Դու ի սուրբս բնակեալ ես, գովեալդ Իսրայելի։
Ի քեզ յուսացան հարքն մեր, յուսացան ի քեզ և փրկեցեր զնոսա։
Դու ապրում ես սրբերի մեջ և գովերգվում Իսրայելում։
Քեզ վրա հույս դրին հայրերը մեր,
հույս դրին Քեզ վրա, և Դու փրկեցիր նրանց (Սաղմոս 21։4, 5)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրն է։ Եղիան մարգարե էր, որ հրեաներին դատապարտում էր Ճշմարիտ Աստծուն մոռանալու և կուռքերին պաշտելու համար։ Եղիան Ենովքի հետ այն եզակի սրբերից է, որ արժանացել է, առանց մահ ճաշակելու, երկինք փոխադրվելու։
Սրբերն առանձնանում են իրենց աննկուն հավատքով, հավատարմությամբ առ Աստված և իրենց ուրույն ճանապարհով։ Նրանց կյանքն ու ճանապարհի ընթացքը ևս փորձություններով լեցուն են, և նրանք մեղքեր են գործել սովորական մահկանացուների նման։ Հաճախ մարդկանց կարող է թվալ, որ սրբերն առանց ընկնելու, առանց անկումների ու վերելքների, ապրել են ու սրբացել։ Սակայն Սուրբ Գրքում սրբերին տեսնում ենք, թե ինչպես նրանք ընկնում են մեղքերի մեջ և Աստծու օգնությամբ ու ներմամբ բարձրանում և մաքրվում։
Աբրահամը գերարացիների արքա Աբիմելեքին ասում է, որ Սառան իր քույրն է, և Աբիմելեքը կնության է առնում Սառային։ Սակայն Աստված Աբիմելեքին հայտնում է ճշմարտությունը, և թագավորը Սառային վերադարձնում է Աբրահամին։ Աբիմելեքն ու իր ընտանիքն ազատվում են պատժից (Ծննդոց 20։1-18)։ Կարող է հարց առաջանալ։ Աբրահամը, որ անվերապահորեն հավատում էր Աստծուն, ինչո՞ւ է այդպես վարվում։ Պարզապես նա մարդկայնորեն վախեցավ և ստեց։ Սակայն Տերը նրան չլքեց և պաշտպանում էր նրան։
Դավիթ թագավորը, որպեսզի Բերսաբեին կնության առնի, նրա ամուսնուն՝ Ուրիային, ուղարկում է պատերազմ, որպեսզի նա այնտեղ սպանվի։ Դրանից հետո Աստված Նաթան մարգարեին ուղարկում է Դավթի մոտ։ Դավիթը զղջում է ու ապաշխարում իր հանցանքի համար, և Աստծուց ներում է գտնում։ Մարգարեն ասում է, որ նա կպատժվի. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի, բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնվելիք որդիդ պետք է մեռնի» (Բ Թագավոր․ 11, 12։1-23)։ Նրա նորածին որդին մահանում է։ Սակայն դրանից հետո Տերը Դավթին պարգևում է Սողոմոնին։
Եղիա մարգարեի մասին Սուրբ Հակոբոս առաքյալն ասում է. «Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց։ Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը» (Հակոբոս 5։17,18)։
Պետրոս առաքյալը երեք անգամ ուրացավ Հիսուս Քրիստոսին։ Հիշեց, որ Տերը իրեն զգուշացրել էր այդ մասին։ Ի տարբերություն Հուդայի՝ նա չհուսալքվեց, այլ զղջաց ու արցունքով սրբեց իր մեղքը, և Աստված ներեց նրան ու չզրկեց ժողովուրդներին քարոզելու իր առաքելությունից։
Աստված գիտի մարդկային տկարությունները և անողոք չէ։ Նա գթառատ Հայր է մեզ բոլորիս համար։ Չկա այնպիսի մարդ, որ զղջումով մոտենա Աստծուն, և Աստված չների նրան։ Անապատի հայրերից մեկը գնում է ծերերից մեկի մոտ և խոստովանում. «Հա՛յր, ընկա»։ Ծերն ասում է. «Ընկա՞ր, բարձրացի՛ր»։ Ճգնավորն ասում է. «Հա՛յր, նորից ընկա»։ Ծերը պատասխանում է. «Նորի՞ց ընկար, նորի՛ց բարձրացիր»։ Ճգնավորն ասում է. «Նորից ընկա»։ Ծերը խորհուրդ է տալիս. «Նորի՛ց բարձրացիր»։ Այնպես որ, սիրելինե՛ր, Աստծու ներումը զղջման և խոստովանության առջև սահմաններ չի ճանաչում։ Տերը գիտի մարդկային սխալական բնությունը և Իր Որդուն է զոհում մեզ հետ հաշտեցման համար։ Մի՞թե Աստված չներեց Տրդատ թագավորին Սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերին կտտանքների ու խարազանության ենթարկելու և ի վերջո նահատակելու համար և սուրբ Գրիգոր Լուսավորչին վիրապում տարիներ շարունակ պահելու համար։ Տրդատ թագավորը խոզի կերպարանք ստացավ, պատժվեց, սակայն ապաշխարեց ու սուրբ Գրիգոր Լուսավորչին հանելով վիրապից՝ նրա հետ միասին հայ ժողովորդին հեթանոսության խավարից դուրս բերեց դեպի Աստվածային ճշմարիտ լույսը։ Նրա փրկությամբ ճանապարհ հարթվեց ողջ ազգի փրկության համար։
Բոլոր սրբերն էլ իրենց անկումներն ու վերելքներն ունեցել են։ Սակայն նրանք համառ են գտնվել իրենց հավատքի ու սիրո մեջ։ Չեն նահանջել, չեն ընկճվել, չեն հուսահատվել, որովհետև գիտակցել են, որ Աստծու Միածին Որդու զոհաբերությունը ջնջում է ապաշխարության բովով անցած ցանկացած մեղք։ Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աղոթքում ասում է. «Բազմաբազում են մեղանչումներս, բայց հույժ նվազ են քո ներողության համեմատությամբ, հաճախական են չարություններս, բայց հաղթական է ամեն ինչի դեմ մարդասիրությունն ամենակալիդ», կամ՝ «Ինչպես կշռվի Քո խաչելության չարչարանքի հետ հեշտասիրական սանձարձակությունն իմ տկար մարմնի» («Մատյան ողբերգության», Բան ՀԴ)։ Այսինքն՝ Աստծու գամվելը խաչին ոչնչացնում է անգամ ամենանողկալի կրքերից ծնված մեղքերը, որոնց համար մարդը զղջում է, ապաշխարում և խոստովանում։
Թվում է, թե ճգնավորների համար, որոնք հեռացել են աշխարհի թոհուբոհից ու մարդկանցից, պետք է, որ ավելի հեշտ լիներ սրբանալը, սակայն նրանք էլ անապատներում ու քարայրներում մղել են և հաղթահարել իրենց խորհուրդների պատերազմը։ Այսօր շատ աղանդներ ժխտում են սրբության հնարավորությունը և սրբությունը բացառում են մարդկային կյանքից։ Այնինչ դրանով նրանք ոչ միայն ժխտում են մարդկային սրբությունը, այլև մերժում են Աստծու ողորմածությամբ սրբության հասնելու, մաքրվելու, չարի հնարքներին հաղթելու Աստծուց մարդուն պարգևված մեծագույն շնորհը։ Սրբությունը ինքնին նպատակ չի եղել սրբերի համար, այլ Աստծու հանդեպ ունեցած սիրո, հավատարմության, հնազանդության ու խոնարհության, աղոթքների ու ինքնազոհաբերության շնորհիվ նրանք առավել ու առավել մերձեցել են Աստծուն, մաքրվել ու սրբվել են իրենց մեղքերից, արժանացել են Երկնային Արքայության։ Արժանացել են օգնելու մարդկանց իրենց բարեխոսություններով, ինչպես որ երկրային կյանքում մարդկանց օգնել են իրենց աղոթքներով։
Ուստի, սիրելինե՛ր, եկեք աղոթենք Աստծուն՝ ապավինելով նաև սրբերի բարեխոսությանը, որպեսզի Տերը մեզ ևս պարգևի աննահանջ հավատք և անմնացորդ սեր Իր և մարդկանց նկատմամբ։ Օրինակ վերցնենք սրբերից՝ Աստծուն առավել մոտենալու, սիրելու և հնազանդվելու համար։ Սրբերի նման սրբվենք մեղքերից և առաքինանանք՝ ի փառս Սուրբ Երրորդության։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։
Տեր Վահան քհն․ Առաքելյան