Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվեց Մասիս քաղաքի Ս. Թադեոս նորակառույց եկեղեցին

Հոկտեմբերի 4-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Մասիս քաղաքի նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:

Եկեղեցու առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, եկեղեցու բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, թեմի հոգևոր սպասավորները և երիտասարդական միության անդամները:

Օծման արարողության ընթացքում շարականների և սաղմոսների ներքո ջրով և գինով լվացվեցին եկեղեցու Ս. Սեղանը, սյուները և մկրտության ավազանը: Այնուհետև «Հրաշափառ» շարականի ներքո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը:

Ձեռամբ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օծվեցին եկեղեցու խորանի սյուները, մկրտության ավազանը և խորանի շուրթը:

Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվեց Ս. Թադեոս առաքյալի անունով:

Հավարտ եկեղեցու օծման, Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին:

«Հոգևոր ուրախության զգացումներով ենք այսօր համակված ամենքս: Առ Բարձրյալն Աստված փառաբանությամբ, ձեզ հետ միասնական աղոթակցությամբ կատարեցինք օծումը Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու:

Սուրբ Էջմիածնի տոնին նվիրված գեղեցիկ շարականն արտահայտում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայոց առաջին Հայրապետի կոչը. «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս»: Նոր եկեղեցիների կառուցումը իրագործումն է այս կոչի՝ դառնալով ոգևորություն և խրախույս մեր կյանքում՝ վառ պահելու հավատքի լույսը, ապրելու բարեպաշտությամբ, գործելու Աստծո կամքի համաձայն: Նորակառույց և գեղեցկակերտ այս եկեղեցին կրում է Սուրբ Թադեոս առաքյալի անունը, որին շարականագիրը կոչում է «Հայրատունկ այգու հրեղեն պարիսպ, ոսկեղեն բաժակ, ժիր մատռվակ և Հայաստանյայց հոգևոր հայր»: Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները քրիստոնեության լույսը բերեցին Հայաստան և Տիրոջ կենարար շնորհներին արժանի դարձրեցին մեր ժողովրդին: Օրեր առաջ Սուրբ Մյուռոնի օրհնության արարողությանը Մենք հիշատակեցինք, որ Թադեոս առաքյալի ձեռամբ է Հայաստան բերվել Քրիստոսի կողմից օրհնված յուղը, որի զորությունը հաղորդվում է մեր սրբալույս մյուռոնին և որով այժմ կատարեցինք օծումը այս եկեղեցու: Թադեոս առաքյալի՝ մեր ժողովրդին մատուցած սպասավորության հիշատակները, հիրավի, մշտարթուն կլինեն նաև Քրիստոսի հավատարիմ աշակերտի անունը կրող եկեղեցում և այս եկեղեցի այցելող հավատացյալների սրտերում:

Սիրելիներ, հավատքը կենդանի և զորավոր է Բարձրյալն Աստծո հետ աղոթական հաղորդակցությամբ: Իր ամենակարողությամբ Աստված ամենուր է՝ երկնքում և երկրի վրա, և աստվածային հոգեպարար ներկայությունը զգալի է հատկապես Տիրոջը նվիրված սրբագործյալ տաճարներում: Այս իրողությունն է ուսուցանում Դավիթ մարգարեն սաղմոսի միջոցով՝ ասելով. «Տէր ի տաճար սո՛ւրբ իւրում. Տէր յերկինս յաթոռ իւրում (Տերն իր սուրբ տաճարում է, Տերը երկնքում է՝ իր գահի վրա)» (Սաղմ. Ժ 5)։

Եկեղեցին Աստծո տունն է, պաշտամունքի սրբազան վայր, որտեղ հանդիպում են երկինքն ու երկիրը, ժամանակավորն ու հավիտենականը, և որտեղ մարդը ներթափանցում է հավերժության խորհրդի մեջ, ստանում նաև պարգևը հավիտենական կյանքի: Մեր Տիրոջ և Փրկչի շնորհները հեղվում են հավատացելոց վրա եկեղեցիների օրհնյալ հարկից ներս Սուրբ և Անմահ Պատարագի, սրբազան արարողությունների մատուցմամբ: Եվ եկեղեցու Սուրբ Սեղանից բաշխվող հոգևոր պարգևներով զորանալով՝ մեր ժողովրդի զավակները երկնային աջակցությամբ արդյունազարդում են իրենց կյանքի ընթացքը աստվածահաճո գործերով: Գովելի է, որ եկեղեցաշեն բարերարները, ընդառաջ մեր ժողովրդի հոգևոր պահանջի, կյանքի են կոչում նոր աղոթավայրերի, օրհնության նվիրական հարկերի, լուսո սուրբ խորանների կառուցումը», - ասաց Նորին Սրբությունը:

Սուրբ Թադեոս եկեղեցու օծման առիթով Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց Վարդանյան ընտանիքի անդամներին, որոնց շնորհիվ Մասիս քաղաքում հոյակերտ եկեղեցի հառնեց:

Վերհիշելով եկեղեցու հիմնարկեքը, որին ներկա էր նաև եկեղեցու բարերարը` բարեհիշատակ Հրանտ Վարդանյանը, Նորին Սրբությունը հավելեց, որ հավատացյալ հայորդիներն իրենց աղոթքներում մշտապես պիտի հիշեն նրան՝ Տիրոջից խաղաղություն ու հանգստություն հայցելով նրա լույս հոգու համար:

Հայոց Հովվապետը գովելի սպասավորության իրականացման, թեմում հոգևոր-եկեղեցական կյանքը աշխույժ պահելու և նման եկեղեցաշեն ձեռնարկներն ու բարերարությունները խրախուսելու համար իր գնահատանքը հայտնեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասին՝ գլխավորությամբ Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:

Գարեգին Բ Վեհափառը ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այրերի ներկայությունը սրբազան արարողությանը` հայցելով Աստծո զորակցությունը նրանց հայրենանվեր առաքելության մեջ:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց նաև եկեղեցու ճարտարապետ Անահիտ Թարխանյանին և շինարարներին:

Գնահատելով Վարդանյան ընտանիքի եկեղեցանվեր նպաստը՝ ի շինություն և ի պայծառություն հոգևոր-եկեղեցական կյանքի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց Միքայել և Կարեն Վարդանյաններին: Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տերը հաջողություններ շնորհի բարեպաշտ Վարդանյան ընտանիքի ազգօգուտ, հայրենասեր գործերին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց, որ Աստված խաղաղության մեջ նոր առաջընթաց ու շինություն պարգևի Հայրենիքին, պահի ու պահպանի հայ ժողովրդին՝ առաջնորդելով դեպի նոր ձեռքբերումներ:

Նորին Սրբությունը նաև մաղթեց, որ Տերը Սուրբ Թադեոս առաքյալի բարեխոսությամբ Իր օրհնության ներքո պահի Մասիսի նորակառույց եկեղեցին և Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին՝ նորանոր հաջողություններ շնորհելով բոլոր ազգանվեր ու եկեղեցանվեր գործերին ու նախաձեռնություններին:

Այս առիթով Վեհափառ Հայրապետը տաճարին նվիրեց Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության սրբապատկեր:

Ս. Թադեոս եկեղեցու օծման արարողությանը ներկա էին նաև ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը և բազում բարեպաշտ հայորդիներ:

04.10.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․