Եկեղեցու հերթական աջակցությունն արև երեխաների ընտանիքներին

Աստվածային սիրո միջոցով կյանքի կոչվեց մարդկանց միավորող առաքինությունը՝ եղբայրասիրությունը: Ճշմարիտ կրոնի տարբերակիչ նշանն այն է, որ մարդ-Աստված ներդաշնակ հարաբերությամբ ներդաշնակվում է նաև մարդ-մարդ հարաբերությունը: Ինչպես մագնիսը ոչ միայն դեպի իրեն է ձգում երկաթը, այլև մետաղին հաղորդում է զորություն դեպի իրեն ձգելու մերձակա երկաթե մասնիկները, այնպես էլ սերը, որ առաջնորդում է մարդուն առ Աստված, վերականգնում է կապը մարդկանց միջև: «Կրոնի էությունը սերն է առ Աստված և առ ընկերը: Ինչպես Քրիստոսի անձնավորության մեջ կրոնն ու բարոյականությունը, մարդասիրությունն ու կարեկցանքն անքակտելի միություն են կազմում, այդպես և՝ քրիստոնեական կրոնի մեջ: Եվ եկեղեցին սիրո այս առաքելությունը կատարեց պատմության մեջ չտեսնված և չլսված անօրինակ եռանդով՝ հենց իր ծագման առաջին օրերից հետագա սերունդների համար նմանողության գեղեցիկ օրինակ տալով: Նա հանդես է գալիս որպես հավասարների, եղբայրների մի միություն՝ շաղկապված գաղափարի և սիրո կապակցությամբ»,- ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը:

Սիրո առաքելությանը հավատարիմ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր իրագործում է մի շարք սոցիալական և բարեգործական ծրագրեր՝ համավարակի կանխարգելման և առաջ բերած հետևանքները հաղթահարելու նպատակով։ Այդ ծրագրերից մեկն է պարենային սննդամթերքի փաթեթների տրամադրումը, որի շրջանակում մայիսի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Դաունի համախտանիշ ունեցող վաթսուն երեխաների ընտանիքիներին փոխանցեց սննդի փաթեթներ: «Արև-երեխաներ» ՀԿ-ին անդամագրված այս ընտանիքները, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրենց երախտագիտությունը հայտնեցին Վեհափառ Հայրապետին՝ հայրական հոգածության և ուշադրության համար:

 

Կարինե Սուգիկյան

26.05.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․