22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Դատելու մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Եթե տեսնեմ ընկերոջը որևէ հանցանքի մեջ, բարի՞ է՝ եթե ծաղրեմ այն»: Ծերը նրան ասաց. «Եթե մենք ծածկենք եղբոր մեղքը, Աստված էլ մեր մեղքը կծածկի»: Ասաց եղբայրը. «Երբ լսում եմ որևէ եղբոր մասին, որ հանցանք է գործել, նրան իմ սենյակ չեմ հրավիրում և նրա հետ չեմ ուրախանում, իսկ երբ տեսնում եմ բարի համբավի տեր այլ եղբոր, խնդությամբ ընդունում և պատվի եմ արժանացնում նրան»: Ծերը նրան ասաց. «Եթե այն բարեհամբավ ունեցողին հաճելի բաներ ես անում, ապա հանցավորին պարտավոր ես կրկնակին անել, քանզի դեղը վիրավորին է պետք, և ոչ թե՝ առողջին»: Այժմ լսի՛ր այս մասին մեկ այլ պատմություն` սրա նման: Մի եղբայր կար, որ միաբանության վանքում նստում էր առանձին: Սրա անունն էր Տիմոթեոս, որն ընտրյալ և սուրբ մարդ էր: Վանահայրը լսեց մեկ այլ եղբոր մեղանչման մասին և նրա մասին հարցրեց Տիմոթեոսին, թե ինչպե՞ս վարվի: Իսկ նա ասաց` արտաքսե՛լ նրան վանքից, և եղբորն արտաքսեցին: Եվ երբ այդպես եղավ, այսինքն` արտաքսեցին եղբորը Տիմոթեոսի խոսքի համաձայն, այնժամ իսկույն և անմիջապես վտարված եղբոր նույն մեղքի պատերազմը եկավ Տիմոթեոսի վրա, այն աստիճան, որ նա ընկավ: Լաց եղավ Տիմոթեոսն Աստծո առաջ և ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, Տե՛ր, քանզի մեղանչեցի»: Երկնքից ձայն եկավ, որ ասաց. «Տիմոթեո՛ս, դա պատահեց քեզ հետ այն պատճառով, որ փորձության ժամին անտեսեցիր այն եղբորը և փոխանակ օգնելու` առավել վնասեցիր և՛ նրան, և՛ քեզ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

26.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․