23 Դեկտեմբեր, Բշ
Նոյեմբերի 10-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ էկումենիկ աղոթք: Արարողությանը մասնակցելու էին եկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվիայի դեսպանները, դեսպանատների աշխատակիցները և եվրոմիության նախագահը:
Մինչ արարողությունը սկսելը՝ այն հարցերին, թե ո՞րն է այսօրվա էկումենիկ աղոթքի նպատակը և ի՞նչ հաճախականությամբ են նման արարողություններ Հայ եկեղեցում կատարվում, Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը պատասխանեց. «Հայ իրականության մեջ նորություն չեն միջեկեղեցական արարողությունները, քանի որ էկումենիկ շարժման ձևավորումից 1950-ական թթ. սկսյալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր սփյուռքի թեմերով ակտիվորեն մասնակցել է էկումենիկ աղոթքներին: Տարբեր առիթներով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևոր պետերի այցելությամբ բազմիցս անցկացվել են էկումենիկ աղոթքներ: Իսկ այսօրվա աղոթքը մասնավոր է. այն խաղաղության ուղերձ է ուղղված աշխարհին: Առաջին համաշխարհային պատերազմից անցել է հարյուր տարի, որի ժամանակ մեր ժողովուրդը ցեղասպանվեց, հայրենազրկվեց: Աշխարհի շատ երկրներ, հատկապես Գերմանիան, Մեծ Բրիտանիան այս պատերազմում զգալով իրենց մեղքի չափն ու բաժինը, նախաձեռնում են նման աղոթքներ: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման նախաշեմին՝ այսօր հանուն համերաշխության և խաղաղության էկումենիկ աղոթքով ոգեկոչվեց առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի տարելիցը: Աղոթելով նաև նահատակների համար՝ խնդրենք Աստծուն, որ խաղաղություն լինի Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում, քանի որ պատերազմը մեծագույն չարիք է»:
Էկումենիկ աղոթքի ընթացքում հնչեցին շարականներ, անգլերեն լեզվով ընթերցվեց աղոթքներ, նաև Սուրբ Գրային մեջբերումներ, որոնք խաղաղության կոչ էին անում և պատգամում, խոնարհ լինելով, նույն վերաբերմունքն ունենալ բոլորի հանդեպ, աշխարհի տված խաղաղությունից տարբեր Քրիստոսի թողած խաղաղության մեջ ապրել՝ վրեժն ու դատը թողնելով Աստծուն (Հռոմեացիներ 12.16-19; Հովհաննես 14.27-31):
Անգլիկան եկեղեցու քահանա Ջոն Բարկերը ընթերցեց Եվրոպայում Անգլիկան եկեղեցու թեմի եպիսկոպոս Ռոբերտի անձնական ողջույնը ուղղված ներկաներին, որոնց միավորել էր խաղաղության աղոթքը: Ողջույնի խոսքում ասվում էր, որ նոյեմբերի 10-ին ողջ աշխարհում Անգլիկան եկեղեցին, ոգեկոչելով Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի տարելիցը, աղոթում է աշխարհի խաղաղության համար: Անգլիկան եկեղեցին ողջ հոգով աղոթում է թե՛ Հայաստանի, թե՛ ամբողջ աշխարհի խաղաղության համար, քանի որ իրենց առաքելությունն է պայքարել ամեն տեսակի բռնության դեմ հանուն խաղաղության:
Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը դեռևս սարկավագական տարիներից ակտիվ մասնակցություն է ունեցել էկումենիզմի հոգևոր կյանքին: Հովհաննես Պողոս 2-րդ Պապը նրան համարել է «էկումենիզմի ռահվիրաններից մեկը»:
Ըստ Գարեգին Ա կաթողիկոսի՝ էկումենիզմը հոգևոր իրողություն է, սիրո դրսևորում, երկխոսություն. «Պետք է ուշադրություն դարձնել նրան, ինչը էկումենիկ շարժման մեջ միավորում է բոլոր եկեղեցիներին, քանի որ միությունը եկեղեցու կյանքի ու գործունեության առանցքակետն է: Դա է ինձ համար էկումենիզմի, եթե կարելի է այսպես ասել, իսկական ռազմավարությունը, որը և մեզ պետք է օգնի մտնելու երրորդ հազարամյակ»:
Էկումենիկ ոգուն հավատարիմ՝ էկումենիկ համատեղ աղոթք հնչեց հանուն խաղաղության, Սբ. Պողոս առաքյալի պատգամի համաձայն՝ «Համերաշխ և խաղաղությամբ ապրեցեք միմյանց հետ, և այն ժամանակ խաղաղության ու սիրո Աստվածը պիտի լինի ձեզ հետ» (Բ Կորնթացիներ 13.11):
Կարինե Սուգիկյան