Յուրաքանչյուր անձ բարին արարելու հնարավորություն ունի, որ իրեն շնորհված է Տիրոջ կողմից: «Աստված մարդուն տալիս է այնքան, որքան անհրաժեշտ է նրան և նաև նրա համար, որպեսզի կարողանա բարին գործել»,- ասել է Սիմեոն վանականը: Սաղմոսերգուն էլ երանի է տալիս նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին՝ նշելով, որ փորձանքի օրը Տերը կփրկի նրան (Սաղմոս 40:2):
Բարին արարելու մեծ պատրաստակամությամբ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է սոցիալական ծառայության իր ուղին, որի շրջանակներում, սեպտեմբերի 5-ին, հերթական տնայցն ունեցավ Էջմիածին քաղաքում: Մաշտոցի 28/12 հասցեում վարձակալությամբ բնակվող սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքի չորս զավակները դեռ դռան շեմից մեծ ոգևորությամբ և ուրախությամբ դիմավորեցին Տեր Գրիգորին և համայնքի անդամներին: Բազմազավակ ընտանիքը բազմաթիվ հոգսեր ունի: Ընտանիքի մայրը՝ Հովսեփյան Զեմֆիրան (36 տ.), ամուսնու մահից հետո արդեն հինգ տարի է, ինչ միայնակ է խնամում իր չորս զավակներին: Երեխաներից Մարիամ Տիգրանյանը (12 տ.) մանկուց հաշմանդամ է և հաճախում է Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Nº 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Զեմֆիրան նշեց, որ ընտանեկան նպաստով ինքը կարողանում է միայն տան վարձը վճարել:
«Չեմ ցանկանում, որ իմ երեխաներն աղքատության ճիրաններում ապրեն, աղքատության պիտակը կրեն: Մեծ աղջիկս՝ Նոյեմի Տիգրանյանը (14 տ.), մասնագիտության ընտրության նախաշեմին է և ջանք չեմ խնայի, որպեսզի աղջիկս հասնի իր նպատակին»,- ասաց Զեմֆիրան: Բազմաթիվ հոգսերի մեջ ընտանիքի մայրը ժամանակ է գտնում ուսանելու, որպեսզի հետագայում աշխատանքի հնարավորություն ունենա սննդի ոլորտում:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնությունը (100 ԱՄՆ դոլար): Բազմազավակ մայրը զգացված էր այն ուշադրություն համար, որ ցուցաբերվեց իր ընտանիքի հանդեպ:
«Եթե քո հարստությամբ օգնես կարիքավորին, այդ կերպ քեզանից հետո կթողնես թանկարժեք քարեր, շքեղ առանձնատներ և այլ հարստություններ: Այդ դեպքում ամեն օր կհիշեն քեզ, մահից հետո էլ կգովաբանեն: Այդպիսի հիշողությունն անմահ է, այդպիսի հիշողությունը քեզ համար պատճառ է հանդիսանում հազարավոր գանձերի, այդպիսի հիշողությունը կթեթևացնի քեզ ծանր մեղքերից և Աստծո առջև կանգնելու խիզախություն կպարգևի: Քո մասին կխոսեն՝ անվանելով քեզ ողորմած, մարդասեր, բարի և առատաձեռն: «Բաժանեց նա ու տվեց աղքատներին. նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 111:9): Այդպես և լինում է հարստության հետ, երբ այն բաժանում ես, է՛լ ավելի է պահպանվում, իսկ պահելու դեպքում այն կործանում է անգամ տիրոջը»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:
Կարինե Սուգիկյան