Չորս ավետարանիչների հիշատակության տոն

Չորս ավետարանիչների հիշատակության տոն | Chors Avetaranichneri Hishatakutyan Ton

Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակման տոնը:

Ավետարանիչներից առաջինը՝ Մատթեոսը, Հիսուս Քրիստոսին ամենամոտ կանգնած տասներկու առաքյալներից մեկն էր, ով մինչև Տիրոջ կողմից կանչվելը, մաքսավոր էր աշխատում Կափառնայում, այսինքն հռոմեացիներին էր ծառայում՝ ի վնաս իր հայրենակիցների: Սակայն, երբ լսեց Աստծո Խոսքը, ապաշխարեց, վաճառեց իր ողջ ունեցվածքը, բաժանեց աղքատներին ու Աստվածորդու հետևորդը դարձավ: Մատթեոսի Ավետարանը փայլուն ապացույցն է այն բանի, որ Հիսուս Քրիստոսն էր այն ճշմարիտ Մեսսիան, ում իր ժողովուրդը սպասում էր (Մտթ. 11:3, 4): Հոգեգալուստից հետո սուրբ Մատթեոս առաքյալը Տիրոջ Խոսքը քարոզեց Պաղեստինում, Պարթևաստանում, Սիրիայում, Պարսկաստանում ու Եթովպիայում, որտեղ էլ մարտիրոսվեց հանուն Քրիստոսի:

Մարկոս ավետարանիչն, ըստ ավանդության, ծնվել էր Երուսաղեմում, Քրիստոսի աշակերտ Բառնաբասի եղբոր տղան էր և այն տղան, ով, սավանի մեջ փաթաթված, Տիրոջ ձերբակալության գիշերը հետևում էր նրան (Մարկ. 14:51, 52): Նրա մոր՝ Մարիամի տունը Գեթսեհեմի պարտեզի մոտ էր գտնվում և Քրիստոսի համբարձումից հետո առաքյալների ու հավատացյալների համար որպես աղոթատեղի էր ծառայում: Մարկոս ավետարանիչը Պետրոս ու Պողոս առաքյալների, Բառնաբաս աշակերտի համագործակիցն էր ու նրանց քրիստոնեական գործունեության վկան: Պետրոս առաքյալը նրան մեծ ջերմությամբ էր վերաբերվում ու իր հոգեզավակն էր համարում (Ա Պետր. 5:13): Մարկոս ավետարանիչն Աստծո Խոսքը քարոզեց Աֆրիկա մայրցամաքում, հատկապես՝ Եգիպտոսում, ուր հիմնադրեց Ղպտի Ուղղափառ Եկեղեցին և մարտիրոսվեց հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի:

Ըստ ավանդության, Ղուկաս ավետարանիչը Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր և Պողոս առաքյալի վկայության համաձայն բժիշկ էր: Նա Անտիոքում էր ծնվել, սակայն Տիրոջ մասին լսելով, եկել էր Պաղեստին, հետևել Հիսուս Քրիստոսին ու իր քարոզչական գործունեությունը սկսել դեռևս Տիրոջ երկրային կյանքի օրերին: Նա ոչ միայն Ղուկասի Ավետարանն է գրել, այլև Աստվածաշնչի «Գործք Առաքելոց» բաժինը: Նաև Աստվածամոր, Պողոս և Պետրոս առաքյալների առաջին սրբապատկերների ստեղծողն է եղել: Նա Աստծո Խոսքը տարածեց Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում, որտեղ էլ մարտիրոսական մահ ընդունեց:

Հիսուս Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը գալիլեացի ձկնորս Զեբեդեոսի որդին էր և Աստվածորդու տասներկու առաքյալներից մեկը: Նա գրել է չորրորդ ավետարանը, երեք ընդհանրական նամակներն ու «Հայտնություն» գիրքը: Հովհաննեսը Սիրո Առաքյալ է կոչվում, քանի որ նրա բոլոր գրվածքները սիրով են լեցուն և հանգեցնում են այն գաղափարին, որ Աստված Սեր է (Ա Հովհ. 4:7, 8): Եվ Տերն էլ այնքան էր սիրում ու վստահում Հովհաննեսին, որ նրան հանձնարերց խնամել ու հոգ տանել Սուրբ Աստվածամոր մասին (Հովհ. 19:26-28): Սուրբ Կույսի ննջումից հետո Հովհաննես ավետարանիչը, քարոզչության նպատակով, ուղևորվեց Եփեսոս, ուր ձերբակալվեց և հետագայում արտաքսվեց Պատմոս կղզի, որտեղ էլ երկար տարիներից հետո իր վախճանը գտավ:

Սիրելիներ, համառոտ կերպով պատմեցի ձեզ չորս ավետարանիչների կյանքի ու գործունեության մասին և այժմ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որ միավորում է այս չորս մարդկանց. նրանք բոլորն էլ նվիրվեցին Աստծո բարի լուրի գրառման ու տարածման գործին, այն լուրի, որ Քրիստոս երկիր բերեց: Վստահորեն կարող ենք ասել, որ Ավետարաններում է ամփոփված քրիստոնեական հավատքի ողջ էությունը: Ավետարաններն են այն բարի լուրը տվողը, որ Քրիստոս երկիր եկավ, մարդացավ ու խաչվեց՝ ազատագրելով համայն մարդկությանը մեղքի գերությունից, Իր Հրաշափառ Հարությամբ հաղթանակ տոնեց մահվան նկատմամբ ու Համբարձման միջոցով երկնային հավիտենական կյանքի հույսը պարգևեց մեզ՝ մահկանացուներիս: Ահա, այս սքանչելի լուրն է, որ չորս ավետարանիչները գրի առան ու հայտնեցին ի լուր ողջ աշխարհի և այժմ յուրաքանչյուր քրիստոնյայի սրբազան պարտքն է այս կարևորագույն լուրի տարածման մասնակիցը լինելը: Սակայն, պետք է հիշեցնեմ ձեզ, սիրելի քույրեր ու եղբայրներ, որ Աստծո Արքայության մասին խոսելուց առաջ, նախ այդ Արքայությունը մեր սրտերում պիտի ունենանք, քանի որ ինչպես Քրիստոս Հիսուսն է ասում Ղուկասի ավետարանում. «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի, թե՝ ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:21, 22)։ Իսկ Հովհաննեսի ավետարանում լրացնում է այս խոսքը՝ ասելով. «Հավիտենական կյանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված, նաև Հիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Հովհ. 17:3): Արդ, երբ մենք մշտական ու սերտ կապի մեջ կլինենք Աստծո հետ՝ մեր գիտելիքների, աղոթքների ու ճշմարիտ սիրո վրա հիմնված գործերի միջոցով, այնժամ կարող ենք

հուսալ, որ գոնե ինչ-որ չափով կրում ենք մեր մեջ Աստծո Արքայությունն ու կարող ենք կիսվել դրանով այլոց հետ:

Սիրելի հավատացյալներ, գիտեմ, որ ասածս մի պարզ բան չէ, և հոգևոր կյանքն էլ «գիտությունների գիտություն» է անվանվում Եկեղեցու Հայրերի կողմից, ուստի կամենում եմ հիշեցնել ձեզ, որ Քրիստոսի Եկեղեցին է, որ արդեն երկու հազարամյակից ավել հաստատուն կերպով կանգնած է ձեր կողքին՝ ձեզ օգնելու ու պահպանելու համար: Սա այն Եկեղեցին է, որ հիմնվեց Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի դավանած Պետրոս առաքյալի ճշմարիտ դավանության վրա, որի համար Տեր Հիսուս ասաց. «...Այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (Մտթ. 16:17): Այս ամենն իրականություն դարձավ Քրիստոսի Հրաշափառ Հարությունից հետո և չդադարեց գործել առաքյալների վախճանից հետո էլ, քանի որ Եկեղեցու Գլուխը Հիսուս Քրիստոսն է ու Սուրբ Հոգու միջոցով է ուղղում նրա ճանապարհը՝ մինչև Իր Երկրորդ Գալստյան ժամանակները: Այս է պատճառը, որ Քրիստոսի տված ճշմարտությունն ու ավանդություններն ուսուցանող Եկեղեցու հետնորդները պիտի Տիրոջ առաքյալների ու աշակերտների գործը կրողն ու շարունակողը լինեն: Մերօրյա մարդկությունը մոլորվել ու շնչահեղձ է լինում աշխարհի խելագար ընթացքի մեջ և նրանք, ովքեր իրական ճշմարտությունն են փնտրում, այն միայն Քրիստոսի կողմից հիմնադրած Եկեղեցուց ներս կարող են գտնել: Ուստի, յուրաքանչյուր ոք, ով իրեն իրապես քրիստոնյա է համարում, պետք է իր կյանքի առանցքը Քրիստոսի Մարմնին ծառայելը համարի: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր սրբագույն պարտականությունը համարի իր հավատքը կիսել նրանց հետ, ովքեր դեռևս չեն արժանացել Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու մասը կազմելու մեծագույն պարգևին:

Վերջերս ռուս եկեղեցու Հայրերից մեկի գրառումները կարդացի, սիրելիներ, ուր պատմվում էր մի հոգևորականի մասին, ով արտերկրում իր նոր նշանակման առիթով հավատացյալների հետ հանդիման ժամանակ ասել էր, որ ռուս տարագիրների կամ փախստականների իմաստն Ավետարանն ամբողջ աշխարհին քարոզելու մեջ է, իսկ դա նշանակում է ոչ թե ինչ-որ կարծեցյալ քրիստոնեություն քարոզել, այլ միակ, ճմարիտ հավատքը, որ Քրիստոս տվեց Իր առաքյալների ու աշակերտների միջոցով: Եվ այս խոսքերն, իհարկե, ոչ միայն ռուս ժողովրդին էր վերաբերվում…

Արդ, սիրելի հավատացյալներ, խոսքիս ավարտին, կամենում եմ մաղթել, որպեսզի Եկեղեցու Սուրբ Հայրերից ևս մեկի այն խոսքերն իրականություն դառնան, որ Աստծո միջամտության շնորհիվ ժամանակ կգա, երբ մարդիկ իրենք կփնտրեն Աստծո Խոսքը կրողներին, կբռնեն նրանց ձեռքն ու կասեն. «Պատմիր մեզ Քրիստոսի մասին»: Թող Աստծո սերը, հույսն ու հավատը հավիտյանս ուղեկից լինեն մեզ: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

17.10.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․