Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով» (Երեմ. 10, 2)։
Դիակիզումը նոր բան չէ, եւ իր ծագումը գալիս է հիմնականում հեթանոսական սգոյ արարողութիւններից: Պատմութիւնից գիտենք, որ դիակիզումը գոյութիւն է ունեցել բոլոր ժամանակներում: Այն սկսել է դեռեւս քարէ դարի շրջանում՝ փոխարինելով հողի մէջ թաղմանը՝ թելադրուած կրակի սրբազան մի տարր լինելու գաղափարից: Դիակիզման ծագման պատճառներից մէկն այն էր, որ հին մարդիկ վախենում էին մեռելներից ու կրակով ոչնչացնելով դիակը` ազատւում էին այդ վախից: Մէկ ուրիշ պատճառն այն էր, որ դիակիզումը հնարաւորութիւն էր ստեղծում հանգուցեալի ոսկորներն այլեւայլ վայրեր փոխադրելու, յատկապէս պատերազմում զոհուած զինուորների ոսկորները իրենց տները բերելու համար: Այսպիսով, հին յոյները կանխում էին թաղուելիք մարմինների գողութիւնը: Մի այլ հեթանոսական համոզումն այն էր, որ մարդիկ կարծում էին, թէ դիակիզումն ազատում է հոգին, որը մահից յետոյ թափառելով իր հանգիստն է գտնում: Ուրիշները հաւատում էին, թէ կրակը մաքրում է մարդու հոգին՝ նրան բաժանելով երկրի բազմամեղ ապրողներից: Դիակիզման պատճառ էր նաեւ այն սին հաւատը, թէ մահուանից յետոյ հոգին մտնում է մէկ այլ արարածի մէջ (վերամարմնաւորում): Դիակիզումը իր ծագումն ու տարածումը գտաւ մասնաւորապէս նրանց մօտ, ովքեր դաւանում էին բուդդիզմն ու հինդուիզմը: Այս կրօնների համաձայն՝ դիակիզումը փաստօրէն միակ միջոցն էր՝ տնօրինելու մեռածների մարմինները: Ըստ պատմաբանների՝ դիակիզումն առաջացել է որոշ բարբարոս ցեղերի կողմից արեւելեան Հնդկաստանում մօտաւորապէս Ն.Ք. 2500-2000 թուականներին[1]: Երբ խօսում ենք դիակիզման մասին, մարդիկ յաճախ կարծում են, թէ դիակիզւում են միայն մեռածների մարմինների մարմինները։ Հնդկաստանում դիակիզումը յաճախ ներգրաւում էր հանգուցեալի մարմնից աւելին: Աւելի քան 2000 տարի առաջ, Հնդկաստանում կար ինքնակիզման (suttee, sati) կրօնական մի արարողութիւն, որի համաձայն՝ այրւում էր ոչ միայն կնոջ մահացած ամուսինը, այլ նաեւ իր ողջ այրին: Երբ մեռնում էր ամուսինը, իր կինը, որպէս բարի ու հաւատարիմ անձ, կամաւորապէս պէտք էր իր ամուսնու խարոյկի կրակի մէջ դիակիզուել: Իսկ եթէ հրաժարուէր, սովորաբար իր զաւակները կամ ընտանիքի այլ անդամները բռնի ուժով նրան նետում էին կրակի մէջ: Իսկ եթէ որեւէ այլ կերպ խուսափէր այդ հեթանոսական սովորութիւնից, իր կեանքը հասարակութեան մէջ կը լինէր սոցիալապէս խաթարուած: Նրան այլեւս մարդ չէին համարում, քանի որ չենթարկուեց հրկիզմանը: Որոշ դէպքերում, երբ հարազատները չէին այրում ապրող այրի կնոջը, նրան ողջ-ողջ թաղում էին իր ամուսնու գերեզմանում[2]: Հարկ է նշել, թէ մինչեւ ամուսնու սգոյ խարոյկին մօտենալը կինը զարդարւում էր հարսանեաց զգեստներով ու գլխաւորելով թափօրը` իր պատուական սգոյ երթն էր սկսում դէպի դիակիզարանի վայրը: Այս շքեղ արարողութիւնն ուղեկցւում էր մեծ աղմուկով, ծափահարութիւններով եւ անթաքոյց հրճուանքով: Դիակիզման այս աւանդոյթի առաջանալու միակ պատճառն այն էր, որ ամուսինները վախենում էին, թէ իրենց կանայք կարող էին թունաւորել իրենց: Հնդկաստանում այս աւանդոյթը վերջ գտաւ միայն 1829 թուականին: Հեթանոս Հնդկաստանը իր ապրող այրիներին միակ հրկիզողը չէր: Պատմութիւնը վկայում է, թէ այրիներին հրկիզում էին նաեւ Չինաստանում, մի քանի հնդիկ ցեղերի կողմից՝ Ամերիկայում, ինչպէս նաեւ նախաքրիստոնէական Սկանդինաւիայում, Ֆինլանդիայում ու Նոր Զելանդիայում[3]:
Ճապոնիայում դիակիզումը տարածուեց Ն.Ք. վեցերորդ դարում՝ հիմնականում բուդդիզմի յայտնուելով: Բուդդիզմը մասնաւորաբար սովորեցնում է ամբողջովին արհամարհել մարմինը, որը նկատւում էր հոգու համար բանտ: Դիակիզուելով հոգին ազատւում է մարմնի կապանքից: Թէեւ դիակիզումն ունի հեթանոսական ծագում, բայց ոչ բոլոր հեթանոսներն էին պատմութեան ընթացքում այն կատարում միաժամանակ: Պատմական որոշ փաստեր յայտնում են, թէ հռոմայեցիներն էլ, որոնք դարեր շարունակ թաղում էին իրենց մեռելներին, սկսել էին դիակիզումը կիրառել դիակիզումը Ն.Ք. մօտաւորապէս եօթերորդ դարում: Հիւսիսային Սկանդինաւիայում դիակիզումը կիրառում էին Ն.Ք. 800-1500 թուականներին: Հետազօտութիւնը համաձայն՝ Աւստրալիայի բնիկները` աբօրիգէնները, եւ Հիւսիսային Ամերիկայի՝ տարբեր վայրերում ապրող հնդիկները նոյնպէս այրում էին իրենց մեռելներին:
Արեւմուտքում` Եւրոպական երկրներում, դիակիզումն սկսեց տարածուել 1855 թուականից սկսած, հետեւելով պրուսիական սովորութեանը: 1859 թուականին Իտալիայի Ֆլորանս քաղաքում գումարուած բժշկական մասնագէտների համաշխարհային համաժողովը պնդեց, թէ հողի տակ թաղելը առողջապահական չէ: Դիակիզման կողմնակից էին ոչ միայն աստուածուրաց մարդիկ ու նորելուկ մոդեռնիստները, այլ նաեւ ընդհանրապէս բոլոր սպիրիտուալիստ, հոգեպաշտները, թէօսոֆիստները, միադաւանները, ունիվերսալիստ-համայնականները, հակաեկեղեցական ու զանազան նէօհեթանոսական ուղղութիւնները: Հեթանոսները քրիստոնեայ նահատակների մարմինները յաճախ դիակիզում էին, որպէսզի ոչնչացնեն մարմինների յարութեան քրիստոնէական հաւատը՝ կարծելով, թէ այսպիսով պիտի մերժուի յարութեան գաղափարը: Որքա՛ցն ցաւալի է, որ այսօր բազմաթիւ քրիստոնեաներ նմանւում են հեթանոսներին՝ ընդունելով աղանդաւորական օտարաձայն հաւատը:
Անգլիայում ու Նիւ Եօրքում 1875 թուականին ի յայտ եկան դիակիզման ընկերութիւններ: Ուստի եւ ԱՄՆ-ում վերջին մի քանի տասնամեակների ընթացքում դիակիզման տոկոսները կտրուկ բարձրացան: Այսպէս, ըստ վիճակագրութեան՝ դիակիզումը 1900-ին կազմում էր 0,03%, 1920-ին` 0,4%, 1960-ին` 3,5%, 2001-ին` 27%, 2010-ին հասնելով 40%-ի: Կանադայում 1960-ին դիակիզումը կազմում էր 46,15%: ԱՄՆ-ում դիակիզարաների արագ աճն սկսեց գերազանցել 1960-ական թուականներին, երբ քրիստոնէական աւանդական արժէքները փոխարինուեցին հեթանոսական հին արժէքներով: Դիակիզարանների թիւը 1960-ին կազմում էր 231, իսկ 2000-ին այդ թիւը բարձրացաւ մինչեւ 1629-ի:
Եւրոպայում առաջին դիակիզարանները յայտնուեցին 19-րդ դարի երկրորդ կէսին, երբ 1873 թուականին պրոֆեսոր Բրունօ Բրունեթթին (Bruno Brunetti) ստեղծեց աշխարհի առաջին վառարանը, որը ցուցադրուեց Վիէննայի համաշխարհային ցուցահանդէսում: Առաջին դիակիզարանը կառուցուեց Իտալիայի Միլան քաղաքում 1875-ին: Դրանից յետոյ յաջորդաբար հիմնուեցին բազում ընկերութիւններ Լոնդոնում, Ցիւրիխում ու Փարիզում: Ըստ ականատեսների վկայութեան՝ մարմինները դիակիզման էին ենթարկում յատկապէս եկեղեցուն թշնամաբար տրամադրուածները: Եւրոպայում եւ Ամերիկայում 1905-ին արդէն գոյութիւն ունէր մօտ 90 դիակիզարան, որտեղ մէկ տարուայ ընթացքում դիակիզւում էր 125.000 մեռեալ:
Ըստ վիճակագրութեան՝ Անգլիայում գոյութիւն ունի 256 դիակիզարան, իսկ Ֆրանսիայում` 70: Ճապոնիայում մահացածների 98% դիակիզւում է: Անգլիայում այս թիւը կազմում է 69%, Դանիայում՝ 68%, Շուէդիայում՝ 64%: Այս թուերը աւելանում են ամէն տարի: Խորհրդային Միութեան կառավարութիւնը արդէն 1920-ին սկսել էր պատրաստութիւն տեսնել՝ բոլոր խոշոր քաղաքներում կառուցելու դիակիզարաններ: Դամբարանները պէտք է փոխարինէին գերեզմանոցներին, իսկ դիակիզարանները պէտք է եկեղեցիների տեղը գրաւէին: Լենինի դամբարանը առաջինն էր, որ դէմ եղաւ աւանդական քրիստոնէական թաղմանը: Սրան հետեւեց «կարմիր թաղումը»՝ դիակիզումը: Կրեմլի պատերի խորշերի մէջ սկսեցին տեղադրել պետական յայտնի գործիչների աճիւնները: Կան վկայութիւններ, որ դեռ 1918 թուականին Լենինը պատուիրել էր ճարել արտասահմանեան մի քանի վառարաններ դիակիզման համար: Յայտնի էր, որ Լենինն ատում էր ռուսական բոլոր այն աւանդութիւնները, որոնք կապակցութիւն ունէին հաւատի եւ եկեղեցու ծիսակատարութիւնների հետ: Եւ սա՝ հակառակ ռուս ժողովրդի անուրանալի երկիւղածութեանը:
Նախքան յեղափոխութիւնը (1917-ին) սգոյ թաղումը համարւում էր եկեղեցական յուղարկաւորութիւն: Տրոցկինը պաշտօնապէս յայտարարեց` դիակիզարանն անուանեց «անաստուածութեան վարչութիւն», իսկ դիակիզումը կոչեց «հակակրօնական գործողութիւն»: Խորհրդային Միութիւնում առաջին դիակիզարանի աշխատանքներն սկսեցին 1918 Դեկտեմբերի 7-ին: Դիակիզարանի առաջին յաճախորդները դարձան առաջին յեղափոխականները, որոնք ուզում էին նմանուել մարքսիզմի իրենց առաջնորդ Ֆրիդրիխ Էնգէլսին, որ հրամայեց այրել իր մարմինը եւ աճիւնը ցրել ծովի վրայ: Ներկայ դրութեամբ Ռուսաստանում դիակիզարանները գործում են տասը խոշոր քաղաքներում՝ Մոսկուայում, Սանկտ-Պետերբուրգում, Նովոկուզնեցկում, Նորիլսկում, Եկատերինբուրգում, Ռոստովում, Վլադիվոստոկում եւ այլուր:
Հեթանոսութեան մէջ չկայ այնպիսի յարգանք մարդու մարմնի հանդէպ, ինչպէս քրիստոնէութեան մէջ է, քանի որ հանգուցեալի մարմինը նկատւում է ծանր բեռ, որից անհրաժեշտ է ազատուել ու մոռանալ ցանկացած գնով ու ճանապարհով: Ըստ այդ տրամաբանութեան՝ իսկապէս, եթէ մարմինը ոչինչ չի ներկայացնում, ուրեմն ոչինչ չի խանգարում դիակը ցանկացած շահարկումների ու փորձերի գործածութիւնից: Տրամաբանութիւնը շատ պարզ է. մարդը մեռաւ, ինքն այլեւս գոյութիւն չունի, իր մարմինն այլեւս իրեն չի պատկանում, հետեւաբար կարող ենք նրան վերաբերուել ցանկացած ձեւով: Օրինակ՝ կարելի է մարմինը դիակիզել ու որպէս աւելորդ թափօն՝ աղբի պէս զամբիւղը նետել: Այս հեթանոսական տրամաբանութեան հետեւանքով յայտնուեցին դիակիզման զանազան ու տարօրինակ նորաձեւութիւններ: Ամերիկայի Իլինոյս նահանգում մի ընկերութիւն հիմնուեց, որը «Չիքակո Տրիբուն» թերթում յայտարարեց, թէ այդ հիմնարկութիւնը ադամանդէ քարեր կարող է պատրաստել դիակիզուած մարմնի բնածուխից, որից յետոյ կարելի է տեղադրել մատանիների եւ այլ զանազան զարդերի վրայ: Սրանց մօտաւոր գինը կազմում է չորս հազար դոլար եւ աւելին: Հաշուարկուած է, թէ մէկ մարդու դիակից կարելի է ստանալ մօտ յիսուն զանազան չափերի թանկարժէք քարեր:
Կալիֆորնիայի Գարդըն Գրուվ (Garden Grove) քաղաքի Ռոբերտ Շուլլերի (Robert Schuller) բիւրեղապակեայ տաճարանման (Crystal Cathedral) շինութեան մէջ իւրայատուկ մարդկանց մոխիրներն արհեստականօրէն լցուած են բիւրեղապակեայ լուսամուրների մէջ: Լոս Անջելէսի «Պասիֆիկ Մեմորիալ» յուշատեղիում մարդկանց աճիւնները խառնում են վառօդի հետ ու սրանով հրավառութիւն են կատարում: Իսկ Այովա նահանգում կայ մի հաստատութիւն, որտեղ, ըստ պատուէրի, դիակիզուած աճիւնները խառնում են հրացանի փամփուշտների վառօդի հետ` հանգուցեալի հարազատների ու բարեկամների սպորտային որսորդութեան համար:
Գոյութիւն ունի յատուկ «Դիակիզման այլընտրանքային ծառայութիւն» (Alternative cremation services), որն առաջարկում է զանազան գայթակղիչ ծառայութիւններ: Եթէ նախընտրում էք, կարելի է դիակիզուած աճիւնը դագաղի մէջ տեղադրել ու թաղել, կամ աճիւնը, գոյնզգոյն հրավառութեամբ օդում կրակելով, ցիրուցան անել, կամ կարելի է այն ուղարկել տիեզերային ոլորտներում շրջագայելու, կամ էլ ստորջրեայ ովկիանոսի յատակին յուշահամալիրների ժայռագօտի կամ ժայռարձան պատրաստելու:
ԱՄՆ-ում դիակիզման ընթացակարգը կախում ունի հանգուցեալի մարմնի քաշից, տեւում է մօտ 2-3 ժամ եւ այրւում է 800-1000 ջերմաստիճան տաքութեամբ: Արդիւնքում մնում է 2-3 կիլոգրամ գորշ մոխիր: Սովորական դիակիզման գինը կազմում է մօտ 700-1.000 դոլար: Սակայն գինը հասնում է մինչեւ 6.000 դոլարի ու կախում ունի, թէ ի՛նչ աճիւնասափոր է օգտագործւում: Դիակիզման ծախսերը կարելի է նուազեցնել, եթէ, ըստ ապրելու վայրի, «Դիակիզման Ընկերութեան» անդամը դառնաք: Այսպիսի ընկերութիւն կայ Իլինոյս նահանգում, որ կոչւում է «Իլինոյսի Դիակիզման Հասարակութիւն» (Cremation Society of Illinios): Գոյութիւն ունի նաեւ «Համացանցային Դիակիզման Հասարակութիւն» (Internet Cremation Society): Այս միութեան անդամներին տրւում են յատուկ անդամատոմսեր, որոնցով վճարում են իրենց ամսական վճարները, իսկ ապագայում այս վճարումները կը հաշուեգրուեն, երբ գործը հասնի նաեւ իրենց դիակիզմանը:
Տեքսաս նահանգում կայ մի ընկերութիւն «Celestis» անունով, որի համացանցային կայքում նշւում է, թէ իր անդամներին հրաշալի հնարաւորութիւն են տալիս՝ նոր եւ անմոռանալի յիշատակութեան ընտրութեան ծառայութիւն. հանգուցեալի դիակիզուած աճիւնն ուղարկել դէպի միջերկրային ուղեծիրը, Լուսին, կամ տիեզերքի խորը տարածքում շրջագայելու: Այս ընկերութիւնը համաշխարհային առաջատարն է, որն ապահովում է այդ եզակի «անմոռանալի տիեզերական յիշատակութեան» ծառայութիւնը: «Celestis» ընկերութիւնը արդէն տիեզերքի տարածք է ուղարկել հարիւր դիակիզուած աճիւնների պարկուճներ: Սրանցից 24-ը ուղարկուել են 1997 թուականին, 30-ը` 1998-ին, եւ 36-ը` 1999-ին: Այս նպատակով օգտագործւում են «յիշատակութեան արբանեակներ» (memorial satellites), որոնք այնուհետեւ այրւում են ու վերանում մթնոլորտում: Իհարկէ, ընկերութիւնը հանգուցեալի ամբողջ աճիւնը չի արտահանում տիեզերք (որ կազմում է 2-3 կիլոգրամ), այլ միայն 7 գրամի պարկուճները: Ծառայութեան արժէքը կախում ունի ծառայութեան տեսակից, որոնք չորսն են. առաջինը` «EARTHVIEW». մոխիրը պտտւում է երկրագնդի ուղեծրով. երկրորդը` «LUNAR». նոյնը Լուսնի վրայ, երրորդը` «VOYAGER». շրջագայութիւն տիեզերքի խորը տարածքներում, եւ չորրորդը` «AD ASTRA». հանգուցեալի անունով կոչել երկնքի աստղը: Վերջինիս համար բարձր էներգիայի թուային յիշատակութեան հաղորդագրութեան ազդանշան (high energy digital memorial message) է ուղարկւում աստղերին, որոնց մէջ ծածկագրուած են լուսանկարներ, կենսագրութիւն, հարազատների ու մտերիմների անուններ: Հարազատներին տրւում են վկայական եւ աստղային քարտէզը, որի վրայ նշուած է հանգուցեալի աստղը: Սրանցից ամենաթանկ ծառայութիւնը լուսնային ու խորը տիեզերային շրջագայութիւնն է, որ արժէ 12,5000 դոլար: Մոխրի զետեղումով Լսինի մակերեսի վրայ «Celestis» ընկերութիւնն սկսեց զբաղուել 1998-ին, երբ NASA-ն հետախոյզ մի արբանեակ (Lunar Prospector satellite) ուղարկեց Լուսին, որի մէջ գիսաստղ հետազօտող դոկտոր Եւգենի Շումախերի աճիւնի պարկուճն էր[4]:
Կալիֆորնիայի «Տօնել կեանքը» («Celebrate Life!») ընկերութեան անդամները հանգուցեալի մոխիրը դիակիզումից յետոյ յատուկ հրթիռների մէջ են տեղադրում եւ յետոյ տպաւորիչ ու մեծ արբեցումով կատարում են հրավառութիւն: Ըստ այս ընկերութեան հիմնադիրների՝ աւանդական սգոյ արարողութիւնները չեն թողնում ոչ մի լաւ բան եւ ոչ մի հաճելի յիշողութիւն, այլ միայն վիշտ ու տխրութիւն, որոնք ուզում ես մոռանալ: «Կեանքի տօն» է սա, քանի որ ցոյց է տալիս, թէ հանգուցեալն իր կեանքը զուր տեղը չապրեց: Գոյութիւն ունի նաեւ «Ծովային տօնակատարութիւն» («Marine Celebration!»): Ահա թէ ինչպէս է ընկերութիւնը նկարագրում այս տօնակատարութիւնը. «Մայրամուտի ճառագայթների ներքոյ շքեղ զբօսանաւը, որին կառավարում են ձեր բարեկամները, ժամանում է տեղավայրը՝ նշելու կեանքի տօնակատարութիւնը: Ելոյթ են ունենում ձեր հարազատները` սկսելով արարողութիւնը երեկոյեան մթութեան մէջ: Իսկ աւելի պաշտօնական արարողութեան համար կարելի է ձեր ընտրութեամբ ներգրաւել նաեւ նաւի հրամանատարին: Դրանից յետոյ դուք ովկիանոսում լսում էք ու տեսնում գեղեցիկ պայթիւններ` հրավառութեամբ: Ռումբերի մէջ տեղադրւում է դիակիզուած աճիւնը: Ռումբերը պայթելով բացւում են ինչպէս ծաղիկներ, որոնք երկնքում կազմում են զանազան բարդ ձեւաւորումներ, ու մոխիրը տարածւում է ջրի վրայ: Քանի որ ձեր սէրը լուսաւորում է խաւարը, դուք գտնում էք մխիթարութիւն, որ լի է ուրախարար յիշողութիւններով` կորուստի զգացումի փոխարէն»: Այս «հաճոյքը» մէկ հրավառութեան համար կազմում է 3,250 դոլար: Ընկերութեան համացանցային կայքում կարելի է գտնել բոլոր մանրամասնութիւնները[5]:
Մոխիրը ծովի յատակին տեղաւորելու ծառայութեամբ զբաղւում է «Յաւէրժական րիֆեր[6]» («Eternal Reefs») ընկերութիւնը: Սա բաւական պարզ է: Ընկերութիւնը դիակիզուած մոխիրը խառնում է թանձրացեալին (ցեմենտին), եւ այդ խառնուրդը տարւում է արհեստական ստորջրեայ ժայռագօտի ու տեղադրւում ովկիանոսի յատակին: Նման ծառայութեան գաղափարը պատկանում է, իհարկէ, ընկերութեան հիմնադիր Դոն Բրաուլին (Don Brawley): Այս միտքն իր մէջ ծագել էր այն պահին, երբ իր հարազատներից մէկը յանկարծ ասել էր, թէ ուզում է թաղուել ողջերի միջավայրում եւ ոչ թէ մեռածների: Այն ժամանակ Դոնն արդէն զբաղւում էր ստեղծելու արհեստական ստորջրեայ ժայռարձաններ, որպէսզի ձկների համար ապաստան ապահովի եւ այսպիսով վերականգնի բնական միջավայրը: Մինչեւ այսօր «Eternal Reefs»-ն արտադրում է չորս տեսակ ստորջրեայ յուշահամալիրների րիֆեր: Ամենամեծը կոչւում է «Atlantis», որ իր մէջ ներգրաւում է ծովային կեանքի խոշոր բազմազանութիւնը, որի արժէքն է 3,200 դոլար: «Nautilus» անունով ստորջրեայ ժայռարձանը համեմատաբար աւելի փոքր է: Սա իր մէջ ներգրաւում է զանազան տեսակի ջրային կենդանիներ, ու սրա արժէքը կազմում է 2,000 դոլար: Ամենափոքր ջրային այլազանութեան համար գոյութիւն ունի «Aquarius» անունով ստորջրեայ ժայռագօտին, որի արժէքն է 1,500 դոլար: Կայ նաեւ ընդհանուր «եղբայրական գերեզման», որտեղ ցեմենտի հետ խառնում են մի քանի մարդկանց մոխիրները: Բայց սա համեմատաբար էժան է՝ ընդամէնը 800 դոլար: Վերը նշուած արժէքների համաձայն՝ հարազատներն ստանում են յուշահամալիրի վկայականներ, ինչպէս նաեւ GPS-ի միջոցով համակարգուած տուեալներն ու հաղորդակցութեան միջոցները:
Իտալիայի Մոդենա (Modena) քաղաքում պարբերաբար՝ երկու տարին մէկ անգամ, կազմակերպւում է թաղման արուեստի ցուցահանդէս, որը խոշորագոյնն է Եւրոպայում եւ որի անունն է «Tanexpo» («tan» արմատը յունարէն «θάνατος» (thanatos, թհանատոս) բառն է, որ նշանակում է «մահ»): Ցուցանմուշների շարքին կայ մի փոքր տեսախցիկ, որ տեղադրւում է դագաղի մէջ այնպէս, որ ուշացածները կարող են իրենց վերջին հայեացքը նետել հանգուցեալին: Ցուցանմուշների շարքին կան նաեւ այնպիսի արձաններ, որոնք, ինչպէս երաժշտական մեքենասարքեր, ընտրուած որոշակի ժամանակահատուածին արտասանում են աղօթքներ: Ներկայացուած են հրավառութեան տուփեր, որոնք պայթում են օդում` տարածելով հանգուցեալի մոխիրը: Առկայ է նաեւ ինքնաճաճանչ «լուսավառ» գերեզման, որ լուսաւորում է մթութեան մէջ: Բոլոր միւս բաների շարքին կան էլեկտրոնային յուշատախտակներ՝ դամբարանի «columbarium» շէնքում պահուելու համար, որ կարելի է անձնաւորել պատկերներով ու լուսանկարների միջոցով: Հնարաւոր է այդ յուշատախտակները միացնել համացանցին, որպէսզի կարելի լինի տեղեկութիւնները տնից կառաւարել կամ էլ ուրիշ տեղից` SMS-ի միջոցով:
Աշխարհում կան երկու ընկերութիւններ, որոնք դիակիզուած աճիւնից արտադրում են պատուէրով կատարուած բարձրորակ, սինթետիկ ադամանդներ, որոնք են շուէյցարական «Algordanza» եւ ամերիկեան «LifeGem» ընկերութիւնները: Շուէյցարական «Algordanza»-ի գովազդային կարգախօսը յայտարարում է «Algordanza» մարդեղէն թանկարժէք գոհար»: Դիակիզուած մոխրի սեղմուած բիւրեղները, որոնք դիակիզարանից բերւում են հարազատների կողմից, թանկարժէք գոհար դարձնելուց յետոյ կոչւում են «յիշողութեան ադամանդ»: Ոչ մասնագէտների համար այս կերպ ստացուած ադամանդները չեն տարբերւում բնական ադամանդներից: Իսկապէս, սրանք իրենց յատկութիւններով չեն զիջում բնական թանկարժէք բիւրեղներին ու համարւում են լաւագոյնը աշխարհում: Եթէ քարի չափերը կազմում են 0.4-1 կարատ, ապա այդ «յիշողութեան ադամանդ»-ի արժէքն է 3,000-12,000 դոլար:
Իսկ հիմա վերջին նախապատւութիւնների մասին: Յայտնուեցին դիակի գործածութեան «նոր արուեստագիտութիւններ»: Յուղարկաւորութեան նոր եղանակներից է սաստիկ ցրտի բիոսեղմումը «cryogenic bio-comprassion»: Այս եղանակն առաջին անգամ մշակուել է Շուէդիայում ու կոչւում է «Promissiya», որ նշանակում է «խոստում». այսինքն՝ հողին վերադարձնել այն, ինչ որ նրանից է ստեղծուել: Այս եղանակն էլ է շատ պարզ: Դագաղը հանգուցեալի մարմնով սառեցնում են սովորական սառնարանային պայմաններում զրոյից ցածր` -18°C պաղութեամբ, յետոյ հեղուկ ազօտի միջոցով է՛լ աւելի են սառեցնում մինչեւ -196°C պաղութեամբ: Այս գործընթացից յետոյ դիակը դառնում է ինչպէս դիւրաբեկ ապակի եւ ուլտրաձայնային «Sonic» հարուածի շնորհիւ հեշտութեամբ փշրւում է ու դառնում փոշի: Սառեցուած դիակի արդիւնաւէտ մանրացումի համար առաջարկւում է գործածել թրթռման ու սեղմումի մամլիչներ: Ստացուած մնացորդը չորացնում են վակուումային սարքերի մէջ, ապա յատուկ մագնիսների օգնութեամբ հանգուցեալի մարմնից հեռացւում են մնացորդային այլ կարծր նիւթերը՝ մետաղէ «իմպլանտները» կամ ատամների լեցուկները: Արդիւնքում ստանում են 15-25 կիլոգրամ հանքային աղերի եւ օրգանական նիւթերի խառնուրդ, որ տեղադրւում է յատուկ սափորների մէջ, որոնք պատրաստուած են գետնախնձորի եւ եգիպտացորենի օսլայից: 6-12 ամիս հողի մէջ թաղուելուց յետոյ այդ բեռնարկղը եւ իր բովանդակութիւնը վերածւում է պարարտանիւթի: Յետոյ հարազատներին առաջարկում են գերեզմանի այդ տեղում ծաղիկ կամ այլ թուփ տնկել, որպէսզի այդ պարարտանիւթից սնունդ առնեն:
Ամերիկեան «This is America» վաւերագրական շարժանկարում ներկայացւում են շատ հետաքրքիր պատմութիւններ, որոնցից շատերը արդէն իսկ նշել էինք, բայց սրանցից ուշագրաւ է այն փաստը, որ մի մարդ կտակել էր, որ իր մարմինը մեռնելուց յետոյ սեղմուի ու մէկ կտոր դառնայ իր նախընտրած ու սիրած մեքենայի մէջ: Այսպիսի խելայեղ կտակի պատմութիւնեամբ ու վերոյիշեալ այլ օրինակներով զգացւում է, թէ մենք արդէն իսկ գործ ունենք առաջացող ու ձեւակերպուող անհեթեթ եւ անմիտ նոր աւանդոյթների հետ:
Կարող է զարմանալի թուալ, բայց վերջին տարիներին Արեւմուտքի մի շարք եկեղեցիներում տեղաբաշխուած են ծխի յատուկ դամբարաններ՝ մահացած անդամների աճիւնասափորները պահելու համար: Դամբարանները կառուցւում են եկեղեցու նախասենեակներում: Այս եկեղեցիները իրենք իրենց արդարացնում են՝ ասելով, թէ ողջերն այսպէս կարող են իրենց յարգանքի տուրքը մատուցել հանգուցեալներին ամէն անգամ, երբ յաճախելով եկեղեցի՝ տեսնեն այդ պահարանները, կամ դարակները, որտեղ գտնւում են հարազատների աճիւնասափորները: Դարակների արժէքը կազմում է 150-1,500 դոլար, որ կախում ունի տուեալ եկեղեցու անդամակցութեան տնտեսական կարգավիճակից: Կան եկեղեցիներ, որտեղ մահացած անդամների մոխիրը ցրում են եկեղեցուց դուրս` մօտակայ թփերի տակ: Այս եկեղեցիները չեն սահմանափակւում միայն դիակիզման գործադրութեամբ, այլ օգնում են նաեւ տարածելու դիակիզման գաղափարախօսութիւնը:
Հետաքրքրական է, որ կայ փոխադարձ կապակցութիւն այսօրուայ «մահամերժութեան» մշակոյթի ու դիակիզման միջեւ: Այսպիսի դիրքորոշումն ստիպում է, որ մարդիկ չտեսնեն մեռած մարմինը թաղման ժամանակ, նոյնիսկ երբ աճիւնասափորը տեսանելի է մեռելատան մէջ: Այս երեւոյթն էապէս նուազ զգացմունքային է, քան երբ հանգուցեալը դրուած է դագաղի մէջ: «Մահամերժութեան» գաղափարը նպաստում է դիակիզման տարածմանը, քանի որ հոգեբանօրէն հարազատ է նրանց, որոնք փորձում են ժխտել մահուան իրողութիւնը: Վերջերս «մահամերժութեան» մէկ այլ երեւոյթ է սկսել զարգանալ հասարակութեան մէջ: Արեւմուտքում որոշ սգոյ տների տնօրէններ այժմ տրամադրում են այլեւայլ ծառայութիւններ, որոնք արտացոլում են հանգուցեալի անձի այն սիրած զբաղմունքները կամ հետաքրքրութիւնները, որ մահացածն ունեցել էր իր ապրած կեանքի ընթացքում: Օրինակ՝ եթէ մահացածը բասկետբոլի սիրահար էր, տնօրէնը դագաղի մօտ տեղադրում է բասկետբոլի դարպասի նետասարքը, որի շուրջը նստեցնում է սգաւորներին: Եթէ հանգուցեալը սիրում էր բացօթեայ դրոշմակով կամ գրիլով խորովել, ապա դրոշմակը՝ իր լրասարքերով հանդերձ, դառնում է սգաւորների ուշադրութեան կենտրոնում սարդի վրայ դրուած խորոված եգիպտացորենի բուրմունքի հետ միասին։ Իսկ եթէ հանգուցեալը կին էր ու սիրում էր թխել, ապա մի վառարան՝ ծակուած հացի կտորներով ու զանազան թխուածքներով, տեղադրւում է դիարանի մէջ` դագաղի մօտ: Սգոյ տան տնօրէնը, որ մատուցում է յատուկ այս ծառայութիւնները, ասում է, թէ սա նման չէ սովորական սգոյ տան, այլ նման է որպէս թէ տանդ մէջ ես գտնւում: Սա պարզապէս յիշեցնում է երջանիկ մի վայր: Թաղումները այլեւս սգոյ արարողութիւններ չեն, ուր մենք արտայայտում ենք մեր յարգանքը հանգուցեալին: Այս յատուկ ծառայութիւնները եւ այս աշխարհի «մահամերժութեան» գաղափարի ոգին թաղումը վերածում են անհեթեթ ցուցահանդէսի:
Մի քանի տարի առաջ հեռուստացոյցով յատուկ գայթակղիչ հաղորդում ներկայացուեց, որի ժամանակ յայտնեցին բաւական տգեղ մի ճշմարտութիւն դիակիզման մասին: Խօսքը մի պատմութեան մասին է, որը ցնցեց ու կամազուրկ դարձրեց հազարաւոր մարդկանց, ովքեր իրենց հարազատների մարմինները յետմահու դիակիզել էին[7]: Ըստ տեղեկատուական զեկոյցի՝ շատ դիակիզարաններ յանցաւոր գտնուեցին հանգուցեալների աճիւնների հանդէպ արագ եւ անպատասխանատու վարուելու համար: Մեռելների մնացորդները եւ աճիւնները տեղադրել էին մէկ ընդհանուր աղբարկղում։ Եւ երբ որեւէ մէկը գալիս էր ստանալու իր հարազատի մնացորդները, դիակիզարանի սպասաւորները պարզապէս այդ ընդհանուր աղբարկղից մոխիրը բաժակով հաւաքելով լցնում էին աճիւնասափորի մէջ եւ այդպէս յանձնում էին հարազատներին: Նոյն ցնցող ժապաւէնը ցոյց տուեց, թէ շատ դիակիզարաններ նոյնպէս միաժամանակ դիակիզել են մի քանի մարմին: Աւելի էժան է դիակիզել մի քանի մարմիններ միանգամից, քան մէկ առ մէկ, քանի որ վառելիքի նոյն քանակն անհրաժեշտ է ամէն մի անհատի դիակիզման համար: Սակայն լուրջ խնդիր է առաջանում, երբ տարբեր մարմինների մոխիրները խառնւում են իրար: Դիակիզարանների դիմագրաւած բոլոր այլ խնդիրների հետ մէկտեղ ենթադրուող հարազատի աճիւնը խառնուած է լինում ուրիշ աճիւնների հետ կամ էլ կարող է բնաւ իրենը չլինել:
Մահն անցումն է դէպի ուրիշ կեանք, իսկ մարդկային մարմինը կամուրջն է։ Եւ մենք պէտք չէ հետեւենք հակաքրիստոնէական այս նորաձեւութիւններին՝ փլուզելով այդ կամուրջները: Մենք չենք կարող անյարգալից վերաբերուել ննջեցեալի մարմնի հանդէպ, որովհետեւ մարմինը եղել է Աստծու տաճար` սուրբ Խորհուրդներով սրբագործուած: Հետեւաբար, քրիստոնէական ուղղափառ հաւատի տեսանկիւնից դիտելով՝ հանգուցեալների դիակիզումը իր բոլոր նորաձեւութիւններով ու մարմինների արհեստական աւերումով անընդունելի է: Քրիստոնէական գերեզմանները շատ աւելի դաստիարակիչ են, քանի որ մեզ՝ ողջերիս, անդադար յիշեցնում են այս երկրային կեանքի ունայնութեան ու կարճատեւութեան մասին, յիշեցնում են մահուան եւ Աստծու ահաւոր դատաստանի մասին՝ մեզ առաջնորդելով ապաշխարութեան եւ առաքինի կենցաղավարութեան: Աստուածաշնչում եւ Եկեղեցու Հայրերի գրութիւններում միշտ նշւում է, թէ մահուան յիշողութիւնը հիմքն է իմաստութեան: Ի վերջոյ, յիշելով անմահ հոգու հանդերձեալ վիճակի մասին՝ մարդը դադարում է ունայն կեանք վարելուց: Գիտենք, որ թէ՛ թաղուածները եւ թէ՛ դիակիզուածները, բոլորն էլ Աստծու հրամանով յարութիւն պիտի առնեն վերջին օրը: Չկայ յուղարկաւորութեան որեւէ ճանապարհ, որ վնասակար լինի մահացածների փրկութեանը, քանի որ մահից յետոյ բարի կամ չար գործեր, մեղքեր այլեւս չեն կատարւում: Բայց յուղարկաւորութեան ընտրուած եղանակը յայտնում է մարդկանց հաւատի ու բարեպաշտութեան աստիճանը, երբ իրենց մահացածին ուղեկցում են իր վերջին հանգրուանը՝ դէպի վառարա՞ն, թէ՞ գերեզման: Յուղարկաւորութեան կիրառման եղանակների հետեւանքները տարբեր ազդեցութիւն են ունենում ո՛ թէ մահացածների, այլ մեզ` ապրողներիս վրայ: Մարդը կարող է պահպանել կամ անտեսել Աստծու կողմից հաստատուած թաղման աւանդոյթը, որին եթէ հետեւենք, յաջորդում է աստուածապաշտութիւնը եւ առաքինի կենցաղավարութիւնը: Սրա համաձայն են դաստիարակւում ապագայ սերունդները: Այս բանը յայտնի էր նոյնիսկ նախաքրիստոնէական ժամանակաշրջանի չին փիլիսոփայ Կոնֆուցիոսին (Confucious), որ ասում էր. «Եթէ դուք չէք կատարում սահմանուած հին ծիսակատարութիւնները կամ նոյնիսկ եթէ փորձում էք անհետացնել դրանք, ապա կը լինի մեծ խառնաշփոթութիւն ու տարաձայնութիւն…: Ոչնչացրէ՛ք ամուսնական արարողութիւնը, եւ ամուսիններ (ճշմարիտ իմաստով) այլեւս չեն լինի: Տարածւում է անբարոյականութիւնը իր բոլոր յանցանքների տեսակներով: Ոչնչացրէ՛ք թաղման ծէսը, հոգեհանգստեան աւանդոյթն ու զոհաբերութիւնը, ու զաւակներն իրենց մահացած ծնողների համար է՛լ չեն հոգայ, ինչպէս նաեւ կը հրաժարուեն օգնել ողջերին»: Միայն կոյրը չի կարող տեսնել, որ ամուսնական խորհուրդը մերժելով` անկայուն են դառնում ընտանիքները, եւ առաւել զարգանում են արդէն իսկ տարածուած պոռնկածին կենակցութիւնը, շնութիւնը, սոդոմական մեղքերը, որոշ երկրներում արդէն իսկ օրինական դարձած միասեռականութիւնը եւ օրինական համարուող որդեսպան վիժեցումը: Իսկ աւանդական յուղարկաւորութեան ոչնչացումը եւ դրա հետեւանքները բերում են անփութութիւն ու տգիտութիւն մահացած հարազատների ու սեփական հոգու փրկութեան վերաբերեալ: Ըստ եկեղեցու բազմաթիւ քահանաների՝ եթէ հանգուցեալը կտակել էր, որ իր մարմինը դիակիզուի, ապա քրիստոնեաները պարտաւոր չեն կատարել հանգուցեալի այդ ցանկութիւնը, ինչպէս որ չի պահանջւում հանգուցեալի կողմից կտակուած որեւէ անօրինական կամ մեղսալի այլ ցանկութիւններ կատարել: Տէրը մեզ հնարաւորութիւն է տալիս հասկանալ դիակիզումը, որպէսզի մեր մէջ ամրապնդի հոգեւոր կեանքի եռանդն ու նախանձախնդրութիւնը: Ուզո՞ւմ ես փոխել աշխարհը, փոխի՛ր ինքդ քեզ: Իսկ հոգեպէս առողջ հասարակութեան մէջ չեն կարող արմատանալ ոչ հոգեւոր աւանդոյթներ: Մեր կեանքը պէտք է քաջալերի մեր ճշմարիտ հաւատի քարոզչութիւնը: Սա օգնում է մեր եւ այլոց զաւակներին դաստիարակելու բարեպաշտութեան օրինակներով, իսկ նէոհեթանոսութեան հետեւորդներին եւ անհաւատներին` ստիպել խորհելու կեանքի իմաստի մասին:
Հետազօտութիւնները ցոյց են տալիս, թէ նրանք, ովքեր ընտրել են դիակիզել իրենց ընտանիքի անդամներին, ցուցաբերում են նուազագոյն սուգ եւ մարդկային զգացումներ, քան նրանք, ովքեր թաղում են իրենց մահացած հարազատներին: Մահացածի մոխիրը նոյն զգացումները չի արթնացնում, ինչպէս մահացածի ներկայ մարմինը կամ նոյնիսկ նրա գերեզմանը: Մահացածի մարմինն անմիջականօրէն եւ անյապաղ կրում է հանգուցեալի անձնականութիւնն ու ինքնութիւնը, իսկ մոխիրն աւելի հեռու է ու զերծ անձնականութիւնից: Դիակիզուած մարդիկ առհասարակ շուտ են մոռացւում իրենց հարազատների կողմից, նոյնիսկ երբ աճիւնասափորը տեղադրուած է գերեզմանոցում, նրան հազուադէպ են այցելում: Այն յիշողութիւնները, որոնք միշտ կենդանի են պահւում հանգուցեալի շիրիմը այցելելով` այլեւս գոյութիւն չեն ունենում: Իսկապէս սա ակնյայտ է. ինչի՞ն այցելել, եթէ մարմինը չկայ: Գերեզմանները յիշեցնում են ոչ միայն մեր ննջեցեալներին, այլ նաեւ մեր անձնական կեանքի անկանխատեսելիութեան մասին, այն մասին, թէ մի օր մենք էլ ստիպուած պիտի լինենք թողնել այս ընկած աշխարհն ու հանդիպել մեր Տիրոջը: Գերեզմանի այցելութիւնը քրիստոնեային յիշեցնում է, թէ՝ «կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են», ինչպէս Քրիստոս է ասում, «կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար» (Յովհ. 5, 28-29): Բայց երբ հանգուցեալի աճիւնը ցրուած լինի երկրի տարրերի վրայ, այլեւս չկան մարմինն ու գերեզմանը, որպէսզի ողջերին յիշեցնեն իրենց ընտանիքի անդամների մասին: Հետեւաբար մոռացւում է նաեւ ննջեցեալների համար աղօթքի պահանջն ու ցանկութիւնը:
Քրիստոնեաները պէտք չէ սովորեն հեթանոսների ճանապարհները եւ այս մեղսալից աշխարհի գաղափարները: Հեթանոսները հաւատում են, թէ հրկիզման բօցն օգուտ է հոգու փրկութեան համար, քանի որ ուրիշ մարմին ստանալու համար պէտք է ոչնչացուի նախկին մարմինը: Քրիստոնեաները պէտք չէ կերպարանակից լինեն աշխարհին ու հետեւեն հեթանոսների ճանապարհներին, քանի որ հեթանոսները մերժում են Քրիստոսի Աւետարանը, եւ իրենց սովորութիւններն ունայնութիւն են: Դիակիզումը պատմականօրէն չենք կարող առանձնացնել հեթանոսական խարոյկի սգոյ արարողութեան պաշտամունքից, որովհետեւ ինչ որ հեթանոսները զոհում են, մատուցում են դեւերին եւ ո՛չ թէ Աստծուն: Աստծու բարկութիւնը երկնքից յայտնւում է այն մարդկանց ամբողջ ամբարշտութեան եւ անիրաւութեան վրայ, որոնք ճշմարտութեան խօսքն անիրաւութեամբ են բռնել: Կուռքե՛րն են միայն այրւում, բայց ի՞նչ նմանութիւն ունի կենդանի Աստծու տաճարը կուռքերի հետ: Ի՞նչ առընչութիւն ունի արդարութիւնը անօրէնութեան հետ: Պօղոս առաքեալն զգուշացնում է. «Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առընչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած: ...Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռու մնացէք, - ասում է Տէրը» (Ա. Կորն. 6, 14-17): Ուստի զերծ մնանք հեթանոսական չար սովորութիւններից, քանի որ մեր Տէր Յիսուս Քրիստոս հրամայում է. «Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա պատուհասները» (Յայտ. 18, 4):
[1] C. J. Polson, The Disposal of the dead, N.Y.: Philosophical library, 1953, 83.
[2] H.G. Rawlinson, India: A Short Cultural History (N. Y.: Frederick A. Praeger, 1952, p. 279).
[3] Dorothy K. Stein, “Woman to Burn: Sutee as a Normative Institution,” Signs: Jounal of Woman, Culture, and Society, Winter 1978, p. 253.
[4] Տե՛ս http://www.membrana.ru/particle/29 (առ 25/10/2015)։
[5] Տե՛ս http://www.membrana.ru/particle/29 (առ 25/10/2015)։
[6] Ժամագօտի, խարակ կամ ժայռարձան։
[7] “The untold story. Should a Christian be Cremated?” Տե՛ս http://www.triumphpro.com/cremation-pagan.htm (առ 25/10/2015)։
Գևորգ սրկ. Գևորգյան
«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից