30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

Եկեղեցում մեր միակ խոսակիցն Աստված է

Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում հոգու պահանջ է և անհրաժեշտություն եկեղեցի այցելել ու պարբերաբար մասնակից լինել եկեղեցական արարողություններին: Աստծո տունն աղոթքի տուն է, որտեղ մենք, հանդիպելով Աստծուն, վայելում ենք Նրա ներկայությունը: Եկեղեցի հաճախող յուրաքանչյուր մեկը պետք է փորձի ծանոթանալ և կատարել այն կանոնները, որ վերաբերում են եկեղեցի հաճախողներին, որպեսզի իրենց պահվածքով որևէ կերպ չվիրավորեն Տիրոջը, տաճարի սրբությունը և աղոթող անձանց հոգևոր զգացումները:

Աղոթքի տանը, առավելապես Սբ. Պատարագի ժամանակ, պետք է լինի խոր լռություն: Քանի որ. «Տերն Իր սուրբ տաճարի մեջ է: Նրա առջև լուռ եղիր, ով երկիր» (Ամբակում 2:20): Ինչպես նաև՝ «Լռությունից միտքը կետրոնանում է ինքն իր մեջ, իսկ շատախոսությունից այն ցրվում է» (Աբբա Եսայի): Հավատացյալներն արարողության ժամանակ հարկ է ուշադիր, ներամփոփ վիճակի մեջ լինեն և պատրաստ՝ աստվածային սիրո և զոհաբերության մեծ խորհուրդին մասնակիցը դառնալու: Բայց երբեմն-երբեմն աղոթքի լռությունը խաթարվում է մարդկանց ոչ տեղին խոսակցություններով: Եկեղեցու հայրերի խրատն այս առումով խիստ է: Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է. «Աղոթքի վայրում պետք չէ զրուցել, որովհետև սատանային է խոսակից նա, ով զրուցում է: Քանի որ մեր խոսակիցն այստեղ Աստված է, իսկ Նրան թողնել և ուրիշ մեկի հետ զրուցել պատշաճ չէ»: Իսկ Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է՝ մի՞թե տուն չունեք նման ոչ տեղին խոսակցությունների համար:

Առաջին հերթին դա անհոգ վերաբերմունք է եկեղեցուն և անուշադրություն՝ աստվածպաշտությանը, ինչը վիրավորում է Աստծուն:

Երկրորդ հերթին դա կոպիտ և աննրբանկատ վերաբերմունք է աղոթողների հանդեպ՝ նրանց ուշադրությունը շեղելով արարողության ժամանակ հնչող աղոթքներից:

Սբ. Պատարագի արարողությանն իրապես մասնակցողների համար թանկ է յուրաքանչյուր րոպեն, որ հոգևոր ուրախության, մխիթարության և օրհնության րոպեներ են: Եվ մի՞թե որևէ մեկն իրավունք ունի խլելու այդ րոպեները դիմացինից:

Ուստի եկեղեցում ծանոթի տեսնելով ուղղակի պետք է թեթևակի ողջունել՝ որևէ հարց չտալով և խոսակցության մեջ չմտնելով: Պետք է աղոթել եկեղեցում որպես արարողության մասնակից, այլ ոչ թե մեկը, որ ներկա է միայն արարողությանը:

Իսկ արարողությունից ուշացած մեկը պետք է եկեղեցի մտնի լուռ և երկյուղածորեն՝ որպես Աստծո տուն, որպես Երկնավոր Հոր խորհրդավոր բնակարան:

Սբ. Պատարագի ընթացքում հնչող աղոթքները, շարականները նպաստում են, որ յուրաքանչյուրի աղոթքը դառնա բոլորի աղոթքը: Եվ սարկավագն այդ ընթացքում հրավիրում է հավատացյալներին, որ իրենց միտքը բարձրացնեն առ Աստված: Նաև զգուշացնում է, որպեսզի զգույշ ու պատրաստ լինեն հոգու դռների պահպանության համար, որոնք են զգայարանները՝ աչքը, ականջը և այլն: Թեպետև այս պատարագումը երկրի վրա է կատարվում, բայց իրականում երկնքում է:

Սարկավագը ժողովրդին հոգեպես նախապատրաստում է մեծագույն խորհրդին և հորդորում է մեծ երկյուղածությամբ, կատարյալ հավատով և սիրով կանգնել Աստծո Սեղանի առջև և աղոթել, որովհետև մոտենում է հացն ու գինին Քրիստոսի Մարմնի և Արյան վերածվելու սրբազան և խորհրդավոր պահը: Ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի՝ Սուրբ Հաղորդության խորհուրդը «ներկայացնում է մի պահ, երբ երկինքը բացվում է և հրեշտակներն են իջնում»:

Փոթորկոտ այս աշխարհում եկեղեցին յուրաքանչյուրի համար փրկության տապան է, այն վայրն է, ուր կյանքի քամիներն ու փոթորիկները մեղմանում են, սաստկաշունչ մրրիկները հանդարտվում են, ավերակները վերականգնվում են: Եվ անփութորեն մեզ պահելով եկեղեցում՝ զրկվում ենք այն խաղաղությունից, որ միայն Աստված կարող է տալ: Իսկ այն մարդիկ, ովքեր ականջալուր և հաղորդակից են Աստծո խոսքի զորությանը, պատսպարված են Տիրոջ այն նավի մեջ, որ երբեք չի խորտակվելու:

 

 

Գայանե Սուգիկյան

25.05.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․