Դիմադրություն, մաս առաջին

Այս թեման ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ նաև մեծահասակներին՝ ընդդիմանալու (դիմադրության, հակազդելու) թեմային մեր կյանքում:

Գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին ռեակտիվության կամ հակազդելու հատկությունն է: Գոյություն ունեն ռեակտիվ մարդիկ՝ մեծ ու փոքր, և ես իմ ոչ մեծ փորձով այն եզրակացությանն եմ հանգել, որ ռեակտիվ մարդն իր հոգու խորքում բարի է: Ռեակտիվ կամ հակազդական մարդիկ ամենազգայուն մարդիկ են: Ով ըմբոստանում է կյանքում և ասում. «Ո՛չ», նա իր հոգում կարող է ասել. «Այո՛»:

Եթե հիշում եք, Ավետարանում մի դեպք կա, երբ Քրիստոս պատմում է, թե ինչպես մի հայր իր որդիներից մեկին ասաց. «Գնա՛, աշխատի՛ր խաղողի այգում»,- իսկ նա պատասխանեց. «Ո՛չ»,- բայց հետո գնաց ու սկսեց աշխատել: Մյուսին էլ ասաց, և նա պատասխանեց. «Այո՛, կանեմ»,- բայց չարեց (հմմտ. Մտթ. 21:28-31): Ռեակտիվ մարդը երբեմն ընդդիմանում է խոսքով, և դա կախված է այն բանից, թե նրա կյանքում այդ պահին ինչ է տեղի ունեցել: Առանց պատճառի ռեակտիվ մարդիկ չեն լինում, բոլորն ինչ-որ բանից ելնելով են այդպիսին դառնում: Եթե որևէ բանի հակազդում ես, ուրեմն, հավանաբար եղել է մի պահ, երբ քեզ վիրավորել են, ցավ ես ապրել, հիասթափվել ես, հոգնել, կորցրել հավատն ու ցնցվել այն բանից, որ ինչ-որ մեկն անարդարացիորեն է քեզ հետ վարվել, կամ անհարգալից, կտրուկ, կոպիտ ինչ-որ բան է ասել և դու ընդդիմանում ես:

Շողացող արևին ո՞վ է հակառակվում, արևին, որ առատ լույս է բերում կյանքին: Ո՞վ է ընդդիմանում Քրիստոսին, որ բարությամբ, ազնվաբար ու վեհանձնորեն է նրա կյանք մուտք գործում: Այստեղ դու չես ընդդիմանում: Բայց երբ մատը վրադ թափ տալով հայտնվի մեկը, երբ գա մեկը, ով հաշվի չի նստում անձիդ հետ և կոպիտ է խոսում հետդ, պահանջներ է ներկայացնում կյանքիդ նկատմամբ, բարություն չի բերում, այլ կտրուկ տոնով ստիպում է քեզ ինչ-որ բան անել, այդ ժամանակ դու դիմադրում ես:

Մարդը չի ուզում, որ իրեն ճնշեն: Այն, ինչ ասում ես, միգուցե և լավ է, բայց որքան էլ լավ բան լինի՝ այնպես չես ասում: Այդպես էլ դո՛ւք, մայրե՛ր, այն, ինչ ասում եք՝ ճիշտ է, սակայն անընդունելի է այն, թե ինչպես եք դա ասում: Կանա՛յք, դուք շատ բարի եք ձեր ամուսինների նկատմամբ, ձեր բոլոր խորհուրդները բացառապես հոգևոր են, հրաշալի, միայն թե դրանց մատուցման եղանակը երբեմն կտրուկ, դաժան ու ծաղրական է լինում:

Եվ որպեսզի միայն կանանց մասին չխոսեմ, քանի որ այստեղ չեմ եկել, որ մեծամասնությանը մեղադրեմ, այլ ուղղակի կանանց մասին եմ խոսում, որովհետև նրանք Եկեղեցում իրենց զգում են ինչպես տանը: Եկեղեցում կանայք ավելի շատ են, տղամարդիկ՝ քիչ, բայց տղամարդիկ էլ կարող են ճնշում գործադրել և իրենց կանանց մեջ դիմադրություն առաջացնել իրենց ձայներանգի պատճառով: Եթե տանը կտրուկ ես խոսում, առարկություն չընդունող, ավտորիտար, հրամայական տոնով՝ հոգին, բնականաբար, ընդդիմանում է:

Հետևաբար, հակազդեցությունը ինչ-որ պահից է սկսվում, ոչ ոք ռեակտիվ չի ծնվում, մենք բոլորս փափագում ենք, որ ինչ-որ մեկն օգնի մեզ, միայն թե այդ օգնությունը պետք է մեր անձի հանդեպ հարգանքով ցուցաբերվի:

Այդ պատճառով, երբ ես կարդում էի այն մարդկանց կենսագրությունները, ովքեր ամեն ինչ ոչնչացնող աթեիստներ, հերետիկոսներ, խռովարարներ, բռնապետներ ու անարխիստ տիպեր են եղել, ապա մի տարօրինակ բան նկատեցի: Այս մարդկանց ետևում հաճախ, ինչ եք կարծում, ինչպիսի՞ ընտանիք է կանգնած. քրիստոնեական: Խռովարարների ու աթեիստների կյանքի ետևում:

Օրինակ՝ Մարքսի, Ստալինի, էլի որևէ աթեիստի կենսագրությունն ենք կարդում: Իսկ այնտեղ գրված է. «Նրա հայրը կապված էր Եկեղեցու հետ (իր ժամանակաշրջանի, բնականաբար): Մայրը շատ աստվածավախ էր»: Իսկ մեկ ուրիշի եղբայրը շատ եկեղեցասեր մարդ էր: Եվ հարց ես տալիս քեզ. ինչպե՞ս է նման քրիստոնեական, բարեպաշտ տնից նման ուժեղ դիմադրություն դուրս գալիս: Ինչո՞ւ:

Որովհետև քիչ է ասել, թե դու եկեղեցասեր մարդ ես: Երբ լսում եմ, որ ինչ-որ մեկն ասում է, որ ինքը եկեղեցասեր է, սկսում եմ մտածել՝ իսկ ի՞նչ է նշանակում, որ նա եկեղեցասեր է: Դու կարող ես ասել, որ եկեղեցասեր ես, բայց քեզ վերջին եսասերի պես պահես և խիստ բնավորություն ունենաս: Մերձավորդ կարող է դողալ քո առաջ տանը, և վախենալ որևէ բան ասել, և ծեծ ուտել հանուն Քրիստոսի, ծեծ ուտել, որպեսզի եկեղեցի գնա: Նա կարող է վիրավորական, ծաղրական խոսքեր լսել, դու կարող ես ծաղրել մերձավորիդ հանուն Քրիստոսի:

Դու ստորացնում ես քո երեխային հանուն Աստծո: Իսկ այդ երեխաներն ի՞նչ են անում: Հակառակվում են: Նրանք չեն սիրում Աստծուն: Սուրբ Պողոս առաքյալը մի տարօրինակ բան է ասում. «Որովհետև Աստծու անունը ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է» (Հռոմ. 2:24): «Ձեր պատճառով»,- ասում է առաքյալը, այսինքն դուք ուրիշներին դրդում եք, որպեսզի նրանք դառնան այն, ինչ դառնում են, և զայրույթ եք առաջացնում, ճնշում գործադրում: Դու լցնում ես մերձավորիդ համբերության բաժակն, ու նրա հոգին ամեն ինչ թողնում է, հեռու վանում իրենից: Այդ պատճառով էլ մեզնում նման երևույթ կա, երբ ձեր երեխաները, որոնց բռի մեջ եք պահում և վարվում նրանց հետ, ինչպես ուզում եք, քանի դեռ փոքր են, հենց արտասահման են մեկնում՝ սովորելու, կամ ընտանիք են կազմում ու հեռանում ձեր տնից, միանգամից թողնում են այն ամենն, ինչ գիտեին Եկեղեցու մասին: Նրանք հակառակվում են և ասում.

- Ես տանել չեմ կարող այս միջավայրը, ես նման Աստված, նման դաստիարակություն չեմ ուզում:

Եվ իրավունք ունեն, որովհետև Աստված նա չէ, որի մասին մենք ենք նրանց սովորեցնում: Աստված այնպիսին չէ, ինչպիսին մենք ենք Նրան պատկերացնում՝ Նա այդ ճնշող դեմքը չէ, որը միայն սպառնալիքներ, պատիժներ տեղալ գիտե և միայն դժոխքն է մատնացույց անում: Աստված այդպիսին չէ, դա մեծ տարբերություն է:

Մեկը Պորֆիրիոս ծերի մասին գրում է. «Երբ ես ծանոթացա Պորֆիրիոս ծերի հետ, իմ հոգում նոր Քրիստոս արթնացավ: Կարծես կյանքումս առաջին անգամ տեսա Քրիստոսին: Ես Նրան այլ կերպ էի պատկերացնում, հորիցս ու մորիցս այլ կերպ էի Նրան ճանաչել, և Պորֆիրիոս ծերն ինձ այլ կերպ ցույց տվեց Նրան: Նա ինձ սեր ցույց տվեց: Ես թափառականի մեկն էի, իսկ նա գրկեց ինձ: Ես վատն էի, իսկ նա ինձ ասաց.

- Դու շատ լավ երեխա ես»:

Ինչպե՞ս կարելի է ընդդիմանալ նրան, ով քեզ ասում է, որ դու շատ լավ երեխա ես, երբ դու թափառաշրջիկ ես: Երբ նա քեզ ասում է. «Դու ինձ համար Աստծո զավակ ես, Աստված սիրում է քեզ»,- դու շշմում ես, պաշտպանիչ զրահը նետում ես վրայիցդ:

Հենց դա է նշանակում ընդդիմանալ: Պաշտպանությունն է, մարդը պաշտպանվում է, նա վախենում է: Մարդը հակառակվում է, որովհետև վախենում է: Նա քեզ ասում է.

- Հոգուս վտանգ է սպառնում ուրիշի կողմից, երջանկությունս, ազատությունս, արժանապատվությունս սպառնալիքի տակ են: Եվ ես ի՞նչ եմ անում: Դիմադրում եմ, որպեսզի փրկվեմ, որպեսզի կարողանամ ողջ մնալ:

Սակայն սուրբ մարդու առաջ բացվում ես, զրահդ ցած ես նետում ու ասում.

- Հա՛յր, ես ավելի վատն եմ, քան նա, ում մասին խոսում ես: Եվ որքան ավելի ես ասում, որ սիրում ես ինձ, այնքան ավելի պատրաստ եմ դառնում առանց դիմադրության, խոնարհությամբ մեղքերս բաց անելու:

Սա՛ է նպատակը: Արդյո՞ք կարողացար երեխայիդ, կնոջդ (ամուսնուդ) ստիպել չլարվել քո առաջ, հոգին բաց անել, ընկերդ դառնալ, որպեսզի սիրեք միմյանց, որպեսզի մեկը մյուսին չասի. «Կարո՞ղ եմ, իրավունք ունե՞մ»: Որքան ավելի ենք ձգտում մեր իրավունքը պաշտպանել, այնքան ավելի մեծ դիմադրություն ենք առաջացնում այլոց մոտ: Բայց երբ ասես. «Ես իրավացի չեմ», ինչպես Քրիստոս ասաց… Քրիստոս ի՞նչ ասաց:

- Օգտվե՛ք ձեր իրավունքից, դո՛ւք բոլորդ, և խաչը բարձրացրեք Ինձ: Ես Ինձ վրա եմ վերցնում ձեր ողջ անարդարությունը: Ես վատն եմ, դուք դա եք ուզո՞ւմ: Ուրեմն Ես վատը կլինեմ:

Սուրբ Գիրքը մի սարսափելի արտահայտություն է անում. «Քրիստոս համաձայնեց Աստծո կողմից անիծյալ լինել, որովհետև խաչյալին անիծյալ էին անվանում» (Գաղ. 3:13):

Այն ժամանակ ասում էին.

- Պատկերացրու, թե նա որքա՜ն վատն է, եթե նրան խաչել են:

Քրիստոս ասաց.

- Ձեր հոգու դիմադրությունը, Աստծո հանդեպ տածած զայրույթը, ձեզ վրեժխնդրության, զայրույթի, կատաղության մղող ցասումը հանդարտեցնելու համար պատժեք Ինձ:

Մենք Քրիստոսին սիրում ենք, որովհետև Նա մեզնում դիմադրություն չի առաջացնում: Իսկ իրենց Քրիստոսինը ներկայացնողները դիմադրություն են առաջացնում: Այսինքն, ես՝ կատեխիզիս դասավանդող, դու՝ ծնող, մենք խեղաթյուրում ենք երեխաների պատկերացումը Քրիստոսի մասին: Դա մեր մեծ սխալն է:

Լիմասոլի միտրոպոլիտ Աթանասը գրել է, չգիտեմ ինքն ասել է, իսկ ուրիշները գրի են առել, բայց համացանցում մի տեղ կա, երբ նա ասում է, որ կրոնասեր մարդիկ մարդկային ամենավտանգավոր տեսակն են Եկեղեցում*: Միտրոպոլիտ Աթանասը գրում է. «Ասում ես, որ հավատացյալ ես, սակայն քո կրոնականության ետևում կարող է այնպիսի մի բան թաքնված լինել, որը վտանգավոր է երեխայիդ համար: Կարող է ճնշում, խիստ տոն թաքնվել, այլ ոչ թե վեհանձնություն, հարգանք ու սեր»:

Այսքան տարի Քրիստոսին մոտ գտնվելով, ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ի՞նչ կարողացա սովորել: Ավելի եսասեր, քմահաճ, կատեգորիկ լինե՞լ, թե՞ դառնալ ավելի ներողամիտ, կարեկից, խնդիր ունեցող մարդուն ավելի հասկացող: Ահա՛, թե որն է հարցը: Գիշերային հսկումների եմ գնում, բայց արդյո՞ք հասկանում եմ եղբորս ցավը: Աղոթում եմ տերողորմյայով, բայց արդյո՞ք նրա հոգին պինդ հանգույցով չեմ ձգում, թե՞ քանդում եմ այդ հանգույցը: Ասում եմ, որ խոսում եմ Աստծո հետ, բայց արդյո՞ք խոսում եմ կնոջս (ամուսնուս) հետ:

Երեխան կտեսնի դա տանը, և նրա հոգին կընդունի Աստծո ուղերձը, որ Աստված զուտ խոսքեր չէ, այլ նաև փորձ և սեր:

- Այն, ինչ Ավետարանն ասում է, ճիշտ է:

- Որտեղի՞ց գիտես, զավա՛կս:

- Տանն եմ տեսել, հա՛յր: Հայրիկը երեկոյան տուն վերադարձավ, համբուրեց մայրիկին և ասաց. «Ես վերադարձա, սիրելի՛ս, վերադարձա, անո՛ւշս, վերադարձա, սե՛րս»: Եվ ես հասկացա, որ Սուրբ Երրորդությունը գոյություն ունի: Որովհետև տանը սուրբ երրորդություն տեսա՝ հայրիկին, մայրիկին և Քրիստոսին՝ նրանց մեջտեղում: Այդ սուրբ երրորդությունը մեր տանն է:

«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մտթ. 18:20): Այսպիսի երեխան չի հակառակվում, եթե նրան որևէ բան ես ասում Աստծո մասին, նա ասում է.

- Իսկապես, ծնողներս գործնականում ավետարանական խոսքերով են ապրում, առանց փարիսեցիության, առանց երկերեսանիության և ինչպես ասում ենք՝ առանց կեղծիքի ու ցուցամոլության…

(Շարունակելի)

 

* Տե՛ս, օր.՝ http://www.pravoslavie.ru/42478.html

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

17.08.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․