ մատակարարված լինի գործնական լուծումներով, թող քննադատությունդ ընդհանուր առմամբ կազմվի մեղմ ոճով, որպեսզի լինի ճիշտ ու պատշաճ և չդառնա զրպարտություն:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր