22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Դու կարող ես երջանիկ լինել

Ընդունիր, որ դու ես պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է քո կյանքում: Այլ խոսքերով՝ եկեք այլոց վրա չբարդենք պատասխանատվությունն այն բանի համար, թե մենք մեզ ինչպես ենք զգում, դադարենք ասելուց. «Սրա համար երեխաս է մեղավոր, ամուսինս, կինս», և կհասկանանք, որ մեր ընտրությունից և մեր ազատությունից է կախված այն, թե ինչպես ենք մեզ զգում: Մենք ազատ ենք ուրախություն, վրդովմունք զգալու, լաց լինելու, փնթփնթալու, տխրելու կամ երջանիկ լինելու համար: Մենք կարող ենք երջանիկ լինել:

Դա հենց այն է, ինչ Աստված է ուզում: Անգամ եթե այժմ ճգնաժամ է, և մեզ վիճակված է տնտեսական խնդիրների դարաշրջանում ապրել, չի նշանակում, որ Տերն ուզում է, որպեսզի խելագարվենք, ինքնասպանություն գործենք կամ անընդհատ հոգեբույժների մոտ վազենք: Ինչ վիճակում էլ ստիպված լինենք ապրել այս աշխարհում, մենք կարող ենք երջանիկ, բարեգութ, հանգիստ ու հանդարտ լինել:

Որևէ մեկը կարող է ասել. «Ախր շուրջբոլորը քաոս է»: Այո, շուրջբոլորը քաոս է, բայց թե դու ինչպես կարձագանքես այդ ամենին, քո հոգուց է կախված: Օրինակ՝ հինգ հոգուց բաղկացած ընտանիքում խնդիր է ծագում, և մեկը դրա մասին լսելով՝ խելագարվում է, մյուսն՝ աղոթում, երրորդը շփոթվում է ու չգիտի՝ ինչ անել: Խնդիրը մեկն է, նյարդայնացնողը՝ նույնպես, իսկ հակազդեցությունը՝ տարբեր: Յուրաքանչյուրն իր ձևով է հակազդում:

Դու չես կարող ասել. «Ուրիշներն են մեղավոր ինձ հետ կատարվողի համար»: Նյարդայնացնողը ինձնից դուրս է գտնվում, սակայն, այն, թե ես ինչպես դա կընդունեմ, միայն իմ հոգևոր վիճակից է կախված, այն սրբությունից, որն ունեմ կամ չունեմ, հոգեկան հավասարակշռությունից, որն ունեմ կամ՝ ոչ, Աստծու հետ կապից, որն ունեմ կամ չունեմ: Երբեք մեղադրանքը մի ուղղեք արտաքին ինչ-որ բանի: Կինը երբեք մեղավոր չէ, որ դու խիստ լարված ես, ճնշված և այլն: Ամուսինը ևս մեղավոր չէ նրանում, թե դու ինչ ես զգում: Ամուսինը գրգռող էլեմենտն է, առիթը, իսկ խնդիրը քո ներսից է գալիս. եթե բնավորությունդ այլ լիներ և դու ուրիշ մարդ լինեիր, ապա ամուսինդ ինչ էլ ասեր կամ աներ, դու այդպես չէիր արձագանքի: Ապացո՞ւյց:

Կանայք կան, որոնց ամուսինները քոնից վատն են, բայց չնայած դրան, նրանք այնպես չեն վարվում, ինչպես դու՝ չեն բղավում ու հիստերիկայի մեջ չեն ընկնում: Իսկ ինչո՞ւ: Որովհետև նրանք հոգևոր այլ վիճակում են գտնվում:

Այս ամենը ես հասկացա սուրբ Անտոն Մեծի մասին ընթերցելիս, երբ մեկը նրան ասում է.

- Հա՛յր, աղոթիր ինձ համար, որպեսզի փրկվեմ, դրախտ ընկնեմ, ուղղվեմ, լավը դառնամ: Խնդրում եմ քեզ: Եթե դու աղոթես, կյանքս կշտկվի:

Եվ սուրբ Անտոնը պատասխանում է.

- Եթե ես էլ աղոթեմ, բոլորն էլ աղոթեն, սակայն դու ինքդ դա չցանկանաս, քեզ ոչ ոք չի փրկի:

Դու էլ պետք է դա ցանկանաս: Երջանկությունը քեզնից է կախված: Ընտրությունը, թե ինչպես ապրել, քո ձեռքում է: Եվ եթե անգամ գայթակղություններ ունենաս, կարող ես դուռը կա՛մ բացել, կա՛մ փակել դրանց առջև:

Սովորաբար մենք հակված ենք գնդակն այլ տեղ գցելու: Մտածում ենք, որ ուրիշներն են մեղավոր. «Հասարակությունն է մեղավոր, որ ես այսպիսին եմ: Մի՞թե սա կյանք է, որ մենք ենք ապրում: Ուրիշներն են մեղավոր, որ ես խենթանում են: Կինս է մեղավոր, որ ինձ աշխատավայրից շտապ կանչում են, որ այնտեղ խնդիրներ կան, նյարդայնացնող իրադրություն է»: Ոչ թե կինդ է մեղավոր, այլ կարևոր է այն, թե դու ինչպիսի հոգևոր վիճակում ես:

Հիշո՞ւմ եք, թե Քրիստոս ինչ ասաց, երբ գնում էր Ղազարոսին հարություն տալու: Նա մարդկանց ասաց.

- Ղազարոսի գերեզմանի քարը մի կողմ դրեք (հմմտ. Հովհ. 11:39):

Եվ սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Լավ, Քրիստո՛ս իմ, Դու այժմ մեռյալին հարություն ես տալու: Արդ մի՞թե չես կարող քարը մի կողմ դնել: Ինքդ արա դա. հրաշքով»: Եվ ապա շարունակում է. «Ոչ: Իսկ գիտե՞ս, թե ինչու: Որովհետև այն, ինչ կարող ես ինքդ անել, պետք է անել, իսկ այն, ինչ չես կարող՝ Աստված կանի:

- Կարո՞ղ ես քարը մի կողմ դնել:

- Կարող եմ:

- Արդ արա՛: Իսկ կարո՞ղ ես հարություն տալ մեռյալին:

- Ոչ:

- Ուրեմն Ե՛ս նրան հարություն կտամ»:

Պետք է պատասխանատվություն ստանձնես ու ինքդ տնօրինես քո կյանքը: Դա շատ կարևոր է, այդպես մենք կդադարենք սրտմտելուց: Ամենքս, երբ խոստովանության ենք գնում կամ ուղղակի զրուցում ենք, հակված ենք ամեն ինչ այլոց վրա բարդելու:

- Հա՛յր, այնպիսի՜ բաներ կասեմ Ձեզ: Ամեն ինչ այնքա՜ն վատ է իմ կյանքում:

- Իսկ ինչո՞ւ է ամեն ինչ վատ:

- Երեխաներս, ամուսինս, աշխատանքս…

Քչերն են այնպիսիք, որ ասում են. «Ամեն ինչ վատ է, որովհետև ես եմ այդպես ցանկանում, որովհետև ես վատն եմ»: «Որովհետև սովոր եմ, որ ամեն ինչ վատ լինի, որովհետև ինձ դուր է գալիս, երբ իմ կյանքում վատ է, որովհետև, երբ ամեն ինչ վատ է, սկսում են ինձ նշանակություն տալ, ուշադրություն են դարձնում, և ես նույնպես կարող եմ ինչ-որ բան ասել: Իսկ եթե ամեն ինչ լավ լինի ու ես ընկերուհիներիս մոտ գնամ, նրանք կսկսեն իրենց ամուսիններից դժգոհել, և եթե ես ասելու բան չունենամ, ապա ի՞նչ պիտի անեմ այնտեղ: Ուստի պետք է որևէ խնդիր գտնել, որևէ բան գտնել, որպեսզի մենք դա քննարկենք, ըմբոշխնենք»:

Փոքրաթիվ են այն մարդիկ, որ ընդունում են. «Այն ամենի համար, ինչ իմ կյանքում կատարվում է, անձամբ ես եմ պատասխանատու: Ես ինքս, հա՛յր, որոշեցի ու նյարդայնացա: Ամուսինս ուղղակի գրգռեց ինձ»:

Աբբա Դորոթեոսը դա հրաշալի է նկարագրում: Մի մարդ է գալիս նրա մոտ ու ասում.

- Հա՛յր, ես վիճել եմ այսինչ վանականի հետ:

- Ինչո՞ւ, զավակս:

- Որովհետև նա ինձ խիստ նյարդայնացնում է: Էլ ուժ չունեմ նրան տանելու: Նրա վարքն անտանելի է:

Եվ աբբա Դորոթեոսը պատասխանում է.

- Այդ մարդը քո բարերարն է, որովհետև քեզ օգնում է հասկանալու, թե որքան թույլ բնավորություն ունես:

Խնդիրը նրանում չէ: Քո ներսում դաշնամուր է դրված, և նա գալիս, սեղմում է ստեղներն ու աղմուկ բարձրացնում: Իսկ եթե այդ դաշնամուրը չլիներ քեզանում, մի՞թե նա ստեղն կգտներ նման շիլափլավ ստեղծելու համար: Դու հակված ես գրգռվածության, անհավատության, թերահավատության. մեկը գալիս է ու քեզ հուներից հանում: Իսկ մարդ կա, որ ինչ էլ անես, նրա վրա չի ազդում: Ինչո՞ւ չի ազդում: Որովհետև նրա բնավորությունն է այդպիսին: Եվ այն, ինչ ոմանք ի ծնե ունեն, մենք կոչված ենք անձնական սխրանքի միջոցով ձեռք բերելու:

Երեխան երեկոյան ուշանում է, տուն չի գալիս: Այո, բայց մի՞թե դրա պատասխանատվությունը քեզ վրա է: Դու ինչի՞ համար ես պատասխանատու:

- Բայց չէ՞ որ նա իմ զավակն է:

Իսկ դա ի՞նչ է նշանակում: Եթե նա «քո զավակն է», դա չի նշանակում, որ պետք է հիվանդանաս նրա պատճառով: Հիվանդանալով՝ դու նրան չես օգնի: Չես օգնի, եթե հիստերիկա սկսվի քեզ մոտ ու սկսես անդադար զանգահարել, հուզվել ու խենթանալ: Երեխայիդ օգնությունը ահա թե ինչում է կայանում. հանգի՛ստ թող ուրիշներին, հոգուդ խաղաղության ու հանդարտության համար հոգա:

Երբ երեխայիդ չես գտնում, Աստված ի՞նչ է ուզում: Որպեսզի աղոթես, հանդարտվես, խաղաղվես ու ամեն ինչ Աստծուն հանձնես: Վստահի՛ր Աստծուն ու ասա. «Տե՛ր Աստված, այս ամենը Քեզ վրա վերցրու»:

- Այդ դեպքում ես այդ ի՞նչ մայր եմ, եթե չզանգահարեմ նրան, որպեսզի տեսնեմ, թե ինչով է զբաղվում: Եթե ամուսնուս չստիպեմ, որպեսզի զանգահարի նրան՝ միասին հասկանալու, թե ինչ է կատարվում: Մի՞թե ավելի լավ չի լինի, եթե զգանք, որ մենք մի ընտանիք ենք, որ հոգեպես միասին ենք:

Ոչ: Ասում եմ, որովհետև այսօր մի երեխա ինձ հետևյալն ասաց.

- Ինչ-որ բան է պատահել ծնողներիս, և նրանք կրկին սկսել են վիճաբանություն սարքել: Ես ընկերոջս տանը մնացի՝ գիշերելու, իսկ նրանք սկսեցին զանգահարել: Հեռախոսիս մարտկոցը պարպվեց, իսկ նրանք որոշեցին, որ ես եմ անջատել հեռախոսն ու սկսեցին տարբեր սցենարներ հորինել: Երբ տուն գնացի, մայրս սկսեց բղավել ինձ վրա, հայրս՝ նույնպես, իբրև թե հանուն իմ բարօրության: Հետո հայրս ինձ մի կողմ տանելով, ասաց. «Ես քեզ չէի զանգի, բայց նա ինձ ստիպեց՝ ասելով. «Զանգի՛ր: Երբ դու ես զանգում, նա գոնե մի քիչ վախենում է քեզանից»»:

Իսկ մայրն ասում է.

- Եթե այդպես չվարվեմ, ապա ի՞նչ մայր եմ ես:

Նա զգում է, որ իր պատասխանատվությունը երեխայի հետևից վազելն է: Սակայն մեր պատասխանատվությունն այդ չէ: Ամենակարևորն այն է, որ մեզ վրա ներքուստ աշխատենք, աղոթենք, այնպիսի բանով զբաղվենք, որը մեզ Աստծուն կմոտեցնի: Ո՞վ կարող է առնչվել Աստծուն և խնդիրներ ունենալ դրանից հետո: Ո՞վ: Այդ ե՞րբ ես առնչվել Աստծուն ու անհանգստություն զգացել երեխայիդ, հարազատ մարդու, հիվանդության ընթացքի համար: Անհնարին է: Եթե Աստծուն զգաս, ապա քեզ այլևս ոչինչ չի տանջի այս աշխարհում, եթե անգամ ողջ աշխարհը սկսի խորտակվել:

Եվ մի՞թե դա արհամարհանք է աշխարհի նկատմամբ: Մի՞թե արհամարհանք էր, երբ հայրերն անապատ էին գնում: Ոչ: Իսկ ի՞նչ էին նրանք ասում.

- Ես ինձ համար պատասխանատվությունն ինձ վրա կվերցնեմ, որպեսզի ինքս լույս դառնամ, սրբանամ, զորեղ աղոթքի տիրապետեմ, և դա օգնություն կլինի բոլորին:

Իմ պատասխանատվությությունն այն չէ, որ ուրիշի հետևից վազեմ, նրան սթրեսի ենթարկեմ, և որպեսզի հետո բոլորս միասին խելագարվենք:

Մենք՝ եկեղեցասեր մարդիկս (նրանք, ովքեր իրենց եկեղեցասեր են անվանում), սովորել ենք գնդակը միշտ ուրիշին նետել. «Սատանան է մեղավոր, ուրիշներն են մեղավոր, թուղթուգիրն է մեղավոր, որ ինձ վրա արել են: Միայն մի հոգի մեղավոր չէ՝ ես՝ ինքս»: Մենք երբեք չենք ասում. «Ե՛ս եմ մեղավոր»: Միշտ պետք է ուրիշ մեկը մեղավոր լինի:

Դա հիշեցնում է այն վանականին, որն ասում էր.

- Հա՛յր, երեկ թաքուն կերել եմ: Գնացի ու կերա, չնայած որ չէր կարելի:

Որովհետև բոլորը պահք էին պահում, իսկ նա գնացել ու մի կտոր պանիր էր կերել, հետո ձու էր վերցրել, միայն թե չէր իմացել, թե ինչպես այն պատրաստել: Եվ իր խոստովանահորն ասում էր.

- Հա՛յր, ես ձու եմ կերել: Ներեցե՛ք ինձ:

- Իսկ այն ինչպե՞ս ես առանց եփելու քո սենյակում կերել:

- Տեսե՛ք, միտքս փայլատակեց այն ժամանակ, ու ես մեծ բանալիներից մեկը վերցրի, ձուն դրա վրա դրեցի, իսկ անցքի տակ մոմ վառեցի ու այդպես սկսեցի տաքացնել: Պտտեցի, պտտեցի ու տասնհինգ րոպե անց այն արդեն պատրաստ էր:

- Վայ, զավակս…

- Այո, հա՛յր, ինչ էլ ասեք՝ իրավացի եք: Միայն թե ես մեղավոր չեմ, այդ բանսարկուն ինձ դրդեց:

Եվ այդժամ հանկարծ սատանան հայտնվում է խոստովանահորն ու ասում.

- Ներեցեք, բայց այն, ինչ նա է արել, անգամ ես գլխի չէի ընկնի: Ես դեռ նման բան չէի լսել:

Տեսնո՞ւմ եք, թե որքան հեշտ է պատասխանատվությունը մեկ այլ մարդու վրա բարդել ու չցանկանալ համաձայնել, որ մենք խնդիր ունենք:

Իսկ մենք ինչո՞ւ պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա: Ինչո՞ւ: Փոքրուց սովորել ենք (մենք՝ հոգևորականներս, ձեզ սխալ ենք սովորեցրել, երբեմն մենք էլ այդպես՝ սխալ ասում), որ երբ ընդունես սխալդ ու պատասխանատվություն ստանձնես, Աստված կբարկանա քեզ վրա ու կպատժի: Պետք է լայն բացված գիրկ ունենաս աչքերիդ առջև, որպեսզի ասես. «Ես մեղք եմ գործել, և կյանքիս համար պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»: Իսկ եթե քեզ սպառնում են հողաթափով, պատժով, ամպրոպով, դժոխքով, ապա դու դա չես ասի, այլ կասես. «Հա՛յր, ուրիշներն են մեղավոր»: Այլ է, երբ հասկանաս, որ Աստված սեր է, որ Նա չի պատժում, որ այդ մենք ենք երևակայում մեզ հակառակ գործող Աստծու: Մեր գիտակցության մեջ մի խորը պատկերացում կա, որ եթե ես պատրաստվում եմ որևէ լավ բան անել, ապա Աստված խնդիրներ կստեղծի ինձ համար, կխոչնդոտի: Այսինքն՝ չենք մտածում, որ Աստված մեր կողմից է: Ինչո՞ւ: Որովհետև խնդիրներ ունենք և մտածում ենք. «Իսկ ո՞վ է այդ խնդիրները ստեղծել ինձ համար: Աստված: Նշանակում է՝ Աստված ինչպիսի՞ն է: Նա ինձ դեմ է»:

Դա սխալ պատկերացում է, միայն մի բան է ճշմարիտ, այն է, որ մեր կյանքում շատ խնդիրներ կան, որոնք ինչի՞ համար են մեզ տրվում: Ոչ թե պատժելու, այլ ուսուցանելու: Աստված կամենում է, որպեսզի մենք դասեր քաղենք այն ամենից, ինչի միջով անցնում ենք: Ոչ թե, որպեսզի պատժի մեր արարքների համար, այլ որովհետև կամենում է, որ մենք հասունանանք:

- Ի՞նչ եմ արել, որ այսպիսի բան է ինձ պատահում:

- Ոչ մի բան, զավա՛կս: Մի՞թե պետք է, որ ինչ-որ բան անես:

Երբեմն այնպես է պատահում, որ մենք ինչ-որ բան ենք անում, սակայն դա ևս պատիժ չէ. խրատ է, շտկում: Երբ ես փոքր էի, այլ երեխաների հետ միասին ծիծաղում էի մեր թաղամասից մի տատիկի վրա: Հետևում էինք, թե նա ինչպես է քայլում, ինչպիսին են նրա մազերը, հագուստը: Ես ծիծաղո՞ւմ էի: Այո: Իսկ երբ ես մեծանամ, մեկ ուրիշն էլ ինձ վրա կծիծաղի: Ինչո՞ւ պիտի բարկանամ: Բավական է միայն հիշել դա, և Աստված ինձ կասի.

- Որդյա՛կ, ահա, թե դու ինչ էիր անում այն ժամանակ: Տեսնո՞ւմ ես, թե դա որքան ցավ է պատճառում: Հիմա էլ քեզ վրա են ծիծաղում:

Երեկ փողոցում քայլելիս մի մեքենա անցավ կողքովս: Ինձ չտեսան էլ, բայց ողջ ուժով բղավեցին.

- Սրիկա տերտերնե՛ր:

Ես մտքումս ասացի. «Սո՛ւրբ Աստվածածին, ես ոչինչ չեմ արել, բայց ինձ վիրավորեցին»: Եվ հիշեցի, որ կյանքում ես էլ եմ վիրավորել ինձ ոչինչ չարած մարդկանց: Դա պատիժ չէ: Բայց Աստված քեզ ասում է.

- Տե՛ս, կյանքում արդարությունը նրա համար չէ, որպեսզի Ես քեզ ստիպեմ ցավ ապրել՝ որպես պատիժ, այլ խրատելու, դաս տալու համար, որպեսզի հոգևորապես աճես:

Աստված չի ուզում մեզ պատժել, ուստի վատ չէր լինի, որպեսզի ընդունեինք մեր պատասխանատվությունը.

- Ես մեղավոր եմ, հա՛յր: Ե՛ս եմ մեղավոր, Տե՛ր Աստված: Եթե ես ավելի հանգիստ լինեի, ապա ինձ ոչինչ չէր շփոթեցնի:

Ապացո՞ւյց: Կանայք կան, որ երբ իրենց լավ են զգում, տխուր չեն, երբ անձնական, հորմոնալ, գինեկոլոգիական և այլ խնդիրներ չունեն, ինչ էլ որ նրանց տանը կատարվի, ժպտում են: Դա նրանց չի շփոթեցնում, որովհետև իրենք իրենց հետ ներդաշնակ են: Սակայն մյուս օրերին բավական է երեխան ասի.

- Մա՛մ, ժամը քանիսի՞ն ենք ատամնաբույժի մոտ գնալու:

Եվ նա պատասխանում է.

- Դե բավական է: Նման հարցեր մի՛ տուր:

Երեխան ինչ էլ ասի, դա նրան զայրացնում է: Անգամ ամենաչնչին բանից էլ կարելի է բարկանալ: Ե՞րբ: Երբ Աստծու, աղոթքի ու հոգուդ հետ լավ կապի մեջ չես: Ուրիշները ոչ մի բանում մեղավոր չեն: Ոչ ոք մեղավոր չէ, որ մենք հոգևոր մարդիկ չենք:

Մի մարդ պատմում էր իր ընտանիքի մասին, թե ինչպես ամեն ինչից զրկվեցին.

- Առաջ շատ փող ունեինք, տներ, սեփականություն, բայց ամեն ինչ կորցրինք:

- Իսկ ինչո՞ւ,- հարցրի ես:

Նա իսկույն պատասխանեց.

- Մեզ վրա թուղթուգիր էին արել, և այդ օրվանից ամեն ինչ գլխիվայր շրջվեց:

Նրա կինն էլ էր այդտեղ ու ամենախելացի բանն ասաց.

- Եկ, ողջ ճշմարտությունն ասա սուրբ հորը: Ախր բանը դրանում չէր, այլ եթե դու մի փոքր զսպեիր ազարտդ, մենք գոնե այն տունը կպահեինք: Պետք չէ ամեն ինչ կախարդության վրա բարդել: Մենք էլ ենք պատասխանատու կատարվածի համար:

Եկեք գնդակն անվերջ ուրիշների դաշտը չնետենք: Ավելի լավ է մեր ընտրության, մեր գործերի պատասխանատվությունը ստանձնենք: Մեր իրականությունն ինչպե՞ս է ձևավորվում: Ո՞վ է ձևավորում այն, ինչ մեզ շրջապատում է: Աստված կամ հանգամանքներն են անո՞ւմ, որ հանկարծակի հայտնվում ու տխրեցնում են մեզ: Այո, Աստված թույլ է տալիս, որպեսզի ինչ-որ բան տեղի ունենա, սակայն, թե դու դա ինչպես կվերապրես, ոչ թե Աստծուց է կախված, այլ քեզանից: Դա դու ես որոշում և ընտրում:

Ուստի և սուրբ Աթոս լեռան վրա, որտեղ ճգնում են մեզ համար օրինակ հանդիսացող հայրերը, տեսնում ես. որ նրանց վիրավորում են կամ ինչ-որ հիվանդություն, խնդիր է ծագում, իսկ նրանք չեն կոտրվում: Իսկ եթե անգամ ընկճվում են, ապա շուտով ստանձնում են կատարվածի պատասխանատվությունն ու այսպես մտածում. «Իսկ ինչո՞ւ Աստված դա թույլ տվեց: Ի՞նչ է ուզում դրանով ինձ սովորեցնել: Աստծու ի՞նչ ճշմարտություն պիտի հիշեմ»: Եվ կրկին ոտքի են կանգնում ու վերագտնում հավասարակշռությունը:

Կրկին աբբա Դորոթեոսն է այդ մասին խոսում. «Երբ մեծ փորձություն մուտք գործի քո կյանք, պառկիր հատակին, որպեսզի կարողանաս ոտքի ելնել: Հատակին միշտ լուռ ու խաղաղ է»: Իսկ ի՞նչ է նշանակում է պառկել հատակին: Նշանակում է՝ փորձության ժամին Աստծու այնպիսի ճշմարտություն հիշիր, որը կարող է քեզ երջանկացնել:

Սրբերից մեկն ասում է, որ երբ կյանքում դժվարության ես հանդիպում, ապա հաստատ Քրիստոսի ճշմարտություններից որևէ մեկը մոռացել ես այդ ժամին: Օրինակ՝ ինչ-որ մեկը գալիս ու քեզ հունից հանում է, և դու որոգայթում ես հայտնվում. սկսում ես վիճել, հակաճառել: Կամ էլ ամուսինն ընդամենը մի բառ է ասում: Կինն իսկույն պատասխանում է, երեխաներն էլ միանում են վեճին: Իսկ հարկ էր, որ նրանք հարցնեին իրենց. «Իսկ ես ինչի՞ մասին էի մոռացել այդ պահին: Մոռացել էի, որ մենք եղբայրներ ենք: Մոռացել էի, որ այդ ամենը պատահական չէ, որ այդ կինն իմ կինն է (այդ տղամարդն իմ ամուսինն է), և այդ երեխան իմ զավակն է»:

Դու դա մոռացել ես, և Աստված քեզ ասում է, որ կյանքում պատահական ոչինչ չկա: Այդ կինը կողքիդ է գտնվում, որպեսզի որոշակի ինչ-որ բան քեզ սովորեցնի, նա նրա համար չէ քեզ հետ, որպեսզի կյանքդ անտանելի դարձնի: Դու ինքդ ես դրան համաձայնում, և նա այն անտանելի է դարձնում: Սակայն կարող էիր սրբանալ այդ կնոջ կողքին և երախտագիտությամբ համբուրել նրա ձեռքը, երբ մահվանդ ժամը գա, ինչպես մի վանական մյուսի ձեռքը համբուրեց, որը նրա կյանքն անտանելի էր դարձրել: Եվ գիտե՞ք թե ինչ ասաց նրան.

- Մո՛տ արի, հա՛յր, ձեռքդ ինձ տուր,- և համբուրեց այն:

Վերջինս ամոթահար եղավ ու ասաց.

- Ինչո՞ւ ես ձեռք համբուրում, չէ՞ որ կյանքդ անտանելի եմ դարձրել:

Եվ ի՞նչ պատասխանեց մեռնող վանականը.

- Ոչ մեկը մեղավոր չէ իմ առջև: Եթե ես տառապում էի, ուրեմն ուզում էի, դրա համար էլ տառապում էի: Իսկ քեզ հատկապես շնորհակալ եմ:

- Ինչի՞ համար:

- Որ քո շնորհիվ սովորեցի համբերել, սիրել, ներել: Ես քեզ շատ պարտական եմ:

Նա իր պատասխանատվությունն ուրիշի վրա չգցեց, ինչպես շատերն են անում: Շատ ամուսիններ իրենց կանանց ասում են.

- Այդ դո՛ւ ես մեղավոր, որ ես այսքան նյարդային եմ:

Բայց կարող էր ասել. «Դու մեղավոր չես, դու օգնում ես պայքարել իմ գրգռվածության դեմ»: Սակայն մենք ամեն ինչ գլխիվայր ենք շրջում ու միշտ հիասթափվում ենք: Իսկ հարկ է, որպեսզի փորձության ժամին մտածենք, որ մեզ դիմող մարդը խնդիր ունի: Այդ պահին նա տանջվում ու տառապում է, իսկ մենք մոռանում ենք դրա մասին: Օրինակ՝ ամուսինը հոգնած վերադառնում է աշխատանքից ու ամեն առիթով՝ փողի, պարտքերի և այլնի, վիճում կնոջ հետ: Իսկ կինն ի՞նչ է զգում այդ միջոցին: «Դրա՛ն տես: Էլի սկսեց: Էլի վեճ է սարքում, հրահրում է ինձ»:

Հայր Պորֆիրիոսն ասում է. «Հարկ է զգաս, որ [քեզ հրահրող] մարդկանց պահվածքում թաքնված է հետևյալ ուղերձը. «Ես տառապում եմ, վախենում, ինձ անպաշտպան եմ զգում, անհանգստանում եմ ապագայի համար»: Թեկուզ և մարդը գազազում է, բայց հոգում նա վախենում է: Իմացիր սա, երբ տեսնես, որ նա բղավում է, կատաղում, ափերից դուրս գալիս, ինչ-որ բան կոտրում, ինչպես որ երիտասարդությունն է անում»:

Ե՛վ մասնագետները, և՛ սրբերը զանազանում են զգայուն մարդկանց, որոնք վախենում են և խուճապահար սկսում բղավել: Նրանք չար մարդիկ չեն, որ մեզ հում-հում կուլ կտան, ուղղակի շատ զգայուն են և տառապում են դրանից:

Բայց ի՞նչ են անում և՛ մեկը, և՛ մյուսը, այսինքն՝ ամուսինն ու կինը: Նրանք երկուսն էլ եսասիրության ու հակառակության ծուղակն են ընկնում: Ախր նա ի՞նչ չարիք կարող է քեզ պատճառել: Նա ինքն է այդ պահին վախեցած, իսկ դու սկսում ես անհանգստանալ քո հոգեկան աշխարհի համար, անպաշտպան ես քեզ զգում ու ագրեսիվ դառնում:

Արդյունքում ընտանիքում տեսնում ես լարված հարաբերություններ, վիճաբանություններ, հակառակություններ, խառնաշփոթ իրավիճակ: Եվ մտածում ես. «Ի՞նչ է այստեղ կատարվում: Միգուցե ճակատամա՞րտ է: Կռվում են, թե ով ում կհաղթի»:

Եվ կանայք դրանից հետո սկսում են ձևեր թափել, հոնքերը կիտել ու երեք օր ամուսնու հետ չխոսել: Նրանց հարցնում եմ.

- Իսկ ինչո՞ւ չես խոսում նրա հետ:

- Որպեսզի սովորի:

- Ի՞նչ պիտի սովորի ախր: Ինչո՞ւ չես ժպտում նրան:

- Դե ես նրան ներել եմ, բայց դիտմամբ եմ այդպես անում:

- Իսկ ինչո՞ւ ես դիտմամբ անում:

- Որպեսզի իրեն չերևակայի, այլապես կրկին նույն խնդիրները կունենանք:

Այն միջոցը, որով գործում ենք, սրբության հոգևոր ոլորտից դուրս է նետում մեզ և ներքաշում զուտ երկրային, աշխարհիկ խաղի մեջ: Եվ մենք դադարում ենք վեհ մարդ լինելուց, այլևս այնպիսին չենք, ինչպիսին Աստված է ուզում մեզ տեսնել, այսինքն՝ հոգևոր բնույթի ու սրբության չենք տիրապետում: Իսկ եթե այդպիսին լինեինք, ապա մեզ հետ ինչպես էլ վարվեին, մենք մեզ այնպես կզգայինք, ասես մոծակը խայթեց: Երբ մոծակը փղին խայթում է, փիղը որևէ բան զգո՞ւմ է: Ոչինչ:

Եթե մեր հոգին այնքան լի է, եթե աղոթքն ինձ երջանկության այնպիսի զգացումով է լցնում, ապա, եթե աշխատանքի գնամ ու որևէ մեկն այնտեղ վիրավորի կամ նվաստացնի, ապա դա ինձ չի վիրավորի: Ինչո՞ւ: Որովհետև ինձ չի հուզում, թե ինչ կասես ինձ, և ես քեզ չեմ պատասխանի. «Իսկ ինչո՞ւ ես ինձ այսպես թերագնահատում: Գիտե՞ս, թե ես ով եմ»: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կասես: Ինչո՞ւ: Որովհետև ես իմ ներսում Աստծու ձայնին եմ հետևում, որն ինձ ասում է. «Զավա՛կս, Ես քեզ սիրում եմ: Դու շատ թանկ ես Ինձ համար: Ոչ թե, որ դու բոլորից լավն ես, այլ ուղղակի թանկ ես ինձ համար, ինչպես և բոլորը», դրա համար էլ ինձ չի հուզում, թե ուրիշներն ինչ կասեն իմ մասին:

Սակայն եթե ես ներդաշնակ չեմ ինքս ինձ հետ, ապա մշտապես քաջալերանք կփնտրեմ, համակրանք ուրիշի կողմից, կսպասեմ, որպեսզի նա ինձ ուշադրություն դարձնի, հետաքրքրություն ցուցաբերի իմ հանդեպ, և այնժամ կսկսեն այս խնդիրներն առաջ գալ:

(Շարունակելի)

 

Ծայրագույն վարդապետ Անդրեաս (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

01.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․