«Եկեղեցին մենք ենք». Երբ հագենում ես հոգևոր երգի մաքրամաքուր աղբյուրից

Ի՞նչ է երգը, ի՞նչ տարբերություն կա հոգևոր և եկեղեցական երաժշտության միջև:

Ներկաներին՝ Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության և համայնքի անդամներին, ուղղված վերոնշյալ հարցերով սկսեց իր բանախոսությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի հերթական հյուրը՝ Լոնդոնի հայկական օպերայի մենակատար, «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, Հայաստանի պետական կամերային երգչախմբի անդամ Վահե Բեգոյանը: Հանդիպման թեման էր «Հոգևոր երաժշտությունը մեր կյանքում»:

Վահե Բեգոյանն ուսումնառության իր ճանապարհը սկսել է գեղանկարչությունից, անցել հոգևոր կրթության ուղիով և հասել մինչև երաժշտության ասպարեզ. Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջից Սևանի Վազգենյանի հոգևոր դպրանոց, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը դեռ երկու տարեկան չկա: Նա ծնվել է, հիմնադրվել և «Սաղմոսերգու» անվամբ ներկայացել հանրությանը 2012թ-ի մայիսի 14-ին՝ Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման օրը: Այս եկեղեցում էլ երգչախումբը առ այսօր ստանձնել է Սբ. Պատարագի երգեցողությունը: «Սաղմոսերգու» կոչվեց, որովհետև դարերի ընթացքում սահմանված եկեղեցական երաժշտության ակունքները հասնում են մինչև Դավթի սաղմոսներ, որոնք էլ դարձել են հոգևոր առաջին երգերը: Երգչախումբը տարվա մեջ երկու համերգային ելույթներ է ունենում՝ կապված որևէ իրադարձության հետ: «Սաղմոսերգու»-ի երգացանկում ոչ միայն հայ, այլ նաև այլազգի և մեծ թվով ռուս հեղինակների արական երգչախմբի համար գրված հոգևոր երաժշտության խմբերգեր են ներառնված:

Հոգևոր և եկեղեցական երաժշտության տարբերությունը

Ըստ Վահե Բեգոյանի եկեղեցական երաժշտությունը հոգևոր երաժշտության մի ճյուղն է: Հոգևոր երաժշտությունը հոգևոր բովանդակությամբ է, իսկ եկեղեցական երաժշտությունը հստակ օրենքներով կանոնիկ արվեստ է, որն արտահայտված է նաև եկեղեցական նկարչության և տարազի մեջ ևս:

«Թեև պատմության ընթացքում մենք ունեցել ենք երգեր, որ չեն գրվել եկեղեցում երգվելու համար, բայց հետագայում ներառնվել են եկեղեցական երգասացության մեջ, օրինակ՝ «Առաւոտ լուսոյ»-ն կամ «Յիշեսցուք ի գիշերի»-ն, վերջինը Սբ. Ներսես Շնորհալին գրել է Հռոմկլա բերդի պահապանների համար և այսօր այն ամեն կիրակի երգվում է գիշերային ժամերգության ժամանակ»,- բացատրեց բանախոսը:

Եկեղեցական երաժշտության պատմությունից

Ներկայացնելով եկեղեցական երաժշտությունը՝ Վահե Բեգոյանն ասաց, որ այն ըստ իր բովանդակության բաժանվում է երեք մասերի՝ փառաբանողական, աղաչական և էպիկական (պատմվում է սրբի վարք կամ ավետարանական որևէ իրադարձություն): Եվ ամենաբարդը ըստ իրեն էպիկականն է: Եկեղեցական երաժշտությունը ի տարբերություն երաժշտության մյուս ճյուղերի կիրառական ժանրի երաժշտություն է, որն անբաժան է մեր եկեղեցու ծեսից:

Թե՝ ի՞նչ է վանքը հարցին, պատասխան հնչեց, որ այն ապրելակերպ է:

Իսկ Վահե Բեգոյանի ներկայացմամբ. «Վանքը ապրելակերպ է, գրելով այն չես կարող սերնդե սերունդ փոխանցել, այն կյանքի տեսակ է, աշխարհընկալում, աշխարհայացք, արժեհամակարգ, որ փոխանցվել է ուսուցչից աշակերտին բանավոր կերպով: Հազարամյակներով մշակվել է վանական կյանքը՝ այդ ավանդույթը, այդ առողջ բջիջը, որ

պահում է եկեղեցին առողջ և արթուն՝ ծաղկեցնելով եկեղեցական արվեստը: Բոլոր նշանավոր ստեղծագործողները վանականներ են եղել, ինչը պատահական չէ: Սբ. Գրիգոր Նարեկացու ծնունդը շատ բնական էր իր ժամանակին: Նշանավոր աստվածաբան, փիլիսոփա, եպիսկոպոս Խոսրով Անձևացու որդին էր նա, իսկ իր մորեղբայրը Անանիա Նարեկացին էր՝ Նարեկա վանքի վանահայրը: Յոթ տարեկանից Սբ. Գրիգորը վանքում է եղել: Ութ հարյուր տարվա կուտակված աղոթական էներգիան գեների հետ միասին ծնունդը տվեց Նարեկացուն: Ցեղասպանության ժամանակ վերացավ թե՛ վանքը, թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, թե՛ ականատեսը, իսկ այն քիչը, որ փրկվել էր Արևելյան Հայաստանում, վերացավ 1930- ական թթ-ին կոմունիստների ժամանակաշրջանում: Եվ եկեղեցական արվեստը գլոբալ «կոլապսի»՝ հանկարծակի անկման մեջ հայտնվեց»:

Ինչո՞ւ արական երգչախումբ

«Մեր եկեղեցական, ծիսական երաժշտությունն արական կերպար ունի, այն եղել է վանքի և վանական երաժշտություն: Սա բացարձակ դիսկրիմինացիա չէ, որովհետև մենք միջնադարում նշանավոր կին երաժիշտներ ենք ունեցել վանական, որ իրենց մոտ եկողներին, իրենց չտեսնելու համար, վարագույրի հետևից են սովորեցրել շարականներ: Այսօր կաղապարվել է հոգևոր երաժշտության պատկերացումը: Եվ պատահական չէ, որ Մակար Եկմալյանը չորս պատարագ ունի գրված, որից երկուսը արական երգչախմբերի համար են, մեկը՝ եռաձայն, մյուսը՝ քառաձայն: Կոմիտասի ամբողջական պատարագը, որ մեզ հասել է, արական երգչախմբի համար է գրված: Ժամերգությունը անցկացնում է տղամարդը, բնականաբար երգեցողությունն էլ է տղամարդու: Իմ ցանկությունն էր, որ ունենայինք մի եկեղեցի, որտեղ լիներ արական երգեցողություն, մաքսիմալ կերպով մարդկանց ականջին սովորական դարձնելով, որ «Սուրբ, Սուրբ»-ը պարտադիր չէ, որ կին երգի: Եկեղեցում երգող շատ աղջիկներ ոչ թե իրենք են երգում, այլ փորձում են նմանակել Լուսինե Զաքարյանին»,- ասաց Վահե Բեգոյանը:

Երգի մեջ երաժշտությունից առավել կարևոր են երգի բառերը

Եկեղեցական երաժշտության բովանդակության երեք՝ փառաբանողական, աղաչական և էպիկական մասերով է պայմանավորվել երգի կատարման ձևը:

«Երաժշտությունը միայն նոտաները չեն, կարևոր են նաև երգի բառերը: Եվրոպական կրթություն ունենալով՝ Կոմիտասը երբեք չի գործածել օտար տերմիներ: Նա պատարագի մեջ, օրինակ գրում է անհայտանալով, սրանք նյուանսներն են, որ պայմանավորում են երգի բովանդակությունը, ասելիքը»,- հավելեց Վահե Բեգոյանը:

Հոգևոր երաժշտությամբ զբաղվել ցանկացողներին օրվա հյուրը խորհուրդ տվեց նախ ուսումնասիրել գրաբարը. «Մեր շարականագիրները թե՛ տեքստի, թե՛ երաժշտության հեղինակներն են և անհնար է առանձնացնել երաժշտությունը տեքստից: Կարևոր է երգել հասկանալով, վերլուծելով, տրամաբանելով, չնմանակելով, քանի որ եկեղեցական երաժշտությունը աղոթք է, մի՞թե հնարավոր է նմանակելով աղոթել»:

Կոմիտասը և եկեղեցական երաժշտությունը

Հանդիպմանը Վահե Բեգոյանը, Կոմիտաս վարդապետի մեծ ավանդին անդրադառնալով, ասաց, որ ըստ որոշ վկայությունների նա գրել է տասներկու պատարագ: Մեզ հասել է Կոմիտասի աշակերտ Վարդան Սարգսյանի վերականգնումով պատարագը: Հետագայում այն խմբագրվել է հայ երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանի կողմից, ով նաև կազմել և խմբագրել է Կոմիտասի երկերի ակադեմիական հրատարակությունը:

Բանախոսը Կոմիտասին չի կերպավորում «Դլե Յաման»-ով և «Գարուն ա ձուն ա արել»-ով, առավել ևս նշելով, որ այդ երգերը ցեղասպանության հետ ոչ մի կապ չունեն, այլ սիրային երգեր են: Կոմիտասի իրական կերպարը նա տեսնում է Սբ. Պատարագի մեջ, քանի որ ժողովրդական երգերը ի տարբերություն եկեղեցական երաժշտության, այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ երաժշտություն չեն: Իսկ Սբ. Պատարագը Կոմիտասի մշակմամբ միջնադարյան պրոֆեսիոնալ դպրոցի ստեղծագործության գագաթն է:

Իսկ Կոմիտասի սրբադասման հարցը շատ բնական է համարում՝ ասելով, որ ժողովուրդը նրան վաղուց է սրբացրել: Եթե Սբ. Գրիգոր Նարեկացու, Սբ. Ներսես Շնորհալու ծնունդները Վահե Բեգոյանը բնական է համարում տվյալ ժամանակի համար, ապա Կոմիտասի գոյանալու համար նա նշում է, որ ոչ մի նախապայման չկար: Այլ հակառակը. «Կար ամեն ինչ, որ Կոմիտասը չգոյանար. ծնվել է Կ. Պոլսի բացարձակ թուրքական միջավայրում, խոսել է թուրքերեն, եղել է որբ, իրեն խնամել է կույր հորաքույրը, մինչև տասներկու տարեկան նա, չհասկանալով շարականների բովանդակությունը, ուղղակի երգել է եկեղեցում: Եվ հանկարծ այդ երեխան դառնում է այն անձը, որ հայ երաժշտությունը, մեծ մաղով մաղելով, թողել է միայն հայկականը: Կոմիտասը հայկական երաժշտությունից այնքան քրդական տարրեր է հանել, որ դա դարձել էր նրա դիպլոմային աշխատանքը Բեռլինում ուսումնառության տարիներին: Հանկարծ գոյանում է Կոմիտաս, ով ստեղծագործելուց բացի, դարձավ կամուրջ՝ մեզ տանելով մինչև վաղ միջնադար: Եթե մենք այսօր ունենք Սբ. Մեսրոպ Մաշտոցի, Սբ. Գրիգոր Նարեկացու, Սբ. Ներսես Շնորհալու շարականներն ու հոգևոր երգերը, ապա պարտական ենք Կոմիտասին դրանք վերծանելու համար: Կոմիտասի գոյանալը դա մեծագույն հրաշքն է Աստծո կողմից մեզ պարգևած»:

Այնուհետև հնչեցին տարբեր հարցեր Սբ. Պատարագի երգեցողության, ինչպես նաև նախկինում եկեղեցիներում երգչախմբերի առկայության մասին: Վահե Բեգոյանը, պատասխանելով հարցերին, ներկայացրեց, թե ինչպես է ճիշտ հնչում «Սուրբ, Սուրբ»-ը, «Հայր մեր»-ը, նշելով, որ եղել է ժամանակ, որ եկեղեցում չի եղել երգչախումբ, այլ ժողովուրդն է երգել: Ինչպես նաև ժամանակին եղել է թիվ պատարագ հասկացողությունը, երբ ժողովուրդը, ներկա լինելով, պարզապես արտասանել է:

Ամփոփելով բանախոսությունը՝ Վահե Բեգոյանը նշեց. «Պետություն չունենալով՝ հայ ենք մնացել և դրա գաղտնիքը նրանում է, որ ծնողը իր երեխային փոքրուց տարել է եկեղեցի, և երեխան այդ տարիքից երգել է «Առաւոտ լուսոյ»-ն»:

Մեկ ու կես ժամ տևած հանդիպումը միության և համայնքի անդամների համար արագ ու աննկատելի անցավ: Համայնքի անդամներից Կարինեի համար այս հանդիպումը առավել հետաքրքրություն առաջացրեց հոգևոր և եկեղեցական երաժշտության հանդեպ, մեծ ինֆորմացիա տվեց:

«Հոգևոր մշակույթի հետ կապված յուրահատուկ և նորովի էին ինձ համար այսօրվա հյուրի մեկնաբանությունները»,- ասաց երիտասարդաց միության անդամ Հայկը:

Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու երգչախմբի երգչուհի Լիլիթը տպավորված էր. «Ես որպես երաժիշտ մեծ ինֆորմացիա ստացա թե՛ հոգևոր երաժշտության, թե՛ Կոմիտասի մասին»:

Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանը ներկաների հետ միասին շնորհակալություն հայտնեցին Վահե Բեգոյանին հրավերքն ընդունելու, հետաքրքիր բանախոսության և քննարկման համար: Վահե Բեգոյանը նույնպես իր շնորհակալությունը հայտնեց հրավերքի համար:

Հաղորդ լինելով մեր հոգևոր և եկեղեցական երաժշտության գանձարանի պատմությանը՝ յուրաքանչյուր հայի համար անհրաժեշտություն է դառնում վերստին գտնելու, ճանաչելու և մաքուր պահելու դարերի խորքից դեպի մեզ բխող զուլալ և մաքրամաքուր հոգևոր երգի աղբյուրները:

«Սաղմոսներն ու շարականները քաղցրացնում են ժողովրդի լսողությունը, որպեսզի նրանց մտքերից մաքրվեն մարմնական հոգսերը, և երգերով միանան Աստծու հետ» (Հովհաննես Արճիշեցի):

 

Կարինե Սուգիկյան

02.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․