26 Դեկտեմբեր, Եշ
Մերձավորի հանդեպ սերը աստվածճանաչողության լավագույն միջոցն է: Աստծու մասին գիտելիքներն, առանց գործնականի կիրառման, անկենդան են, ինչպես հավատն առանց գործերի (Հակոբ. 2:26): Աստծուն չենք կարող սիրել այլ կերպ, եթե ոչ սիրելով մարդուն, որ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը: Ճշմարիտ կյանքի առաջին նշանը սերն է մերձավորի հանդեպ, որի հակադիր մեղքը՝ եսասիրությունը, իր շուրջն է տարածում նախանձ, հպարտություն, ատելություն, բաժանում և այլ մեղքեր, որոնց պտուղը հոգևոր մահն է: Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոս, աշխարհ գալով, վերականգնեց մարդու անկյալ բնությունը և ուսուցանեց սիրով ապրել ու գործել: Աստվածային սերն անսահման է, այդ սիրո մասին Նապոլեոնը հիացմունքով ասել է. «Ես ձախողվեցի այնտեղ, որտեղ Հիսուս հաջողեց. Նա Իր սիրով գրավեց աշխարհի բոլոր սրտերը»։ Եկեղեցու հայրերից մեկն ասել է՝ սիրիր և գործիր, ինչ ցանկանում ես, և քո բոլոր գործերը բարի կլինեն:
Մերձավորի հանդեպ սիրո արտահայտման նշաններից են Հայ եկեղեցում գործող սոցիալական ծրագրերը: Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հոգևոր հովիվ՝ Տ. Դավիթ քահանա Մարգարյանի նախաձեռնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերին իր մասնակցությունը բերեց նույն համայնքի անդամ Ալին Զաֆիրյանը՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Արա Զաֆիրյանի։ Մարտի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, 100 000 դրամ տրամադրեց Մինասյան Սյուզաննային (39 տ.), որ իր չորս անչափահաս զավակների հետ բնակվում է Կոտայքի մարզի Բագրևանդ թաղ. 44 փ., 13 տ. հասցեում: Սյուզաննայի ամուսինը՝ Ռուդոլֆ Դոխոյանը (փոխգնդապետ), մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և զոհվել հոկտեմբերի 20-ին, Ջաբրայիլի շրջանում: Զոհված հերոսի ընտանիքը դժվարին կացության մեջ է, քանի որ Սյուզաննան, երեխաների խնամքով զբաղված լինելու պատճառով, ի վիճակի չէ աշխատելու: Զոհված հերոսի կինն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ Ալին Զաֆիրյանին:
Կարինե Սուգիկյան