Ի՞նչ է էֆթանազիան, ե՞րբ է առաջին անգամ գործածվել այս եզրը և ո՞րն է էֆթանազիայի նպատակը:
«Էֆթանազիա» բառի հիմքում ընկած է հունարեն «θάνατος - թանատոս – մահ» բառը: Էֆթանազիա նշանակում է հեշտ, առանց չարչարանքների մահ: Ըստ տեղեկությունների` այս բառն առաջին անգամ գործածել է հռոմեացի պատմիչ Սվետոնիուսը Օգոստոս կայսեր մահվան նկարագրության համար` հաղորդելով, որ կայսրը հեշտ և թեթև մահ է ունեցել: Դրանից հետո «էֆ-թանազիա» բառը գործածվում էր հեշտ մահվան նկարագրության համար: Սակայն հետագայում, երբ բժշկության մեջ սկսեց կիրառվել մեկի կողմից ցավերի, չարչարանքների մեջ գտնվող հիվանդին մահ պատճառելը, բառը գործածվեց այս երևույթի համար:
Էֆթանազիան լինում է կամավոր և ոչ կամավոր: Այն կամավոր է, երբ հիվանդը գիտակից է և ինքն է խնդրում` իրեն մահ պատճառելով ազատել հիվանդության ցավերից, չարչարանքներից: Էֆթանազիան ոչ կամավոր է, երբ հիվանդը գիտակից վիճակում չէ, և նրա հարազատներն են և կամ բժիշկն է նմանատիպ որոշում կայացնում: Էֆթանազիան մարդկային բարձր բարոյականության, ինչպես և կյանքի գերագույն արժեքի հանդեպ վերաբերմունքի առումով անընդունելի է և ավելի շատ դատապարտության, քան ընդունելության է արժանանում:
ԱՄՆ-ի որոշ նահանգներում, Եվրոպական առաջադեմ երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ընդունվել և ընդունվում են օրենքներ, որոնք, մի շարք չափանիշներ հաշվի առնելով, թույլատրել են էֆթանազիան: Սակայն Կաթոլիկ Եկեղեցին դեմ է այս երևույթին: Հայ Առաքելական Եկեղեցին ևս անընդունելի է համարում այն, թեև Հայաստանի Հանրապետությունում էֆթանազիան թույլատրող օրենք չի ընդունվել: Էֆթանազիայի վերաբերյալ ի՞նչ է ասում Աստվածաշունչը, Եկե-ղեցին:
Էֆթանազիան օրինականացվել է միայն մի քանի երկրներում` Բենելյուքսի երեք երկրներում (այս անունն այդ երկրների մեջ մտնող պետությունների անվանումների հապավումն է` Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը), Շվեյցարիայում և ԱՄՆ-ում` Վաշինգտոնում, Օրեգոն, Կալիֆորնիա, Վերմոնտ նահանգներում, իսկ Մոնտանա նահանգում թույլատրելի է համարվել հիվանդի ինքնասպանությանը սատարելը, երբ մարդը որոշում է կայացրել իր ձեռքով իր հանդեպ կիրառել էֆթանազիան:
Ըստ Աստվածաշնչի` կյանքն Աստծո պարգևն է, Աստված Ինքն է կյանքի արարիչը: Ծննդոց գրքում կարդում ենք, որ Աստված է ստեղծել ու կյանք տվել բոլոր կենդանի արարածներին (1.1-27): Այս իմաստով մարդն իրավունք չունի մերժել Աստծո պարգևը և կամ դրան վերաբերվել ըստ իր հայեցողության: Սա վերաբերում է անգամ կենդանիների կյանքին: Դրախտում, այնուհետ մարդկության գոյության սկզբնական շրջանում մարդկանց թույլատրված չէր կենդանիների սպանություն կատարել, իսկ կենդանակերությունը միայն ջրհեղեղից հետո թույլատրվեց Աստծո կողմից (Ծննդ. 9.3): Հին Կտակարանում մենք տեսնում ենք նաև մահապատժի սահմանումներ մովսիսական օրենքում (Ելք 19.12, 21.16, 22.20, 35.2; Ղևտ. 20.2, 20.9-16, 21.9, 24.16; Բ Օր. 13.6-10, 17.12, 21.20-21), սակայն այս ամենի վրա գերիշխում էր « մի՛ սպանիր» (Ելք 20.13) պատվիրանը: Մահապատիժների, ինչպես նաև այլազգիների դեմ ելնելու և նրանց ոչնչացնելու լիազորությունը տալիս էր Աստված, և մարդուն արտոնված չէր իր կամեցողությամբ սպանություններ կատարել:
Աստծո հայացքի առջև միաժամանակ ներկա են երկու իրականություններ` այս երկրային, ժամանակավոր աշխարհը և հավիտենությունը, մինչդեռ մենք հիմնականում ականատես ենք երկրայինին, իսկ հավիտենականին հավատում ենք: Մարդու համար սպանությունը մեկին ոչնչացնելու արարք է, իսկ Աստծո պարագայում՝ որևէ մեկին այս իրականությունից հավիտենական իրականություն փոխադրելն է: Եկեղեցական կանոնների համաձայն` անգամ պատերազմների ժամանակ հավատքը, հայրենիքը, սրբազան արժեքները պաշտպանելու ելած զինվորների կողմից կատարված սպանությունը թեև մարդասպանության մեղք չի համարվում, սակայն նկատվում է մի արարք, որի պատճառով տվյալ անձին երեք տարի արգելվում է մոտենալ Սուրբ Հաղորդության` կատարած արարքից ինքնամաքրումով սրբվելու համար:
Զինվորի ծառայությունը Քրիստոսի կողմից հայտարարված մեծագույն սիրո արտահայտությունն է ըստ տերունական հետևյալ խոսքի. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13): Սակայն նույնիսկ մեծագույն սիրո դրսևորման այս դեպքում, անգամ հայրենիքի, սրբազան արժեքների պաշտպանության համար կատարված սպանությունը մաքրագործման ենթակա է համարվում: Ուրեմն, առավել ևս չարչարանքների, ցավերի մեջ գտնվող հիվանդի սպանությունը դիտվում է որպես մարդասպանություն և անընդունելի է կրոնական տեսակետից:
«Էֆթանազիա» եզրը երբեմն փոխարինվում է «թեթև մահ» կամ «գթասրտությունից մղված սպանություն» արտահայտություններով, երբ խոսքը վերաբերում է հիվանդին, ով ապրելու հետագա հնարավորություն չունի, իսկ ներկա կյանքն անցնում է աննկարագրելի ցավերի ու տառապանքների մեջ: Մի՞թե էֆթանազիան այս պարագայում ինչ-որ առումով օգնություն չէ հիվանդին:
Հիշենք Քրիստոսի խաչելությունը: Նրա կողքին` աջ և ձախ կողմերում, խաչեցին երկու ավազակների: Այդ ահավոր չարչարանքների մեջ ավազակներն անդրադարձան իրենց կյանքին և տանջանքների ներկա վիճակին: Ձախակողմյան ավազակը չարչարանքների մեջ անգամ անզեղջ մնաց և իր բիրտ բնույթը ցույց տվեց: Սակայն աջակողմյան ավազակի համար իր ամբողջ կյանքի համեմատ չարչարանքների այս փոքր ժամանակահատվածը բավական եղավ, որպեսզի նա զղջումով արժանանա մեղքերից մաքրվելու և սրբվելու: Դիմելով Քրիստոսին` աջակողմյան ավազակն ասաց. «Հիշիր ինձ, Տե՛ր, երբ որ գաս Քո թագավորությամբ»: Եվ Քրիստոս նրան ասաց. «Ճմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23.40-13): Ուրեմն, չարչարանքները հնարավորություն տվեցին ավազակին ինքնաանդրադարձումով զղջալու և նույնիսկ դառնալու առաջին մարդը, ով Քրիստոսի հետ հավիտենության բացված դռներով մուտք գործեց դրախտ:
Քրիստոս ևս խաչի վրա չարչարանքների մեջ էր: Այդ տառապանքների պահին Նա ձայնեց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն` Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27.46, Մարկ. 15.34): Այս խոսքերը նաև 21-րդ սաղմոսի խոսքերն են (2): Ըստ ավետարանիչների` այս խոսքից հետո խաչի մոտ հավաքվածներից մեկը վազում է, սպունգը թրջում քացախի մեջ, անցկացնում եղեգի ծայրին և մեկնում Քրիստոսին, որ խմի (Մատթ. 27.48, Մարկ. 15.36, Հովհ. 19.29): Հովհաննես Ավետարանիչն ասում է, որ այդ հավաքվածները զինվորներն էին: Առաջին հայացքից անհասկանալի է, թե ինչու է զինվորն այդ խոսքերից հետո շտապում Քրիստոսին ըմպելիք տալու: Սակայն Ավետարանիչների հաղորդած ընդհանուր տեղեկություններն ընթերցելով` տեսնում ենք, որ Քրիստոս յոթը խոսք ասաց խաչի վրա: Հովհաննես Ավետարանիչը հստակեցնում է այս դեպքը` նշելով, որ Քրիստոս վերոնշյալ խոսքերից հետո ասաց` Ծարավ եմ (Հովհ. 19.28): Եվ հենց այս խոսքը լսելով էր, որ զինվորը` գթասրտությունից դրդված, շտապեց Նրան ըմպելիք տալու: Քրիստոս ըմպեց իրեն մեկնված ըմպելիքից, ինչը հավանաբար ահավոր չարչարանքների մեջ ֆիզիկական որոշ թեթևություն բերեց և դրանից հետո հոգին ավանդեց:
Խաչելության այս դրվագի մեջ մենք կարող ենք տեսնել ցավերի մեջ գտնվող հիվանդներին առնչվող հարցերի պատասխաններ: Չարչարանքները հնարավորություն են տալիս անցած կյանքին անդրադառնալու, և այդ ծանր պահերին առանձնահատուկ կերպով Աստծուն դիմելու, ինչպես նաև փոքր մի շրջանի նեղություններով քավելու մեղքերը, որոնց պատճառով մարդը կարող է զրկվել հավիտենական երանությունից: Բացի դրանից, ծանր հիվանդին շրջապատող մարդիկ այդպիսի պահերին է, որ դրսևորում են սեր, հոգածություն, խնամք, և դա առիթ է մարդուն իր լավագույն վարմունքները, մեկի հանդեպ հոգատարությունն ու սերը դրսևորելու, նաև այդպիսի գթասրտությամբ Աստծո առջև երևալու համար: Իսկ հիվանդության ցավերը կարելի է մեղմել որոշ դեղամիջոցներով: 1800-ական թվականներից բժշկության մեջ սկսեց գործածվել մորֆինը, որը լավագույն միջոցներից մեկն է ծանր ցավերը մեղմելու համար: Սակայն բժիշկների կողմից մտավախություն կա նման դեղամիջոցների տրամադրման, ինչպես նաև խնդիրներ են առաջանում ըստ գրանցման վայրի միայն համապատասխան ցավազրկող միջոցի թույլատվության, որով նույնպես անտեսվում է տառապանքների մեջ գտնվող հիվանդի վիճակը թեթևացնելու անհրաժեշտությունը: Ուրեմն, խնդիր կա բժշկության ոլորտում այս հարցը կարգավորելու: Հազվադեպ լինում են դեպքեր, երբ հզոր ցավազրկողները չեն մեղմում ահռելի ցավերը: Այս իրավիճակի համար երկրի օրենքը, կրոնական ընկալումները ևս նկատի ունենալով, կարող է որոշ բացառող հանգամանքներ դիտարկել` լիազորելով բժշկին, էֆթանազիան կիրառելուց զերծ մնալով, հատուկ սահմանափակ դեղամիջոցների գործածմամբ առանձին կերպով զբաղվելու հիվանդի խնամքով:
Իսկ Եկեղեցին ինչո՞վ կարող է սատարել անհուսալի վիճակում գտնվող հիվանդին, ով կամավոր ընտրել է էֆթանազիայի մեթոդը:
Հայաստանում Եկեղեցին էֆթանազիան ընտրած հիվանդին օգնելու անհրաժեշտության առջև չէ, որովհետև այն մեզ մոտ չի կիրառվում: Սակայն մարդը կարող է մտովի նախընտրել էֆթանազիան, այսինքն` մտածել, որ ավելի լավ է մեռնի, քան այսքան չարչարանքների մեջ լինի: Այս դեպքում հոգևորականը պետք է հիվանդի հոգեվիճակը մեղմի աղոթքով, Ավետարանի խոսքով, մխիթարություն բերելով:
Ցավոք սրտի, Հայաստանում հոգևորականների հիվանդանոցային ծառայությունները կանոնակարգված և բավարար չեն հոգևորականների խիստ սակավության պատճառով: Կան հոգևորականներ, ովքեր այցելում են հիվանդանոցներ, աղոթում, Աստծո խոսքը բերում հիվանդներին: Նաև հավատավոր երիտասարդներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ օգնում են հոգևորականներին այս հարցում, նրանց հետ հիվանդանոցներ այցելում և կամ որտեղ հնարավոր չէ եկեղեցականի այցելությունը, իրենք են գնում հիվանդների մոտ, աղոթում, Սուրբ Գրքի խոսքերով մխիթարում: Մեր Եկեղեցին անհրաժեշտություն ունի ավելի շատ հոգևորականների` համալրելու բանակային, բանտային և հիվանդանոցային ծառայություն իրականացնող հոգևորականների շարքերը: Արտասահմանում հիվանդանոցները մշտական այցելու հոգևորականներ ունեն, ովքեր հատուկ պատրաստված են հիվանդներին ծառայություն բերելու համար: Այս նմանությամբ, ինչպես նաև նման սպասավորության առկա փորձը նկատի ունենալով, հուսով ենք, որ մեր Եկեղեցում ևս առաջընթաց կլինի այս ոլորտում, և հատկապես ծանր վիճակի մեջ գտնվող հիվանդները նաև հոգևոր աջակցություն կստանան եկեղեցականների համապատասխան ծառայությամբ:
Որո՞նք են Էֆթանազիայի հետևանքները. չէ՞ որ երբեմն դրան դիմում են ոչ միայն անհուսալի հիվանդները, այլև հոգեկան հավասարակշռությունը կորցրած մարդիկ, կամ երբեմն նույնիսկ բժիշկն է սխալվում իր բժշկական եզրակացության մեջ և դրանով հուսահատ քայլերի մղում մարդուն:
Էֆթանազիայի հետևանքները բազմաթիվ ինքնասպանություններն ու մարդասպանություններն են: Եկեղեցական կանոնների համաձայն, որոնք խստորեն պահպանվում էին միջնադարում, ինքնասպանություն գործած անձնաց անգամ թաղում էին քրիստոնեական գերեզմաններից դուրս, որովհետև նրանք մերժել են աստվածային գերագույն պարգևը` կյանքը, որով նաև` աստվածուրացության ու աստվածմերժության մեղքի մեջ ընկել: Այսօր, ինչպես և հնում, ինքնասպանների վրա թաղման եկեղեցական կարգ չի կատարվում: Մինչդեռ էֆթանազիան թե՛ հիվանդի անձնական ընտրությամբ ու մասնակցությամբ ինքնասպանություն է, և թե՛ դրան սատարողների ու կիրառողների դեպքում` մարդասպանություն:
Հիվանդի չարչարանքների պարագայում հարկ է հիշել մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ով ահավոր տանջանքների ենթարկվեց, այնուհետ տասներեք, կամ ըստ այլ տեղեկության` տասնհինգ տարով նետվեց խոր վիրապի` խորը փոսի մեջ: Բայց Աստծո օգնությամբ հաղթահարեց բոլոր փորձությունները, լուսավորություն բերեց մեր ազգին և ապրեց փառքի ու պատվի մեջ: Մենք ամեն դեպքում չպետք է բացառենք հրաշքը բժշկվելու գործում, ինչպես նաև հիշենք աջակողմյան ավազակին, ում համար տանջանքներն առիթ եղան մեղքերից մաքրվելու և հավիտենական երանության արժանանալու:
Երբեմն պատահում են նաև սխալ բժշկական ախտորոշումներ և կամ սխալ խորհրդատվություններ, մանավանդ երբ բժիշկն էֆթանազիայի կողմնակից է: Էֆթանազիայով կյանքից հեռացած շատ հիվանդների վերաբերյալ պարզվել է, որ վերջնականապես անհուսալի հիվանդներ չեն եղել, ոմանք էլ ցավեր չեն ունեցել, այլ պարզապես հոգնել են հիվանդագին վիճակից, շատերն էֆթանազիայի կիրառման որոշում կայացրել են նման խորհրուդ տվող բժշկի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց: Մինչդեռ հավատավոր բժիշկների, հոգեբանների և հատկապես հոգևորականների հետ հանդիպումները բազմաթիվ դեպքերում այլ որոշման կհանգեցնեին: Այս մտահոգություններն են նաև պատճառը, որ էֆթանազիան օրինականացված է ընդամենը մի քանի երկրներում, և ընդունելի չի համարվում պետությունների, ժողովուրդների մեծամասնության կողմից: Ամեն դեպքում պետք է հիշել, որ հատկապես կյանքին վերաբերող և կյանքին սպառնացող վարմունքներում պետք է առաջնորդվել կյանքը ստեղծած Աստծո կամքի համաձայն:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Ոչ միայն հացիվ» գրքից