- Կարևոր է մտնել Եկեղեցի, դրա մասը դառնալ։ Ինչպե՞ս,- հարցրեց հայր Պորֆիրիոսը։- Հարկավոր է միավորվել մերձավորներին՝ բոլորի ուրախություններով ու տխրություններով հանդերձ։ Ընդունենք նրանց որպես մեր հարազատների, աղոթենք բոլորի համար, սրտով ցավենք նրանց փրկության համար և մոռանանք ինքներս մեզ։ Նրանց համար անենք ամեն ինչ, ինչպես և Քրիստոս արեց մեզ համար։ Եկեղեցում մենք մեկ ընդհանուր ենք դառնում յուրաքանչյուր դժբախտի, տառապողի ու մեղավորի հետ։ Չէ որ մենք միասնական ենք անգամ նրանց հետ, որոնք հեռու են Եկեղեցուց։
Ոչ մեկը չպետք է միայն իր փրկությունը ցանկանա՝ առանց մյուս մարդկանց փրկության։ Սխալ է աղոթել [միայն] քեզ համար, որպեսզի ինքդ փրկվես։ Մենք պետք է սիրենք այլոց և աղոթենք, որպեսզի ոչ մեկը չկործանվի, որպեսզի բոլորը մտնեն Եկեղեցի։ Ահա թե ինչն է քրիստոնեավայել ու վեհանձն։ Եվ այդ ցանկությամբ է պետք դուրս գալ աշխարհից՝ մտնելու վանք կամ անապատ։
Երբ մենք տարանջատում ենք մեզ բոլորից, մենք քրիստոնյա չենք։ Իսկ ի՞նչն է մեզ տարանջատում։ Փողը․․․ Մենք այն ժամանակ ենք ճշմարիտ քրիստոնյա, երբ խորը զգացում ունենք, որ մենք Քրիստոսի խորհրդավոր մարմնի՝ Եկեղեցու անդամ ենք՝ կապված սիրով․․․
Սակայն Քրիստոս, Ով «անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մտթ․ 5։45), ասում է մեզ․ «Սիրեք ձեր թշնամիներին» (Մտթ․ 5։44): Ուստի ցանկանանք բոլորս միասին լինել, միասին լինել Աստծու հետ։ Եթե դա վերապրենք սեփական օրինակով, ապա համապատասխան արդյունքներն էլ կունենանք, բոլորս կսիրենք իրար, կլինենք միասնական։
Աստծու մարդկանց համար տարածություն գոյություն չունի, թեկուզ և դա հազարավոր կիլոմետրեր լինեն։ Բոլորս միասին ենք, որտեղ էլ որ գտնվենք։ Որքան էլ հեռու լինեն մեր մերձավորները, մենք պետք է նեցուկ լինենք նրանց։
․․․․Երբ մեզ միավորում է Քրիստոս, տարածություն գոյություն չունի։ Երբ ես հեռանամ այս կյանքից, ավելի լավ կլինի։ Ես ավելի մոտ կլինեմ ձեզ․․․
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը