Հոկտեմբերի 14-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/156 հասցեում բնակվող Բարսեղյան ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Լուսինե Բարսեղյանն (36 տ.) ասաց, որ իրենց քառանդամ ընտանիքից ինքը, ամուսինը և որդիներից մեկն առողջական մի շարք խնդիրներ ունեն: Լուսինեի մոտ ութ տարի առաջ հայտնաբերել են քաղցկեղածին չարորակ բջիջ, նախկինում մի քանի անգամ վիրահատված ամուսնու մոտ կրկին վիրահատության անհրաժեշտություն է առաջացել, իսկ 17-ամյա որդու մոտ մեկ տարի առաջ երիկամային խնդիրներ են ծագել: Կարիքավոր ընտանիքում ոչ ոք չի աշխատում և միայն ընտանեկան նպաստ են ստանում: Այդ պատճառով ի վիճակի չեն հոգալու թե՛ ամենօրյա և թե՛ բուժման հետ կապված ծախսերը, ուստի ցանկանում են վաճառել իրենց բնակարանը, որպեսզի հնարավորություն ունենան բուժման նպատակով մեկնելու արտասահման:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար):
Սբ. Պողոս առաքյալն ասել է. «Բարերարությունն ու կարոտյալներին ողորմություն տալը մի՛ մոռացեք, քանի որ Աստված այսպիսի պատարագներ է հավանում» (Եբրայեցիներ 13:16):
Անդրադառնալով սրբերի կյանքին՝ տեսնում ենք, որ նրանց կյանքը լի է եղել այդպիսի աստվածահաճո պատարագներով: Ողորմածության առաքինությամբ էին փայլում նրանք՝ սիրելով Աստծուն և մերձավորին: Մի օր ծխականներից մեկը խոր ճաշամանով հատապտուղ է տալիս մի բարեպաշտ վանականի: Վանականն ընդունում է այն, շնորհակալություն հայտնում և փոխանցում է մյուս եղբորը: Նա էլ իր հերթին մեկ ուրիշին… Այդպես այդ հատապտուղները, մեկից մյուսն անցնելով, վերադառնում են վանականի մոտ: Պատմությունը վկայում է, որ նրանք բոլորն ունեին Քրիստոսի միավորյալ ոգին: Այդ ոգին է միավորում բոլորին սիրո մեջ, համախմբում Քրիստոսի միավորյալ Մարմնում՝ եկեղեցում, որի գլուխն Ինքը՝ Քրիստոսն է: Այդ ոգով է հարուստ և հզոր եկեղեցին:
Կարինե Սուգիկյան