Դեռևս այս կյանքում մարդը կարող է զգալ դրախտը կամ դժոխքը

Հուլիսի 27-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հինգ ամիս անց կրկին անգամ այցելեց Ղուկասյան ընտանիքին: Սոցիալապես անապահով ընտանիքը վարձակալությամբ է ապրում Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/5 հասցեում գտնվող երկու սենյականոց խոնավ բնակարանում, որը զուրկ է պատուհաններից և գտնվում է անմխիթար վիճակում: Ղուկասյան Գայանեն միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին և 80-ամյա ծեր մորը: Տան վարձը և ամենօրյա ծախսերը Գայանեն փորձում է մասամբ լուծել իր մոր կենսաթոշակի և երեխաների նպաստի գումարներով, բայց երբեմն ամենօրյա հացը և մյուս անհրաժեշտ պարագաները ստիպված է լինում խանութներից պարտքով վերցնել: Ընտանիքում ամենամեծ խնդիրն ավագ զավակի՝ 12-ամյա Խաչատրյան Մարտիկի առողջական վիճակն է, հինգ տարեկանից նա տառապում է գլխուղեղի քրոնիկ հիվանդությամբ՝ էպիլեպսիայով, իսկ երկու տարի առաջ Մարտիկի մոտ հայտնաբերվել է գլխի ուռուցք, որի պատճառով երեխայի տեսողությունն աստիճանաբար նվազում է: Վերջին շրջանում Գայանեն նշեց, որ տղայի առողջական վիճակն ավելի է վատթարացել:

Տեր Գրիգորի հետ միասին Ղուկասյան ընտանիքին էր այցելել մոսկվաբնակ Արսեն Գրիչկևիչը, ում աջակցությամբ ընտանիքին հանձնվեց սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ: Այնուհետև Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և ասաց, որ համայնքի անդամները պատրաստակամ են օգնելու և խնամելու Մարտիկին ստացիոնար բուժման ընթացքում, որ երեխան անցնելու է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Ղուկասյան Գայանեն իր շնորհակալությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իրենց ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

Առաջին այցից հետո Տեր Գրիգորի առաջարկով Մարտիկն առ այսօր մեծ ուրախությամբ և սիրով ամեն կիրակի հաճախում է Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցի, շապիկ է հագնում և բարձրանում Սբ. Խորան:

Դեռևս երկրի վրա յուրաքանչյուր անձ իր արարքներով կարող է իր շուրջը երկրային դրախտ կամ երկրային դժոխք ստեղծել: Այս մասին Սբ. Պաիսիոս Աթոսացին հետևյալ պատմությունն է ներկայացնում՝ մինչ այդ նշելով. «Սերը դեպի քո անձը ոչնչացնում է սերը մերձավորի հանդեպ, անձնասիրությունը մարդուն զրկում է խաղաղությունից և ուրախությունից»: Ապա պատմում է, որ մի օր` գիշերը, մի մարդ երազում ձայն է լսում, որը նրան ասում է՝ արի գնանք, ես քեզ ցույց կտամ դժոխքը: Այդ ժամանակ նա հայտնվում է մի սենյակում, որի կենտրոնում մի սեղան էր դրված՝ շուրջը բազմաթիվ մարդիկ նստած: Սեղանին սնունդով լի կաթսա կար, բայց մարդիկ սոված էին. նրանք փորձում էին երկարապոչ գդալներով ուտել, բայց զուր, քանի որ հնարավոր չէր՝ դրանց երկարության պատճառով: Այդ պատճառով նրանցից մեկը փնթփնթում էր, մյուսը՝ գոռում, երրորդը՝ լաց լինում: Ապա նա լսում է նույն ձայնը՝ արի գնանք, հիմա ես քեզ ցույց կտամ դրախտը: Այդ ժամանակ նա հայտնվում է նմանատիպ սենյակում միայն մի տարբերությամբ, սեղանի շուրջ նստած մարդիկ հագեցած էին և ուրախ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն իր երկարապոչ գդալով դիմացինին էր կերակրում: Ձայնն ասաց այդ մարդուն. «Այժմ հասկանում ես, թե ինչպես կարելի է զգալ դրախտը դեռևս այս կյանքում: Բարին գործողը մխիթարություն է ապրում, քանի որ մխիթարվում է աստվածային մխիթարությամբ:

Իսկ չարիք գործողի համար երկրային դրախտը վերածվում է երկրային դժոխքի: Այսինքն՝ արդեն այս կյանքում մարդը կարող է զգալ դրախտը կամ դժոխքը»:

 

Կարինե Սուգիկյան

27.07.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․