Շատ մարդիկ երազներ տեսնելուց հետո առավոտյան շտապում են վերցնելու չգիտես որտեղից ձեռք բերված երազահանը` իմանալու, թե ինչ է նշանակում իրենց տեսած երազը։ Կամ էլ այն պատմում են ընտանիքի անդամներին, ընկեր-ընկերուհիներին` լսելու նրանց կարծիքը։ Բացահայտելու համար երազի իսկությունը, նախ տեսնենք, թե ինչպիսին է մարդկային քունը։ Ըստ մեծանուն փիլիսոփա Արիստոտելի` ամեն կենդանի արարած պետք է ննջի, որպեսզի արթնության ժամանակ կարողանա գործել։ Քունը նաև նրա համար է, որպեսզի երբեմն Աստված կամ հրեշտակները հայտնվեն մարդուն, ինչպես որ եղավ Հակոբի պարագային, երբ նա երազում տեսավ սանդուղքով իջնող և բարձրացող հրեշտակներին և սանդուղքի վրա` Տիրոջը (Ծննդ. 28.12-13)։ Քունը օգտակար է նաև նրա համար, որպեսզի մարդիկ իմաստանան, ինչպես որ Սողոմոնը գիշերը քնած ժամանակ երազի մեջ իմացավ Աստծո բարի խորհուրդները (Գ Թագ. 3.5, 11-14)։ Երազի մասին հոգեբանները շատ աշխատություններ և կարծիքներ են գրել։ Սակայն տեսնենք, թե ինչ են ասում աստվածային իմաստությամբ լի սրբերը։ Երազները լինում են չորս տեսակի` բնական, փոփոխական, դիվական և տեսլական։ Բնականն այն է, երբ մարդն իր մտահոգություններից կամ օրվա աշխատանքից մնացած հիշողական պատկերներ է տեսնում։ Փոփոխականն առաջանում է մարմնի տարրերի որոշ փոփոխման հետևանքով։ Օրինակ` երբ մարդու ջերմությունը բարձրանում է, մարդը դրա պատճառով երազներ, մղձավանջներ է տեսնում։ Դիվական երազները լինում են սատանայական չար ուժերի ազդմամբ` մարդկանց մոլորության մեջ գցելու համար։ Իսկ տեսլականի ժամանակ Աստված տեսիլքներով մարդուն որևէ կարևոր բան է հայտնում, ինչպես որ ասվում է. «Տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ» (Ծննդ. 12.6)։ Երազների մասին խոսելիս պետք է անպայման իմանալ, որ մարդկային հոգին բաղկացած է երեք մասից` տնկական, զգացական և բանական։ Քանի դեռ մարդն արթուն է, միտքը` բանական մասը, առաջնորդ է, և մյուս նշվածները սպասավորում են նրան։ Բայց երբ մարդը քնում է, առաջնորդ է դառնում հոգու տնկական մասը, որով լինում է կերակրի մարսումը և կարևոր նյութերի բաշխումը օրգանիզմին։ Քնի ժամանակ հոգու տնկական մասը ակտիվ գործում է, այդ իսկ պատճառով էլ մարդու քնած լինելը չի խանգարում կերակրի մարսողությանը և դրա հետ կապված այլ գործողություններին։ Քնի ընթացքում արդեն տնկականն է դառնում առաջնորդ, իսկ միտքը և զգացական մասը սպասավորում են նրան։ Դրա համար էլ երազները երբեմն այդքան խառնիճաղանջ են լինում։ Ընդհանրապես խորհուրդ է տրվում երազներին այդքան էլ ուշադրություն չդարձնել, որովհետև դրանք այնքան էլ հատկանշական բաներ չեն։ Աստվածաշնչում` Սիրաքի իմաստության մեջ, ասվում է. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու ետևից։ Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ` երազներ տեսնելը։ Ունայն են այն գուշակությունները, նշաններն ու երազները... Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, և դրանց վրա հույս դնողները խոտորվեցին» (Սիրաք 31.2-3, 5,7): Իսկ եթե երազն Աստծուց է, ինչը շատ հազվադեպ է լինում, ապա այն հատուկ ձևով կկրկնվի շատ անգամներ, և այդպիսի երազ տեսնելուց հետո պետք է անպայման խորհրդակցել հոգևորականի հետ` այն դիվական երազներից տարբերակել կարողանալու համար։ Այդ իսկ պատճառով երազահաններ ընթերցելու փոխարեն ընթերցեք սբերի վարքը կամ Աստվածաշունչը, որոնցից անհամեմատ ավելի մեծ օգտակարություն կարող եք ստանալ։ Երազը երբեմն նման է նաև մեղքին։ Օրինակ` եթե մարդը քնի մեջ սպանություն է տեսնում, վախենում է, բայց երբ քնած մարդուն մեկը իրականում ուզում է սպանել, ապա նա, անտեղյակ լինելով, ոչ մի երկյուղ չի զգում։ Ճիշտ այդպես էլ մեղավոր մարդը մահից կամ հետագայում Աստծո պատժից չի վախենում, սակայն վախենում է այս կենցաղի հետ կապված տարբեր խնդիրներից։ Սրա համար էլ մենք ճշմարիտը իմանալով` մեր սրտերում տեղ պատրաստենք Աստծո համար, որպեսզի հետագայում Աստված էլ մեզ տեղ տա Իր Երկնային Արքայության մեջ։
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից