Ճշմարիտ հավատքը բարի պտուղներ է տալիս, քանի որ Տիրոջ խոսքի համաձայն յուրաքանչյուր մտածում, խոսք և գործ բարի է: Աստծուն ճշմարտապես սիրող անձինք չեն կարող ունենալ այլ, եթե ոչ աստվածահաճո ընթացք: Եկեղեցական համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերը աստվածահաճո ընթացքի պտուղներն են, որոնց իրենց մասնակցությունն են բերում համայնքի անդամները՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով:
Հունվարի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական տնայցով աջակցեց Աղեկյան ընտանիքին: Դավոյան Անահիտն (22 տ.) իր ամուսնու, սկեսուրի և երկուամյա որդու հետ վարձակալությամբ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/14 հասցեում: Կեցության և սոցիալական խնդիրների պատճառով Աղեկյան ընտանիքը երկուսուկես տարի առաջ Տաշիր քաղաքից տեղափոխվել է Երևան: «2015 թ-ի ամռանը մեր քաղաքում բնական աղետի՝ ուժեղ քամու պատճառով ամբողջովին վնասվել էր մեր տան տանիքը և առաստաղը: Պետության կողմից մեզ տրամադրած գումարը չբավարարեց, որ վերականգնենք վնասվածը, շատերին դիմեցինք օգնության համար, բայց ապարդյուն: Սկեսուրս առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատելու, միայն ամուսինս է աշխատում, որպեսզի կարողանանք տան և կոմունալ վարձերը վճարել, հոգալ մեր կարիքները: Մարտ ամսին կծնվի մեր երկրորդ բալիկը»,- ասաց Անահիտը: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Անահիտին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը:
«Այն մարդը, որ նյութական ամեն բարիք ունի և տեսնելով, որ իր եղբայրն օգնության կարոտ է, գութ չի տածում, ինչպե՞ս կարող է ասել, թե Աստծո սերն ունի իր մեջ» (Ա Հովհ. 3:17):
Կարինե Սուգիկյան