- Ասվում է․ «Ամեն մարդու վրա ընկել էր ահ և երկյուղ․․․» (Գործք․ 2։43), այսինքն՝ վախը պատել էր յուրաքանչյուր հոգու։ Այդ վախն ամենևին էլ վախ չէր,- պարզաբանում էր հայր Պորֆիրիոսը։- Դա մի այլ բան էր, ինչ-որ անծանոթ, անիմանալի մի բան, որը մենք չենք կարող արտահայտել։ Դա ակնածալից հուզմունք էր, լիություն, շնորհ։ Դա համակում էր Աստվածային շնորհով։
Հոգեգալուստին մարդիկ այնպես հանկարծակի հայտնվեցին աստվածացման վիճակում, որ շփոթվեցին։ Այդկերպ Աստվածային շնորհն իջնելով նրանց վրա՝ բոլորին խելքահան արեց բառի լավ իմաստով, ոգեշնչեց նրանց։ Դա մեծ տպավորություն է գործել ինձ վրա։ Դա ոգևորություն էր, հոգևոր խենթության վիճակ։
«Տներում էին հացը կտրում և ուրախությամբ ու սրտի պարզությամբ էին կերակուր ուտում: Օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում: Եվ Տերը օրեցօր փրկվածներին նրանց թվի վրա ավելացնում էր» (Գործք․ 2։46, 47):
Հացը կտրելը Սուրբ Հաղորդությունն էր։ Եվ փրկվողներն անընդհատ ավելանում էին, որովհետև բոլոր քրիստոնյաներին տեսնում էին ուրախ ու սրտի պարզությամբ Աստծուն օրհնաբանելիս։ Ուրախ ու պարզ սրտով՝ նույնն է, թե երկյուղ կար յուրաքանչյուր հոգու վրա։
Դա հենց ոգևորությունն է ու խենթությունը։
Ես էլ եմ նույնը զգում ու արտասվում, երբ ապրում եմ դրանով։ Մոտենում եմ այդ իրադարձությանը, ապրում դրանով, զգում, ոգևորվում և արտասվում։ Դա Աստվածային շնորհն է։ Դա է սերը Քրիստոսի հանդեպ։
Այն, ինչով ապրում էին առաքյալները՝ զգալով այդ ողջ ուրախությունը, հետագայում փոխանցվեց բոլորին, ովքեր գտնվել էին վերնատանը։ Այսինքն՝ նրանք սկսեցին սիրել իրար, ուրախանալ միմյանցով, միասնական լինել։ Այդ ներքին հոգևոր փորձառությունը վառ լույս է ճառագում, և դրանով ապրում են նաև ուրիշները։
«Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր: Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերը իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար հասարակաց էր» (Գործք․ 2։46, 47): Առաքյալների գործերը խոսում են համակեցական կյանքի մասին։ Այստեղ է Քրիստոսի խորհուրդը։ Դա է Եկեղեցին։ Ավելի լավ բառեր չկան առաջին Եկեղեցու նկարագրող։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը