25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Որ առնէ զճշմարտութիւն՝ Գայ առ լոյսն, զի յայտնի լիցին գործք նորա՝ թէ Աստուծով գործեցան» (Հովհ. 3:21)
«Ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծո կամքի համաձայն» (Հովհ. 3:21)
Սիրելի հավատավոր զավակներ Աստծո,
Աստվածհայտնության սիրով ու լույսով զորացած մեր գոհաբանական աղոթքն ենք առաքում առ Աստված: Այս օրերին մեր շուրթերին է Քրիստոսի հրաշափառ ծննդյան ավետիսը՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ… Աստծո ունեցած սերը մեր հանդեպ բազմիցս արտահայտվել է մեր կյանքում և այդ սիրո գերագույն արտահայտությունն այն է, որ. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3:16), որովհետև Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը:
Աստվածապարգև մեր կյանքը խաղաղ ու բարի ընթացք կդառնա մեր համար, երբ կարողանանք Աստծո սերը իր ողջ էությամբ զգալ մեր հոգում և շոշափելիորեն արտահայտել մեր կյանքում: Աստծո սերը կա և գոյություն ունի մեր մեջ, միայն պետք է այն զգալ, ճանաչել, ընդունել և ըստ այդմ էլ մնալ ճշմարտության լույսի ներքո և ապրել ճշմարտությամբ:
Պողոս առաքյալը հորդորում է մեզ ասելով. «ինքդ քեզ մարզիր աստվածպաշտությամբ ապրելու, որովհետև եթե մարմնի մարզումներն օգտակար են որոշ բաների համար, ապա աստվածպաշտությունը ամեն ինչի համար է օգտակար, քանի որ այն խոստանում է կյանք տալ թե այս, թե հանդերձյալ աշխարհում» (Ա Տիմոթեոս 4:8):
Այո՛, սիրելինե՛ր, ճշմարիտ աստվածպաշտությունը մեր հավիտենական կյանքի գրավականն է: Աստծո պատվիրաններից առաջինը հստակ և զորեղ կերպով մեր գիտակցության մեջ է՝ «Ես եմ քո Տեր Աստվածը» (Ելք 20:2) և մենք մեր հույսը դրել ենք Կենդանի Աստծո վրա, որ Փրկիչն է բոլոր մարդկանց:
Բարձրյալը համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, ովքեր սրտամաշ են եղել: Տերը տեսնում է մեր սրտի ճանապարհները և բժշկում, սփոփում և ճշմարիտ մխիթարություն է տալիս մեզ: Եսայի մարգարեն ասում է. «Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. Մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե՝ «Ահա հասել եմ»։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։ Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի» (Եսայի 58:9-11): Ով հավատում է, որ Աստծո Սերը իր մեջ է և ինքը Աստծո Սիրո արդյունք է, նա կընդունի և կհասկանա, որ իր պարտքն է, որ ինքն էլ սիրի ուրիշներին և իրավունք չունի ապրելու միայն իր անձի համար և պետք է նմանվի Նրան Ով ստեղծել է իրեն և պետք է ունենա և միշտ ձգտի անշեջ պահել այդ հուրը՝ անկեղծ և ճշմարիտ սերը:
Սիրելիներ, իմացե՜ք, նա ով արհամարում է Աստծո անչափելի սերը՝ պիտի արհամարվի, նա ով չի հավատում Աստվածային սիրո սրբությանը, չի ճանաչում այն իբրև անգնահատելի պարգև Աստծուց, նա կորստյան մատնված մարդ է: Իսկ դուք, որ Աստծո Սերը որպես կյանքի լույս և օրհնություն եք ընդունում պիտի անբաժան մնաք Աստծուց հավիտյանս հավիտենից:
Պողոս առաքյալը սիրո հավիտենականության մասին խոսելիս ասում է. «Վստահ եմ, որ ո՜չ մահը և ո՜չ կյանքը, ո՜չ հրեշտակները և ո՜չ չար ոգիների իշխանությունը, ո՜չ ներկան և ո՜չ գալիքը, ո՜չ էլ որևէ զորություն, ո՜չ վերին և ո՜չ ներքին աշխարհները, ո՜չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 8:38-39):
Սաղմոսերգուի օրինակով մենք էլ աղոթենք առ Աստված ասելով. «Սիրտ սուրբ հաստատեա՜ հիս, Աստված» (Սղմ. 50:12) «Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՜ր, Աստված» և մշտապես մեր մտքում ունենանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Խոսքերը. «Երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»: (Մտթ. 5:8) Առանց սրտի սրբության փրկություն չկա: Ուրեմն, սիրելիներ, մաքուր սրտով, սիրով, անկեղծ և զորեղ հավատքով կատարենք այն ինչ ճշմարիտ է, ինչ Աստծո պատգամն է, այդպես կգնանք դեպի Լույսը՝ դեպի Աստված և մեր ապրած կյանքը և կատարած գործերը կլինեն Աստծո կամքին համաձայն և թող աստվածային սիրո անշեջ լույսը հավիտենապես վառվի ձեր սրտի մեջ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան