Ուխտավորը, ապաշխարության և փառաբանության ուղի անցնելով, ազատորեն ու կամովին հաղորդակցվում է լույսի հետ և լուսավորվում. «Տե՛ր, Քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսդ տեսնում» (Սաղմ. 35:10): Դեպի լույս տանող ուղին նաև սխրանքի ուղի է, քանի որ անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք (Մատթ. 7:14): Արդարության Արեգակի լույսով նորոգվելու մղումով՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, օգոստոսի 25-ին վաղ առավոտյան երկօրյա ուխտագնացության մեկնեց Արցախ աշխարհ:
Քրիստոսի լույսն Արցախ աշխարհ է թափանցել Հայ եկեղեցու առաջին լուսավորիչներից Ս. Թադեոս առաքյալի աշակերտ՝ Ս. Դադիի կողմից: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներն առաջինն այցելեցին Դադիվանք՝ այն սրբավայրը, որ, ըստ ավանդության, հիմնադրվել է 1-ին դարում՝ քրիստոնեական քարոզչության համար նահատակված Ս. Դադիի գերեզմանի տեղում: Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն ուխտավորներին մանրամասնորեն ներկայացրեց վանքի պատմությունը: Վանական համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին և Ս. Նշանը կառուցվել են 13-րդ դարում, իսկ Կաթողիկեի հյուսիսարևմտյան կողմում գտնվող Ս. Դադի եկեղեցին՝ 10-11-րդ դարերում: Ուխտավորներին հիացրեց վանքի Ս. Ստեփանոս նախավկայի նահատակության և Ս. Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի մասին պատմող հազվագյուտ և ինքնատիպ որմնանկարները, որոնք վերջին տարիներին են նորոգվել: Այնուհետև ուխտավորները, Ս. Դադիի գերեզմանի առջև խոնարհվելով, սրբի բարեխոսությանը դիմելով, Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայոց ու Արցախ աշխարհների, Հայ եկեղեցու և Հայոց բանակի համար:
Հաջորդ սրբավայրում՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցում (1868-1887 թթ.), ուխտավորները մասնակցեցին Երեկոյան ժամերգության, որ անցկացրեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորները գիշերն անցկացրին Գանձասար վանքին կից կացարաններում: Հաջորդ օրը՝ Ս. Աստվածածնի գոտու գտնվելու հիշատակության օրը, Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (13-րդ դ.) նրանք մասնակցեցին Ս. Պատարագին, որ մատուցեց Եկատերինբուրգի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը, ով իր համայնքի հետ ևս ուխտավորաբար Արցախ աշխարհում էր գտնվում: Մինչ քարոզը Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի վանահայր Տ. Սահակ վարդապետ Շաքարյանն ողջունեց ուխտավորներին և նրանց փոխանցեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի օրհնությունը: Հայր Սուրբը նշեց, որ ուխտավորների աղոթական ներկայությունը մեծ ուրախություն է պատճառել իրենց, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը՝ Ս. Աստվածամոր և Ս. Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ, ապա
Աստվածամոր տոնի առթիվ շնորհավորեց կանանց: Այնուհետև պատարագիչ քահանան օրվա տոնի վերաբերյալ քարոզ խոսեց:
Հավարտ Ս. Պատարագի վանքի բակում տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն, որին իրենց մասնակցությունը բերեցին Վիրահայոց թեմի հոգևոր տեսչության «Ախալցխա» երգի ու պարի համույթը, որ չորս օր է ուխտավորաբար Արցախում էին՝ Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ:
Տոնախմբության ավարտին ներկաները սիրո ճաշը վայելեցին, ապա Հայր Սահակն ուխտավորներին խորհրդանշական նվերներ՝ Գանձասարի պատկերով նկարներ, նվիրեց: Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց Հայր Սահակին ջերմ ընդունելության համար՝ ուրախությամբ նշելով, որ Տիրոջ ողորմածությամբ նախնյաց հիշատակներով և սրբավայրերով հարուստ սուրբ հողի վրա իրենք հնարավորություն ունեցան ճաշակելու միասնական աղոթքի կենարար զորությունը:
Աստվածային լույսով նորոգված ուխտավորները՝ որպես աստվածային լույսի ջահակիրներ, վերադարձան Երևան՝ հոգեպես զորացած և լուսավորված: «Աստված լույս է, և Նրա մեջ խավար չկա, բոլորովին չկա: Եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և Նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից» (Ա Հովհ. 1:5;7):
Կարինե Սուգիկյան