Սեպտեմբերի 16-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու Զորավոր երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Վերադարձ» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գրքերի և հոդվածների հեղինակ, ՄԱԿ-ի աշխատակից Յուրա Ուդումյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով:
Վեց օտար լեզուներ տիրապետող յոթանասնամյա բանախոսը, որ աշխատանքային շրջագայություններից տասը օր է, ինչ վերադարձել է Հայաստան, երիտասարդներին ներկայացրեց բազմաթիվ ազգերի և ցեղախմբերի կենցաղն ու հավատալիքները: Բոլոր երկրներում պրն. Ուդումյանի համար մեծ պատիվ է եղել դասախոսությունից առաջ ներկայացնել հայ ազգի՝ որպես առաջին քրիստոնյա ազգի, պատմությունը: Բանախոսի աշխատանքային այցերը ոչ զարգացած երկրներ՝ բնակիչներին քաղաքակրթելու նպատակ են ունեցել: Բանախոսը շրջագայությունների ժամանակ այցելել է տարբեր ազգերի սրբավայրեր, ծանոթացել նրանց հավատալիքներին: Երիտասարդներին հետաքրքիր էր լսել այլակրոն ազգերի, ցեղախմբերի հավատալիքների փիլոսափայական մեկնաբանությունը: «Յուրաքանչյուր այլակրոնի համար իր կրոնն է ճշմարիտը»,- ասաց պրն. Ուդումյանը:
Երիտասարդների ակտիվ մասնակցությամբ բանախոսությունը վերածվել էր զրույցի: Երիտասարդներից մեկի այն միտքը, որ քրիստոնեությունն է միակ ճշմարիտ կրոնը, ուրախություն պատճառեց բանախոսին: Այլակրոն ազգերի, ցեղախմբերի հավանական և անհավանական հավատալիքների մասին լսելուց հետո երիտասարդաց միության անդամները հետևություն արեցին, որ բոլոր կրոնները նպատակ ունեն մարդուն դեպի փրկություն առաջնորդելու և ամրացան այն համոզման մեջ, որ իրենք հոգևոր կյանքի ճշմարիտ ճանապարհին են: Երիտասարդներն ուրախությամբ նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակ լինելը:
Զրույցի ավարտին Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց բանախոսին՝ հետաքրրքաշարժ բանախոսության համար և իր խոսքն ուղղելով երիտասարդներին՝ ասաց, որ իրենք՝ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ, փրկության ճշմարիտ ճանապարհով դեպի Կյանք են ընթանում: Բանախոսությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:
Կարինե Սուգիկյան