28 Նոյեմբեր, Եշ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ` Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, Մեծ պահքի շրջանում, շարունակում է իրականացնել իր սոցիալական ծրագրերը: Այդ ծրագրերի շրջանակներում՝ եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին իր հերթական այցն ունեցավ Մարգարյան 2-րդ նրբանցքի 13-րդ շենքի 10-րդ բնակարանում ապրող անապահով բազմազավակ ընտանիքին: Ինը հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է մեկ սենյականոց բնակարանում: Վեց զավակների մայրը՝ 35-ամյա Ավետիսյան Լուիզան, ասաց, որ բնակարան ստանալու խնդրանքով բազմիցս են դիմել պետությանը, բայց մնացել են անարձագանք: Տեր Հայրն ընտանիքի համար բժշկության աղոթք կարդաց և հանձնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ և հիգիենայի պարագաներ: Բազմազավակ ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բոլոր այն անձանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց ընտանիքին:
Ողորմածությունը, ինչպես նշեց Տեր Գրիգորը, աստվածահաճո այն առաքինություններից մեկն է, որ սրբում ու մաքրում է մարդու հոգին՝ մոտեցնելով Երկնային Բարեգութ Հորը: Տեր Հայրը կարևորեց մի հանգամանք, որ պետք է մտապահի յուրաքանչյուր անձ. «Ամենն ինչ ունենք՝ մերը չէ, այլ՝ ողորմած Աստծո շնորհներն են, որ պարգևվել են մեզ, որպեսզի Աստծո մյուս զավակներին էլ բաժին հասցնենք: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. «Մի՞թե ունեցվածքդ քեզ է պատկանում: Քեզ վստահված է աղքատների հասանելիքը, թեկուզև դրանք ձեռք ես բերել արդարների աշխատանքով, թեկուզև ժառանգություն ես ստացել հորիցդ: ...Մի՞թե Աստված քեզնից չի կարող ամեն ինչ խլել: Բայց Նա դա չի անում՝ քո կամքին թողնելով կարիքավորների նկատմամբ քո ունեցած առատաձեռնությունը»:
Եկեղեցական համայնքային կյանքում սիրո գործնական յուրաքանչյուր արտահայտություն է՛լ առավել է ամրացնում և զորացնում համայնքը՝ պտղաբեր դարձնելով ամեն տեսակ բարի գործերի համար:
Կարինե Սուգիկյան