Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մարգարյան բազմանդամ ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 92/12 հասցեում: Յոթ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը ֆինանսական դժվարին կացության մեջ է հայտնվել. միայն ընտանիքի դուստրը՝ Աննա Մարգարյանն (38 տ.) է աշխատում: Նա ասաց, որ իր երկու եղբայրներից մեկն ընտանիք է կազմել և նրանցից ոչ ոք մշտական աշխատանք չունի, իսկ իր աշխատավարձով չեն կարողանում վճարել տան և կոմունալ վարձերը, նաև անցյալ տարի մայրիկի վիրահատության համար վերցրած վարկի գումարը: Ընտանիքի զավակները դժվարանում են իրենց մայրիկին հերթական բուժստուգման տանել և իրենց ամենօրյա կարիքները հոգալ:
Տեր Գրիգորն ընտանիքի հետ զրույցից հետո բժշկության աղոթք կարդաց և Աննային հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարգարյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
«Աստված սեր է: Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան» (Ա Հովհ. 4:16): Ճշմարիտ սերը զոհաբերվող ծառայությունն է Աստծուն և մերձավորին: Զոհաբերվող սեր ունենալ՝ նշանակում է հանուն Աստծո և մերձավորի պատրաստ լինել զոհաբերել ժամանակը, ուժն ու կարողությունները, զոհաբերվող սեր ունենալ՝ նշանակում է նմանվել Քրիստոսին, Ով հանուն մարդկության փրկության Իր անձը զոհեց: Մարդն ամենուր կարող է հանդիպել Աստծուն, եթե ունի այդ սերը և ապրում է այդ սիրով: «Ով ընդունում է նրան, ում Ես եմ ուղարկելու, ընդունած է լինում Ինձ, և ով Ինձ է ընդունում, ընդունած է լինում նրան, Ով Ինձ ուղարկեց» (Հովհ. 13:20),- ասում է Քրիստոս: Աստված թագավորում է այնտեղ, ուր թագավորում է սերը, ուր ուժեղն օգնում է թույլին, առողջը՝ հիվանդին, ունևորը՝ կարիքավորին:
Կարինե Սուգիկյան