25 Նոյեմբեր, Բշ
Երկու ծեր վանական էր ապրում մի խցում և նրանց միջև երբեք որևէ դժգոհություն չէր առաջացել: Սա տեսնելով՝ մեկը մյուսին ասաց.
- Եկ մենք էլ գոնե մի անգամ գժտվենք, ինչպես մարդիկ են անում:
Մյուսը պատասխանեց.
- Նույնիսկ չգիտեմ էլ, թե վեճն ինչպես է առաջանում:
Առաջինն ասաց.
- Մեր առջև մի կավե կճուճ կդնեմ ու կասեմ. «Իմն է», իսկ դու ասա. «Ոչ, քոնը չէ, իմն է»: Դրանից վեճ կծնվի, վեճից էլ՝ կռիվ:
Այսպես պայմանավորվեցին ու կճուճն իրենց առջև դրին: Մի ծերունին ասաց.
- Սա իմն է:
Մյուսը պատասխանեց.
- Իսկ ես կարծում եմ, որ իմն է:
Առաջինը կրկին ասաց.
- Քոնը չէ, այլ իմն է:
Այդժամ երկրորդը պատասխանեց.
- Եթե քոնն է, ապա վերցրու քեզ:
Եվ այդպես էլ վիճաբանության չհասան…
Իգնատի Բրյանչանինովի մեկնությունը.
Ահա՛ ըստ ավետարանական պատգամների և խոնարհությամբ ապրելու պտուղը: Սրան սովոր սիրտն ընդունակ չէ կռվարարության ու վեճերի, այն պատրաստ է ամեն տեսակի զիջումների գնալ՝ վեճ ու կռվից խուսափելու համար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի